Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական «ատկատ»

Փետրվար 25,2015 10:15

Բրիտանիայի նախկին արտգործնախարար, Համայնքների պալատի լեյբորիստ պատգամավոր Ջեք Սթրոն մայիսին, երբ ավարտվի նրա պատգամավորական ժամկետը, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կանցնի «Սենատոր ինթերնեյշնլ» կահույքի խոշոր ֆիրմայում` որպես խորհրդական: Դե, պարզ է` մարդը չի ուզում երիտասարդ թոշակառու դառնալ` մտածում է, թե ինչպես է քաղաքականությունից հեռանալուց հետո լույսի-գազի փողը մուծելու: Բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է. վերջերս «Սենատորը» պետությունից պատվեր է ստացել 75 միլիոն ֆունտի, եւ ըստ բրիտանական մամուլի՝ այդ պատվերը ստանալու հարցում որոշիչ դեր է խաղացել այդ պատգամավորը, ինչպես նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ֆրենսիս Մոդը:

Ծանոթ պատկեր է, չէ՞: Եթե Հայաստանի մարզում որեւէ տենդեր է հայտարարվում, ապա կա շատ մեծ հավանականություն, որ այն կշահի մարզպետի բարեկամը: Կամ հիշենք, որ Գերմանիայի նախկին նախագահ Գերհարդ Շրյոդերը դարձել է ռուսաստանյան «Գազպրոմի» նախագահ, իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքի է անցել նույն երկրի «Սիստեմա» ընկերության մեջ:

Բայց դրանով Ջեք Սթրոյի հետ կապված բացահայտումները չավարտվեցին: Բրիտանական «Չորրորդ ալիք» հեռուստաընկերության եւ «Թելեգրաֆ» թերթի լրագրողները զանգահարել են մի շարք պատգամավորների եւ, ներկայանալով գոյություն չունեցող չինական ընկերության անունից, լոբբիստական օգնություն են խնդրել համապատասխան վարձի դիմաց: Ջեք Սթրոն եւ մեկ այլ նախկին արտգործնախարար՝ պահպանողական պատգամավոր սըր Մալքոլմ Ռիֆքինդը, դրական են արձագանքել այդ առաջարկին, ընդ որում՝ Սթրոն թիվ է ասել՝ օրական 5 հազար ֆունտ:

Բրիտանական օրենքներով՝ պատգամավորներին արգելված չէ զբաղվել բիզնեսով, միայն թե այդ բիզնեսը պետք է հայտարարագրվի եւ որեւէ կերպ չհատվի օրենսդրի աշխատանքի հետ: (Ի դեպ, երբ ես նման բան առաջարկեցի անել նաեւ Հայաստանում, իմ միտքը շատերին տարօրինակ թվաց, բայց դա, ինձ թվում է, ավելի արդյունավետ ճանապարհ է, քան չքմեղանալն ու ձեւեր թափելը): Բրիտանիայում, սակայն, արգելված է օգտագործել քո քաղաքական ազդեցությունը տնտեսվարողների շահերը առաջ տանելու նպատակով եւ դրա համար գումար ստանալ:

Պահպանողական եւ լեյբորիստական կուսակցությունները սառեցրել են այդ պատգամավորների աշխատանքը խմբակցություններում` մինչեւ քննության ավարտը: Բրիտանիայի պետական համակարգն ունի հստակ գործող մեխանիզմներ, որոնք կարող են հակազդել ամենուր հանդիպող մարդկային թուլություններին: Մեզանում նման մեխանիզմներ չկան: Այդ առումով արժե եւս մեկ անգամ անդրադառնալ կառավարման համակարգի խնդրին՝ ոչ թե «վերարտադրվելու-չվերարտադրվելու» տեսանկյունից (ցանկացած համակարգի դեպքում ՀՀԿ-ն «կվերարտադրվի»), այլ արդյունավետությունը հաշվի առնելով: Պատկերացրեք, վարչապետի եւ կառավարության աշխատանքը ամբողջությամբ կախված լինի 131 Շմայսից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարց ՛՛Հայկական Ռադիոյին՛՛.
    -Ի՞նչ տարբերություն բրիտանական և հայկական ՛՛ատկատների միջև՛՛:
    *Տարբերությունն այն է, որ բրիտանիայում չեն հայտարարում, բայց բացահայտում են, իսկ հայաստանում հայտարարում են, որ չբացահայտեն:

  2. Ալեքսանդր says:

    Ինչպես գրեթե միշտ, համաձայն եմ բովանդակությանըն; Դիտողությունս վերաբերում է օտարաբանության; Թեև Հայստանում շատ տարածված է ոչ միայն ԱՏԿԱՏԻ գործընթացը, այլ և դրան նկարագրող օտար բառի օգտագործումը, ինձ թույլ կտամ հիշեցնել հայերեն գրողներին, որ 2004 թվին “Գիտանք” հրատարակչությունը հրատարակել է այդ երևույթին նվիրված ամերիկյան մասնագետ Սյուզան Ռոուղ-Ակերմանի համապարփակ գիրքը “Կաշառվածությունը և պետությունը”, Գիտանք,2004, 248 էջ/ Գրախանութում արժե ընդամենը 500 դրամ/; Գրքում տրված են այդ երևույթին վերաբերող բոլոր հայերեն եզրերը; Օրինակ` “Ատկատների” մի քանի տեսակ կա- դարձավճար/երբ վերադարձնում ես պաշտոնյաին ձեզ տված փողի մի մասը/, հատուցավճար/երբ վճարում ես պաշտոնյային քեզ համար ինչ-որ բան անելու համար; Կան բազում այլ` ոչ պարզունակ ատկատների նկարագրությունը, պայքարի եղանակները և այլն; Եկեք օգտագործենք հայերեն եզրերը, որոնք շատ լավ նկարագրոււմ են բոլոր նման երևույթները; Ցանկացած երևույթի դեմ պայքարելու համար, նախ պետք է դա հստակ պատկերացնել և նկարագրել; Եվ դա անել ՀԱՅԵՐԵՆ;

    • հայ մարդ says:

      Տիար Ալեքսանդր, Արամը իմ պաշտպանության կարիքը չունի, սակայն օտարաբանություն օգտագործելը ընդգծում է երևույթի հայկական տեսակի ռուսական ակունքները։ Էստեղ անգլիական կամ ճապոնական ձևերով չեն աշխատում։
      Ավելի լավ է հայերեն մտքեր արտահայտել օտար բառերով, քան հայերեն բառերով օտարածին դարձվածքներ օգտագործել։ «Ւնձ թույլ կտամ հիշեցնել», որ սա ռուսական արտահայտություն է։ Երևի ռուսական դպրոց ես գնացել կամ Ռուսաստնում ես ապրում։ Կներես, որ ռուսական հոգնակի դիմելաձևը չեմ օգտագործում՝ մանկուց զզվել եմ դրանից։

  3. մարդ says:

    Ինչպես ասում են , ինչպես ուտում ես այնպես էլ մտածում ես. Կամբրիջի Համալսարանի կատարած հետազոտությունները եզրահանգել են որ Հայաստանը 1 ին տեղն է զբաղեցնում 187 երկրների մեջ վատ սնվելու , այսինք առողջության համար վնասակար սնվելու սովորություն ունենալու մեջ. Ավելի մանրամասն իմանալու համար https://deredactie.be/cm/vrtnieuws/wetenschap/1.2245345

    • հայ մարդ says:

      Դպրոցական էի, որ կյանքումս առաջին անգամ գյուղ գնացի ՝ հեռավոր ազգականների տուն հյուր։ Թե էդ անգլիացիք (ենդադրում եմ, որ Կամբրիջն ու Քեմբրիջը նույնն են) տան պապու, իր կոչած, «զավտրիկ»-ը տեսնեին, տեղնուտեղը սրտները կվատանար։ Էդ ութսունամյա մարդը ճմուռ էր ուտում ամեն առավոտ, դեռ ինձ էլ առաջարկում էր որպես հյուր ու քաղաքի «նվազ» երեխա։ Պակերացրեք մի խաշի աման հալած յուղ, որ պետք է ուտել հացը մեջը թաթախելով։

  4. Seyran says:

    ,,Ատկատը,,ավելի է բնութագրում երևույթը,իսկ դարձավճարը մեկնաբանության կարիք ունի՝ինչպես Դուք եք արել:Իսկ,որ Հայաստանը ամենավատ երկրների շարքին են դասել,ապա այն պատճառով,որ մենք առողջ սնվելու մշակույթ չունենք՝հացին կարագ և ջեմ ենք քսում ուտում,խորովածից հետո տորթ ենք ուտում,հետո միրգ,սուրճ ենք խմում,գազավորված ջրեր ենք խմում,և այլն:Իսկ մեր սննդատեսակները ավելի առողջ են,քան նրանցը,ովքեր գնահատականներ են տալիս:Հետո,չի բացառվում,որ նրանց վճարել են այդպիսի դասակարգման համար՝չեն կարողանում սահմանային միջադեպերում հաջողության հասնել,այդպես են ուզում վնաս հասցնել …

    • Գալուստ Ենոքյան says:

      Իմ կարծիքով հայկական ավանդական կերակրատեսակները դասվում են Միջերկրական եվ Միջին Արեվելքի լավագույնների թվում, առանձնապես կանաչեղենի առատության պատճառով…Ինչ վերաբերում է վերջին հարյուրամյակին, պատմական, սոցիալ տնտեսական տարուբերումները իրենց խմբագրում են բերել կերակրատէսակների պատրաստման եվ իրացման ասպարեզում… հիշում եմ որ մորեղբորս ամենասիրած ուտելիքը «մակարոնն էր» , որ պատերազմի տարիներին սոված փոքրիկների երազելի կերակուրն էր…հաց ուտելը ինքը մեզանում եվս հետվանք է հենց սովի, պատերազմի տարիների… ուտելուց հետո այն գլյուկոզա է դառնում (ինչքան ինձ հայտնի է)…դրա համար «լավ տղեքը» հաճախ գնանք մի բան ուտենքի փոխարեն ասում են գնանք մի կտոր Հաց ուտենք…խորհուրդ կտամ քիչ հաց ու այլ ալյուրով պատրաստված ուտելիքներ ուտել, հատկապես շաքար ունեցողներին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728