Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ձեւավորել հզոր ընդդիմություն

Փետրվար 25,2015 12:00

Հասունանում է իրական այլընտրանքի «կառուցումը»

Իմ նախորդ հոդվածում, ես կանգ առա այն կետի վրա, որ բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների առողջ, երիտասարդ ուժերը պետք է այսօրվանից ձեռնամուխ լինեն իրական այլընտրանքի, լուրջ ազդեցիկ ընդդիմության ձեւավորմանը, որը կկարողանա իշխանության հետ մրցել 2022 թվականի խորհրդարանական ընտրություններում: Որպես «նախերգանք»՝ այդ նոր ձեւավորվելիք քաղաքական ուժերի ներկայացուցիչները պետք է կատարեն երկու քայլ. 1) դադարեն քննադատել Եռյակի (կամ նախկին Եռյակի) առաջնորդներին: Եթե դուք ավելի լավ, ավելի խելացի, ավելի պատրաստված գործիչներ եք, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ապացուցեք դա գործով, ոչ թե ուրիշներին նսեմացնելով: 2) Դադարեն խաղալ լյումպենացված զանգվածի վրա, որը Հայաստանում, ըստ ամենայնի, ապստամբություն չի անի, իսկ անելու դեպքում էլ ընդամենը մի քանի խանութ կթալանի:

«Ձեզ թալանում են, ձեզ կեղեքում են, մենք բարի մարդիկ ենք, ձեզ կուշտ կկերակրենք»՝ այդ տիպի խոսակցությունները, որոնք միտված են լյումպենի սիրտը շահելուն, նրան, այսպես ասած, «շիրա տալուն», 24 տարի շարունակ սահմանափակում էին ընդդիմադիրների ստեղծագործական միտքը: Ընդդիմադիր քարոզչության հիմնական «օբյեկտը» պետք է լինի ոչ թե ընչազուրկ զանգվածը, որը ցանկանում է ինչ-որ հրաշքով լավ ապրել եւ իրենց անհաջողությունների համար իշխանություններից վրեժ լուծել, այլ այն մարդիկ, որոնք ունակ են աշխատելու, ստեղծելու, որոնք ոչ մի պարագայում Հայաստանը չեն լքի:

Այդ «նախապայմանները» հաշվի առնելով` նոր ստեղծվելիք քաղաքական ուժը պետք է անցնի իրական այլընտրանքի «կառուցմանը»: Դա դժվար, աշխատատար, տարբեր ոլորտների մասնակցությունը պահանջող աշխատանք է, որն առ այսօր գրեթե ոչ մի քաղաքական ուժ «հավես չի ունեցել» իրականացնելու: Ասում եմ՝ գրեթե, որովհետեւ հանուն արդարության պետք է ասել, որ 2009-10 թվականներին Հայ ազգային կոնգրեսը նման փորձեր արել է, բայց հետո շեղվել է «Պողոս, հեռացիր, Պետրոս, մոտեցիր» տրորված ճանապարհի վրա:

Այլընտրանք «կառուցելու» աշխատանքը ես պատկերացնում եմ այսպես: Կուսակցությունն ասում է. «Այս բնագավառում ես ունեմ այսինչ մարդուն, որն ունի այսինչ այլընտրանքային գաղափարները, նա նաեւ ձեւավորել է իր համախոհների թիմը: Եթե մենք հաղթենք ընտրություններում, ապա այս անձնավորությունը կլինի տվյալ ոլորտի ղեկավարը: Ոլորտի հարգելի մասնագետներ եւ շահագրգիռ մարդիկ, իսկ դուք ի՞նչ եք կարծում, դուք ինչպե՞ս եք ուզում, որ զարգանա այս ոլորտը»: Դա, կրկնեմ, ամենօրյա աշխատանք է, որը պահանջում է որոշակի նյութական միջոցներ, տեղական կառույցներ, պարբերական խորհրդակցություններ, երբեմն նաեւ՝ հանրահավաքներ:

Ինձ թվում է՝ այդ ենթադրյալ քաղաքական ուժը պետք է մտածի նաեւ արտաքին քաղաքական գերակայությունների մասին: Փորձը ցույց է տալիս, որ լինել այլընտրանք, ասենք, ժողովրդավարության, տնտեսության, մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարում եւ միաժամանակ վազել Մոսկվա ու «դոբրո» խնդրել ոչ ժողովրդավարական, կոռումպացված իշխանությունից, արդյունավետ չէ: Դա ոչ միայն մարտավարական սխալ է՝ ինչո՞ւ պիտի Կրեմլը գործող իշխանությանը գերադասի քեզանից: Դա նաեւ գաղափարական փակուղի է: Կարծում եմ՝ Հայաստանը կարող է զարգանալ քաղաքականապես եւ տնտեսապես միայն այն դեպքում, եթե լինի անկախ, ինքնուրույն պետություն:

Վստահ եմ, որ մոտակա տարիներին ձեւավորվելու է այդ՝ նոր տիպի քաղաքական ուժը: Դրա հասարակական պահանջարկը հասունանում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Լիովին համամիտ եմ հոդվածագրի արտահայտած մտքերին: Անկեղծ ասած ես ել եմ հավատում, որ մոտակա տարիներին կձևավորվի հեղինակի նշած` նոր տիպի քաղաքական ուժը և սառույցը կսկսի հալվել: Հարց. Պարոն Աբրահամյան դուք այժմ ում եք տեսնում Ձեր նշած ենթադրյալ քաղաքական ուժի մեջ, եթե կարելի է նշել մի քանի անուն: Ես օրինակ կնշեի Էդմոն Մարուքյանին:

  2. Գալուստ Ենոքյան says:

    «Կարծում եմ՝ Հայաստանը կարող է զարգանալ քաղաքականապես եւ տնտեսապես միայն այն դեպքում, եթե լինի անկախ, ինքնուրույն պետություն:»
    Այ այդ տեսանկյունից կարծում եմ եթե 25 տարի առաջ«Լեվոն Նախագահ, բուրժուա դեմոկրատական» հեղափոխության փոխարեն, « Հայրիկյան նախագահ, պարզապես դեմոկրատական» լիներ , համոզված եմ այսօր ավելի բարվոք երկիր պիտի ունենաինք…«Բուրժուա դեմոկրատականի» փոխարեն երկրում հաստատեցին «կոմերիտական գողական դիկտատուրա» …
    Կարծում եմ այսօր էլ , չնայած իր «սուր քաղաքականացված» խառնվածքին, Հայրիկյանը պիտի դասվի կարեվոր երկնտրանքներից մեկը, ոչ թե իր անցյալի, բայց այլ երկար ժմանակ ճշմարիտ լինելուն իր քաղաքական համոզմունքներում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728