Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարաններում հոգեկան խնդիրներ ունեցողներին բուժում են, թե՞ ավելացնում խնդիրները

Փետրվար 25,2015 11:54

Մանուկյանների ընտանիքում հոգեբուժարանը  համարում են իրենց դժբախտությունների հիմնական պատճառը, երբ այլընտրանքային բուժման տարբերակների բացակայությունը՝ բաժանեց մորն ու չորս երեխաներին:

Ընտանիքի մայրը սոցիալական դժվարությունների հետևանքով առաջացած նևրոզը ստիպված էր բուժել հոգեբուժարանում, ինչը խաթարեց ոչ միայն մոր կյանքը, այլև մանկատանը հայտնված չորս անչափահասների ճակատագիրը… հոգեբուժարան- մանկատուն, փակ հաստատությունների այս շրջանը նրանց հասցրեց փակուղի, որտեղից նրանք մինչ օրս չեն կարողանում դուրս գալ:

«Խնդիրս իրականում այնքան բարդ չէր, բայց հետագայում ավելի բարդացավ հոգեմետ դեղերի, անընդհատ փակ հաստատությունում գտնվելու, այդ սարսափելի մթնոլորտում լինելու հետևանքով, եթե չգնայի, գուցե շատ ավելի արագ բուժվեի»,- ասում է Մարինեն (անունը փոխված է):

Մարինեն հիշում է, որ պարբերաբար բժիշկներից հարցնում էր չկա՞ն արդյոք այլ կենտրոններ, որտեղ բուժվելու ընթացքում ազատ կարող է լինել, բուժում ստանալ ու գնալ տուն, երեխաներին տեսնել, սակայն պատասխանը նույնն էր՝ դեռ ոչ:

«Ի վերջո, բժիշկներն իրենք էլ հաստատում էին, որ վտանգավոր չեմ, իմ տեղը հոգեբուժարանում չէ, բայց այլ տարբերակ չկար, հոգեկանս լրիվ խանգարվեց ամիսներ շարունակ հոգեբուժարանի սարսափելի կյանքի մեջ»,- ասում է Մարինեն:

Մանուկյանների օրինակը եզակի չէ, ոչ պաշտոնական տվյալներով այսօր հոգեբուժական հաստատություններում բուժվող և մշտապես փակ հաստատությունում գտնվող անձանց կեսից ավելին կարիք չունի գտնվելու հոգեբուժարանում, այլ հիմնականում կարիք ունեն խնամքի, պարզապես այլընտրանքի բացակայության պարագայում հաճախ միակ ճանապարհը դառնում է հոգեբուժարանը:

Հայաստանում առկա է 10 հոգեբուժարան և Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը: Երկրում պաշտոնապես գրանցված է 46 հազար հոգեկան առողջական խնդիրներով անձինք, ինչպես մասնագետներն են հավաստում` չգրանցվածների թիվն ավելի շատ է: Հայաստանում տարածված է  հոգեկան խանգարումները, շիզոֆրենիան և մտավոր թերզարգացումը:

Ընդհանրապես մասնագետները շեշտում են, որ ազգաբնակչության 5-ից 25 տոկոսի մոտ առկա է լինում հոգեկան որոշակի խնդիրներ` խոր կամ մակերեսային:

Կյանքի տարբեր փուլերում բոլոր մարդիկ ունենում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ցանկացած վիշտ, կորուստ, տրամադրության անկում և այլ երևույթներ կարող են առաջացնել սթրես, դեպրեսիվ վիճակ, թեկուզ կարճ ժամանակով, բայց դրանք նույնպես համարվում են հոգեկան առողջության խնդիրների դրսևորումներ:

Հոգեբուժության հայաստանյան ներկայիս համակարգը հիմնված է հիվանդանոցային բուժման վրա, համայնքային մակարդակով չեն մատուցվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ծառայություններ, թերի է կրթական ծրագրերը և հոգեբույժների վերապատրաստումները, որակյալ մասնագետների՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների ու բուժքույրերի խնդիր կա:

Ոլորտի խնդիրները կարգավորելու, նաև ժամանակակից միտումներին համընթաց քայլելու համար ՀՀ Կառավարությունը, Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների նախաձեռնությամբ, երկու կարևոր փաստաթուղթ է հաստատել` «ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19թթ-ի Ռազմավարություն» և հարակից այդ Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, ինչպես նաև Հոգեկան առողջության հայեցակարգ, որի ստեղծմանն աջակցել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը և այժմ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ միասին, աջակցում է նաև ռազմավարության մի քանի կարևոր գործողությունների` կրթական և համայնքային կենտրոնների ստեղծմանը:

Ռազմավարության կարևոր դրույթներից է համայնքային ծառայությունների հիմնումը, որի իրականացմամբ աստիճանաբար պետք է ստեղծվեն հոգեբուժական ծառայություններ մատուցող կենտրոններ համայնքներում՝ փոխարինելու փակ հոգեբուժական հաստատություններին:

Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն ասում է, որ կարճատև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար դժվար է վերականգնողական շրջանի կազմակերպումը և հաճախ նրանք ստիպված մնում են հոգեբուժարանում ՝ խորացնելով խնդիրները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում հոգեբուժարաններում բուժվող անձինք ավելի շատ խնամքի կարիք ունեն, քան հոգեբուժական հիվանդությունը հաղթահարելու:

«Անձը չպետք է մեկուսանա, պարփակվի պատերի ներսում, պետք է դուրս գա:  Բայց հաճախ հոգեբուժարանից դուրս գալով, հիվանդը չի պատկերացնում ինչպես դասավորել կյանքը, նախ խնդիրն իր հետ է, հետո՝ նաև շրջապատի»,- ասում է Բաղդասարյանը՝ պարզաբանելով, որ համայնքային ծառայությունների ձևավորման իմաստը հենց նրանում է, որ հոգեբանի, սոցիալական աշխատողի օգնությամբ հոգեկան խնդիրներ ունեցող անձը կարողանա երկարաձգել իր ռեմիսիայի շրջանը և վերականգնի հիվանդության սրացման ընթացքում կորցրած կենցաղային ու շփման հմտությունները:

Հոգեբուժարաններում տիրող խնդիրների ու բուժման խիստ, որոշ դեպքերում հնացած  մեթոդների, հակասանիտարական վիճակի մասին պարբերաբար բարձրաձայնում է  Մարդու իրավունքների պաշտպանը, ով ամիսներ առաջ էլ հայտարարեց, որ «իրավիճակը գրեթե չի բարելավվել, նույնիսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կատարած այցերից ու տված հանձնարարականներից հետո, չնայած կան որոշ դրական տեղաշարժեր»:

Ուսումնասիրություն և մշտադիտարկում էր  իրականացվել Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից,  2013-ի ընթացքում մշտադիտարկվել է 6 հոգեբուժական հաստատություններ, հարցազրույցներ են իրականացվել 180 հոգեկան խնդիրներ ունեցող անձանց և բուժհաստատությունների 136 աշխատակիցների հետ՝ հետազոտությունը պարզել էր, որ «իրավիճակն անմխիթար է և հրատապ փոփոխությունների անհրաժեշտություն կա»:

«Հետազոտությունը փաստել էր, որ բուժհաստատություններում բացակայում է պատշաճ բուժումն ու խնամքը  և այս պայմաններում ուղղակի անհնար է խոսել  հիվանդի վիճակի բարելավման, առավել ևս բուժման մասին»,- ասում է Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Մշտադիտարկումն ի հայտ բերեց նաև մեկ այլ խնդիր՝ իրավունքի զրկումն ու չարաշահման դեպքերը, ինչի մասին պարբերաբար խոսվում էր, սակայն իրավիճակի համալիր հետազոտություն չէր արվում:

Ըստ հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի` հոգեբուժական կենտրոններում բուժվող անձինք իրավաբանական տեսակետից բոլորովին անպաշտպան են հատկապես, երբ ճանաչվում են անգործունակ և խնամակալության են տրվում հարազատներին, որոնք որոշ դեպքերում  չարաշահում են իրենց իրավունքները՝ զրկելով հիվանդներին սեփականությունից, ունեցվածքից:

Hogeban-Lilit-Baghdasaryan

Լիլիթ Բաղդասարյան

«Նրանք հնարավորություն չունեն պատասխանատվություն կրել իրենց կյանքի և որոշումների համար, այդ իրավունքներն անցնում են խնամակալներին, այս կետով, անհրաժեշտ է որոշակի օրենսդրական բարեփոխումներ, առանց որի հնարավոր չի լինի ոլորտում փոփոխություններ անել»,- ասում է հոգեբանը:

Հոգեկան առողջության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների շարքում համայնքային կենտրոնների ստեղծումը համարվում է խնդիրների հիմնական մասի լուծման ճանապարհ:

«Հայաստանում հոգեկան առողջության խնամքի գործող համակարգը չի բխում մարդու իրավունքների, ազատությունների և արժանավայել վերաբերմունքի սկզբունքներից, հաճախ են խոշտանգման դեպքերն ու հարկադրական հոգեբուժական միջամտությունները, և հոգեկան խնդիրներ ունեցող անձինք ուղղակի զրկված են համայնքահեն ծառայություններից օգտվելու հնարավորությունից»,- ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հանրային առողջապահության ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյանը:

Anahit-Papikyan

Անահիտ Պապիկյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ Նարինե Խաչատրյանն էլ հավելում է, որ  հոգեկան առողջության հաստատություններում կյանքը տարբերվում է առօրյա կյանքից. դադարում է շփումը իրական կյանքի հետ և նրանք հայտնվում են այլ աշխարհում: Նյութական սուղ ռեսուրսներ ունեցող երկրում նման անձինք ավելի շատ խնդիրների հետ են բախվում և հայտնվելով բարդ պայմաններում` նրանց առողջական վիճակն ավելի է վատանում:

Նա ևս շեշտում ու կարևորում է վերականգնողական շրջանը, որի ընթացքում անձին պետք է մի շարք ծառայություններ մատուցել, որ նա աստիճանաբար ինտեգրվի կյանքին, ոչ թե մեկուսանա ընտանիքից ու հասարակությունից:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ ունենում են առողջ էլեմենտներ և բժշկությունն այժմ հույսը դնում է հենց այս ռեսուրսների վրա` օգնելով պացիենտին:

Hogeban-Narine

Նարինե Խաչատրյան

Նարինե Խաչատրյանը կարծում է, որ մարդկանց բուժումն ավելի արդյունավետ կլինի, երբ նրանց հետ աշխատեն մասնագետները և համապատասխան ծառայությունները, որը թույլ կտա հիվանդներին ապրել արժանավայել և լիարժեք կյանքով, և չնայած հիվանդության առկայությանը՝ տիրապետել որոշակի հմտությունների, որոնց միջոցով չեն մեկուսանա և աստիճանաբար կինտեգրվեն հասարակությանը:

«Մենք հիվանդությունը չենք վերացնում, սակայն պացիենտն ունի իրավունք շփվելու, ինտեգրվելու հասարակությանը, երբ սրանում է, կարող է գնալ բուժումը ստանալ, որից հետո կանցնի  իր աշխատանքին: Այս մոտեցումը հնարավորություն է տալու, որ մարդը զարգանա, շփումներ ունենա, կարողանա հաղթահարել հիվանդությունը ու նաև կարողանա իր մասին հոգ տանել»,- ասում է հոգեբանը:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը հավաստիացնում է, որ կառավարությունն արդեն հստակ քայլեր է ձեռնարկում այլընտրանքային խնամքի կենտրոնների ստեղծման համար:

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գրասենյակի աջակցությամբ այս տարի բացվելու է խնամքի երկու կենտրոն Մուղնիում և Սպիտակում, որոնց հաջող ընթացքից հետո կառավարությունը կդիմի  պետբյուջեից ֆինանսավորմանը:

 

Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ.հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728