Այսօր Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է։ Թարգմանության մեծ վարպետն այսօր կդառնար 56 տարեկան։ Ֆրանսիայում լույս տեսնող «Ֆրանսիա-Հայաստան» ֆրանսալեզու պարբերականում հրապարակվել է հոդված՝ նվիրված Սամվել Մկրտչյանին, որը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ։
Հայ մշակութային դաշտը սգաց իր լավագույն թարգմանիչներից մեկի կորուստը: Իր ընկեր, գրող Լեւոն Խեչոյանի մահից գրեթե մեկ տարի անց, Լիոնի հիվանդանոցում դաժան հիվանդության դեմ պայքարելուց հետո 2014թ. դեկտեմբերի 7-ին, 55 տարեկանում մահացավ Սամվել Մկրտչյանը:
Լինելով անգլո-ամերիկյան գրականության վարպետ` նա հատկապես աչքի ընկավ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» իր ականավոր թարգմանությամբ, որը լույս տեսավ 2011-ին: Լինելով գյումրեցի՝ Սամվել Մկրտչյանն ընդհանրապես հայ մշակութային աշխարհում բացառիկ երեւույթ էր։
Կարդացեք նաև
Որպես Հայաստանում գրական-գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանության ավանգարդ հանդիսացող «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր` Սամվելն այդ հանդեսը վերածել էր պաշտոնական կառույցների հրատարակչական քաղաքականությանն ընդդիմացող երիտասարդ թարգմանիչների իրական դարբնոցի: Բացի իր գլուխգործոց «Ուլիսես»-ից, Սամվելին ենք պարտական անգլերենից հայերեն, կամ հայերենից Շեքսպիրի լեզվով թարգմանված բազում թարգմանությունների եւ ծաղկաքաղերի համար` Թ. Ս. Էլիոթ, Է. Քամինգս, Վ. Ֆոլքներ, Չ. Բուքովսկի եւ այլք:
Մերթ բանաստեղծ, մերթ թարգմանիչ, ինչպես նաեւ խմբագիր, Սամվելն ինքն իրենով մի ամբողջ հաստատություն էր: Հայ դասական եւ ժամանակակից բանաստեղծների իր ծաղկաքաղը անգլերենով, ինչպես նաեւ Չարենցի բանաստեղծությունների թարգմանությունն անգլերեն, նախադեպ ստեղծեցին Հայաստանի եւ սփյուռքի հայ թարգմանաբանության մեջ: Հայերենի նկատմամբ պահանջկոտ ու ընդվզող այս մարդը չէր համապատասխանում ոչ ըմբոստ պոետի իր արտաքինին, ոչ էլ «Գեյնսբարի» իր բնույթին: Լինելով սկզբունքային անձնավորություն եւ հոգով ու մարմնով գրականության նվիրյալ` Սամվելը նաեւ մեծահոգի էր, ազնիվ ու հավատարիմ:
ՏԻԳՐԱՆ ԵԳԱՎՅԱՆ
«Ֆրանսիա-Հայաստան» ամսագիր
«Առավոտ» օրաթերթ
25.02.2015