Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն իր վստահության քվեն տվեց Սերժ Սարգսյանին

Փետրվար 25,2015 17:30

Այս համոզմանն էր ՀՀԿ-ական պատգամավորը

Ուրբաթ օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի միջեւ փոխադարձ վիրավորանքներով համեմված վեճի առիթ դարձած` «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը երեկ էլ խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում ընդդիմադիրների կրքերի բորբոքման առիթ տվեց: Հիշեցնենք. ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նախագիծը որակել էր «անգրագետ»: Երեկ նույն տոնայնությունը շարունակեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիմքերն առկա են, բայց այդ գործընթացը չի կարելի «անլրջացնել տարօրինակ իրավաբանական հիմնավորումներով»: ՀԱԿ-ը չմասնակցեց քվեարկությանը: ԲՀԿ-ն ընդհանրապես բոյկոտել էր քառօրյան` հասկանալու եւ հստակեցնելու իր հետագա անելիքները: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նկատեց, որ անկախ փաստաթղթի իրավական հիմնավորումներից՝ սա պատեհ առիթ է, որ այն ուժերը, որոնք հրապարակներում խոսում են իշխանափոխության մասին, ցույց տան իրենց մոտեցումը: Արդյունքում 68 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ բազմաչարչար այս նախագիծը դարձյալ մերժվեց: Նախագծին կողմ էին քվեարկել Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` զավեշտալի չէ՞ իր համար ընդդիմության նման վերաբերմունքն այս հարցին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջին նախաձեռնությունն էլ նույն ճակատագրին արժանացավ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցով նաեւ ստորագրահավաք էր նախաձեռնել: Կրկին չորս պատգամավոր ստորագրեցին: Հովհաննես Սահակյանը կարծում է, որ սա ընդամենը քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է: Նախագծի հեղինակն էլ իր ելույթում ասաց, որ իրեն հարցի վերաբերյալ քաղաքական գնահատականներն են հետաքրքրում այս պահին: Հովհաննես Սահակյանն էլ համամիտ է իր այն գործընկերների հետ, որ նախագիծն իրավաբանորեն արդարացված չէ: Ինչեւէ, այս ամենն, ըստ Հովհաննես Սահակյանի, մեկ անգամ եւս ապացուցում է, որ Սերժ Սարգսյանը՝ որպես նախագահ, եւ ՀՀԿ-ն՝ որպես նախագահին սատարող, իրենց ծրագրերում չեն սխալվել, ճիշտ ուղու վրա են ու ողջ խորհրդարանում ընդամենը չորս «դեմ» ձայներ ունեն: «Սա նաեւ գալիս է ապացուցելու, որ այն, ինչն այսօր արվում է թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական ոլորտում, ճիշտ է»,- կարծում է Հովհաննես Սահակյանը` այդքան էլ չկարեւորելով նախագիծը:

Երեկ ԲՀԿ-ն բոյկոտեց հերթական քառօրյայի աշխատանքները` հստակեցնելու համար իր հետագա անելիքները, ինչից հետո խորհրդարանն իր աշխատանքը շարունակեց բնականոն հունով: ՀԱԿ խմբակցության ղեկավարի կողմից առաջարկ հնչեց` հրատապ քննարկման առարկա դարձնել ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին ներքաղաքական զարգացումները: Քաղաքական մեծամասնությունն ընդառաջ չգնաց: Դիտարկմանը` արդյոք առավել ճիշտ չէ՞ր լինի ներքաղաքական ճգնաժամի մասին խորհրդարանում քննարկումներ անել, Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Ձեր ասած ներքաղաքական ճգնաժամի մասին քննարկումները կլինեին իրատեսական, եթե մենք այսօր ականատեսը լինեինք խորհրդարանի աշխատանքների խափանման որեւէ դրվագի: Բայց բոլորն իրենց տեղում իրենց աշխատանքն էին կատարում: Այսինքն՝ կառավարման եւ քաղաքագիտական առումներով որեւէ օղակում խնդիր չի առաջանում, որը ճգնաժամ կբերի»: Այս իմաստով մեր զրուցակիցը զուտ քաղաքական աժիոտաժ ստեղծելու տեսանկյունից է դիտարկում նաեւ կառավարման ճգնաժամի մասին ընդդիմության ներկայացրած նախագիծը: Հիշեցնենք. այն ներկայացրել էր եռյակը` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», սակայն երեկ նախագիծը քննարկվեց առանց ԲՀԿ-ի:

ԲՀԿ-ականները երեկ լռում էին` չհերքելով կամ չհաստատելով ԲՀԿ խմբակցության ղեկավարի մանդատից հրաժարվելու, քաղաքականությունից դուրս գալու, ԲՀԿ խմբակցության հնարավոր լուծարման մասին խոսակցությունները. տեղյա՞կ եք այդ գործընթացներից՝ մեր հարցին Հովհաննես Սահակյանն ասաց, որ դրանք ԲՀԿ-ի խնդիրներն են, ու այդ կուսակցության անդամները պետք է հստակեցնեն իրենց հետագա ճակատագիրը: Իսկ իշխող ՀՀԿ-ն, ըստ մեր զրուցակցի, այս օրերին առավել կարեւոր խնդիրներով է զբաղված` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներ, ներքաղաքական տարբեր գործընթացներ: Հովհաննես Սահակյանը մանրամասներ չգիտի նաեւ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններից: Ի՞նչ փուլում են դրանք, ի՞նչ պայմանավորվածություններ արդեն կան, ինչի՞ շուրջ դեռ համաձայնություն չկա: «Նման հարց ՀՀԿ խորհրդում չի քննարկվել: Երբ կքննարկվի` ձեզ կտեղեկացնենք»: Իսկ թե ե՞րբ է սկսվելու քաղաքական դաշտի մաքրման գործընթացը, ինչի մասին ասաց Սերժ Սարգսյանը իր ամսի 12-ի ելույթում` Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողը մեկնաբանելով, Հովհաննես Սահակյանը հստակ ժամկետներ չի կարող նշել: Ասում է` ժամանակի եւ տարածության մեջ պետք է ընկալել ասվածը: Մի բանում դեռ վստահ է` խաղի գծված կանոնները բոլորի համար են: Հստակեցնող հարցին՝ ասենք, հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակում չե՞ն լինի Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանը (Շմայս) եւ այլք, մեր զրուցակիցն ասաց. «Ես հասկանում եմ բացառապես ՀՀԿ-ի մեր գործընկերների մասով ուղղվածությունն ու շեշտադրումը, բայց եթե ուշադիր նայեք այլ խմբակցություններին, այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր մինչեւ պատգամավոր լինելը զբաղվել են գործարարությամբ: Քաղաքական գործընթաց է, պետք է գնա: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները 2017-ին են, իսկ մինչ այդ բազում գործեր ու գործընթացներ կան. դեռեւս գործընթացում են սահմանադրական բարեփոխումները, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շարքը եւ այլն: Հետեւաբար՝ այսօր խոսել, թե 2017 թվականին ովքեր կլինեն պառլամենտում, փորձենք գուշակություններով զբաղվել` վառ երեւակայություն ունեցող մարդկանց գործ է: Ես նման բաներով չեմ զբաղվում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728