Մինչ իշխանությունը գործարարներին կոչ է անում զսպող քաղաքականություն իրականացնել, երկրում թանկացումների ալիքը շարունակվում է։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բարձր գնաճ է արձանագրվել ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ մյուս քաղաքներում։
ՀՀ-ում այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, պարենային մթերքների շուկայում արձանագրվել է 4.5 տոկոս գնաճ։ Մասնավորապես, մայրաքաղաք Երեւանում նշված շուկայում այն կազմել է 4.1 տոկոս, Վանաձորում՝ 6, իսկ, ահա, Կապանում՝ 6.3 տոկոս։ Հրազդանում պարենային մթերքների շուկայում գնաճ նույնպես արձանագրվել է. այն կազմել է 5, իսկ Գյումրիում՝ 5.6 տոկոս։
Բուժսպասարկման եւ դեղորայքի շուկայում ՀՀ-ում արձանագրվել է ընդամենը 1.2 տոկոս գնաճ։ Սակայն Գավառ քաղաքում այն կազմել է 2.5, Հրազդանում՝ 2.2, Եղեգնաձորում՝ 1.5 տոկոս։ Ամենաբարձր գնաճն արձանագրվել է Գյումրիում՝ 3.7 տոկոս։ Իսկ Երեւանում այն կազմել է 1 տոկոս։
Ներկայացնենք առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք այս տարվա հունվարին նույնպես թանկացել են։ Այսպիսով՝ Երեւանում հացամթերքի շուկայում արձանագրվել է 4 տոկոս, Գյումրիում եւ Վանաձորում՝ 4.6 տոկոս գնաճ։ Էջմիածին քաղաքում նույնպես հացամթերքը թանկացել է, գնաճը կազմել է 5.9 տոկոս, իսկ Արտաշատ քաղաքում՝ 6.5 տոկոս։ Թեեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախորդ տարվա ընթացքում անընդմեջ հայտարարում էր, թե իր ղեկավարած մարզում հացը էժան գնով է վաճառվում, այնուամենայնիվ, պաշտոնական տվյալները հակառակն են ապացուցում։ Օրինակ՝ Կապանում հացամթերքի շուկայում այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 14.2 տոկոս։
Կարդացեք նաև
Հավկիթի շուկան նույնպես զերծ չի մնացել գնաճից, այստեղ առաջին տեղում է մայրաքաղաք Երեւանը, որտեղ արձանագրվել է 5.6 տոկոս գնաճ։ Երկրորդ տեղում է Գավառ քաղաքը՝ 5.2 տոկոս գնաճով։ Գավառ քաղաքին հաջորդում են Եղեգնաձորը՝ 4 տոկոս գնաճով, Աշտարակը՝ 3.9 տոկոսով, Գյումրին՝ 3.7-ով։ Իսկ, ահա, Կապանում հակառակը՝ հավկիթը 1.1 տոկոսով էժանացել է։
Արտաշատ քաղաքի խանութներում այս տարի հունվարին շաքարավազի միջին գինը բարձր է եղել, այստեղ գնաճը կազմել է 8.7 տոկոս։ Արտաշատին իր բարձր գնաճով հաջորդում է Կապանը, որտեղ արձանագրվել է 8.1 տոկոս թանկացում, իսկ Հրազդանում այն կազմել է 6.4 տոկոս, Գավառում՝ 5.3 տոկոս։ Երեւանում, ի տարբերություն ՀՀ մյուս քաղաքների, շաքարավազի շուկայում գնաճը փոքր է եղել եւ կազմել է 1.9 տոկոս։
Գնաճից չի խուսափել նաեւ ընդեղենի շուկան։ Մասնավորապես, այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի հետ համեմատած, բլղուրի շուկայում արձանագրվել է 14 տոկոս գնաճ։ Բրինձի միջին գինը նույն հաշվարկային ժամկետում թանկացել է 3.1 տոկոսով։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում