ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Նախարարը շրջել է լսարաններում, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, մասնավորապես, հետաքրքրվել ուսանողներին մտահոգող խնդիրներով, նրանց ուսման առաջադիմությամբ և աշխատանք գտնելու հեռանկարով:
Արմեն Աշոտյանն այցելել է նաև բուհում տեղակայված Հայաստանում Բրիտանական Բիզնես դպրոց, ծանոթացել դպրոցի կրթական ծրագրերին և հնարավորություններին: Բիզնես դպրոցի կառավարիչ Լիլյա Հովհաննիսյանը նախարարին ներկայացրել է դպրոցում ուսման տևողությունը, ծրագրի առավելությունները, ընդունելության կարգը և դպրոցի վերաբերյալ այլ մանրամասներ: Այնուհետև նախարարը եղել է ՀՊՏՀ գրադարանում, ծանոթացել թվայնացման գործընթացին, գրադարանի տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը գրադարանի անձնակազմից հետաքրքրվել է՝ ինչ ծավալի գրականություն է թվայնացվում, որքանով է այն ուսանողներին հասանելի և այլն:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն