Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական արձանագրությունները դեռ կարող են վերադառնալ խորհրդարան ու վավերացվել

Փետրվար 25,2015 13:24

«Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը ճիշտ որոշում էր: Ովքեր ասում են քնեցնել, նրանք պատկերացում չունեն միջազգային հարաբերությունների մասին, այլ հեքիաթներ պատմողներ են»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Aravot.am-ի հարցին՝ արդյոք հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչումը ճիշտ քա՞յլ էր, թե՞ վտանգ կա, որ այդ որոշումը մեր դեմ կօգտագործվի, և ճիշտ կլիներ դրանք ուղղակի քնեցնելը, այսպես պատասխանեց իրավաբան, պատմաբան, դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Ըստ նրա՝ խորհրդարանում այդ արձանագրությունների առկայությունն արդեն խոչընդոտ է, նշանակում է, որ մենք կասկածի տակ ենք դնում ցեղասպանությունը: Նա հիշեցրեց ենթահանձնաժողովի ստեղծման հարցը, որը պիտի անաչառ փաստերի հիման վրա ստուգեր պատմական խրթին վիճահարույց հարցերը: Պարոն Պապյանը նշեց. «Սիրուն փաթեթավորմամբ՝  ասում են, թե ստեղծենք հանձնաժողով, որ ցեղասպանության հարցը որոշի: Առավել ևս, եթե նշվում է՝ անաչառ փաստերի հիման վրա: Մենք հարցականի տակ ենք դնում նաև մինչև հիմա կատարած աշխատանքը: Արձանագրությունները ի սկզբանե սխալ են եղել. դա եղել է հակահայաստանյան փաստաթուղթ: Հինգուկես տարի մնալով խորհրդարանում՝ դրանք չվավերացրին, քանի որ երրորդ պահանջը Թուրքիայի այն էր, որ ՀՀ-ն Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին: Բայց այդ մասին մենք գիտեինք»:

Պարոն Պապյանը նկատեց, որ այդ արձանագրությունները լուրջ քննարկման առարկա չեն դարձել ԱԳՆ ներսում, ոչ էլ շահագրգիռ նախարարություններում: Արա Պապյանի կարծիքով՝ չգիտես որտեղից են հայտնվել այդ արձանագրությունները, հեղինակներն էլ պարզ չէ:

Հարցին՝ փաստաթուղթը հետ է կանչվել, բայց ստորագրությունները ուժի մե՞ջ են, պարոն Պապյանն ասաց. «Փաստաթղթերը հետ են կանչվել, նշանակում է դրանք մնում են: Իրավարար վճիռը ուժի մեջ մտած փաստաթուղթն է: Արձանագրությունները դեռ ուժի մեջ չեն մտել, քանի որ մտնում են վավերացումից հետո: Ցանկացած պահի դա կարող է կատարվել անկախ նրանից՝ խորհրդարանո՞ւմ, թե՝ ոչ: Մեր պաշտոնական դիրքորոշումը եղել է, որ Թուրքիայի վավերացումից հետո կվավերացնենք: Եթե Թուրքիան վաղը վավերացնի, եթե ստորագրությունները չեղյալ չեն համարվել, ապա կարող են ստորագրվել: Դա քաղաքական քայլ էր, ոչ իրավական»:

Պարոն Պապյանը նշեց, թե Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդառաջ միակ իրավական քայլը հռչակագրի ընդունումն է ու մտահոգություն հայտնեց. «Մենք ինչ-որ կրծքանշաններ ենք սարքում, գրքեր ենք տպագրում, բայց դա քանակական փոփոխություն է, ոչ թե որակական»: Օրինակ՝ թուրքերը տպելու են 30 հատորանոց ժողովածու՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այդ փաստաթղթերը հատ-հատ ընտրվելու են, պարզ չէ՞»:

Մեր հարցին՝ հետևաբար ժամանակին Սերժ Սարգսյանը այս արձանագրությունների ստորագրումը օգտագործել է միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ինքը լեգիտիմ նախագա՞հ է, պարոն Պապյանը պատասխանեց. «Դա կարող է լինել գործոններից մեկը: Մյուս գործոնը կարող է լինել Հայոց  ցեղասպանության 100-ամյակը, ուղերձ թուրքական կողմին: Այդ ամբողջ փաստաթուղթը երեք անգամ զգուշացումից հետո հետ է կանչվել, հիմա ամեն քայլ գործադրվում է  Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»:

Պարոն Պապյանը նշեց, որ ինքը բաց նամակով է  հանդես եկել Էրիկ Բուբինին, որում մասնավորապես ձևակերպել է իր պահանջը. «Ես սպասում էի, որ որևէ քաղաքական քայլեր կարվեին, բայց՝ ոչ: Իմ առաջարկը հստակ ձևակերպել եմ, որ վիլսոնյան Հայաստանի վրա  ստեղծվի միջազգային վերահսկողության տակ գտնվող մի վարչաձև, որտեղ ՀՀ-ի դե յուրե շահերը և Թուրքիայի դե ֆակտո շահերը կհամադրվեն և իրավունքներ մենք կունենանք այդտեղ և տեղաբնիկ ժողովուրդները»: Արա Պապյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության  ճանաչման ու հատուցման հարցով միայն հայտարարություններ ենք լսում և ոչ կոնկրետ գործողություններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728