Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանը Գագիկ Ծառուկյանին դեռ չի հանդիպել

Փետրվար 25,2015 17:00

ԲՀԿ-ն լքած 6 պատգամավորներից` Արագած Ախոյան, Գրիգորի Մարգարյան, Հարություն Ղարագյոզյան, Մելիք Մանուկյան, Դավիթ Քոչարյան եւ Կարո Կարապետյան, երեկ խորհրդարան էր եկել միայն Արագած Ախոյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը բոյկոտում է քառօրյայի աշխատանքները` մինչեւ առաջիկայում հստակեցնի իր ասելիքներն ու անելիքները, Արագած Ախոյանը մնաց դահլիճում: «Առավոտի» հետ զրույցում պարոն Ախոյանն ասաց, որ կատարվածից հետո «շատ լավ» եւ «գործնական» հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական գործընկերների հետ:

– Առաջին օրն է՝ եկել ենք, դեռ ավելին չեմ կարող զգալ: Բայց կարծում եմ, որ` նորմալ: Բոլորը գիտակից մարդիկ են: Ես միշտ եղել եմ ազնիվ ու անկեղծ բոլորի նկատմամբ: Այսօրվա իմ գալով էլ էլի անկեղծ ու ազնիվ եմ:

– Առաջիկայում ինչ-ինչ հարցերի շուրջ պատրա՞ստ եք ԲՀԿ-ի հետ աշխատել, համագործակցել:

– Ինչո՞ւ ոչ: Ոչինչ էլ չի բացառվում: Տեսնենք` ի՞նչ է լինում: Ուղղակի ես կանգնած եմ պետության ու պետականության կողքին, որովհետեւ այն մարտահրավերները, որ առկա են այսօր, կարծում եմ՝ լուրջ մտորումների տեղիք են տալիս: Ես անհանգստացած եմ մեր անվտանգության խնդիրներով:

– ԲՀԿ-ն լքելու Ձեր որոշումը հրապարակելուց հետո հանդիպե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ:

– Ոչ, չեմ հանդիպել, բայց կարծում եմ` կհանդիպենք: Իմ այս դիրքորոշումը, կարծում եմ, պետք է անակնկալ չլիներ: Ես բազմաթիվ անգամ հստակ արտահայտել եմ իմ դիրքորոշումը եւ ասել եմ, որ ես չեմ կարող ռադիկալ քայլերի գնալ, որովհետեւ իմ գործառույթներն ուրիշ են: Շուրջ վեց տարի է՝ ես զբաղված եմ Արեւմտյան Հայաստանին վերաբերող խնդիրներով, Թուրքիայի հետ աշխատանքային խմբի անդամ եմ: Կարծում եմ՝ բոլորը պիտի հասկանան:

– Ինչպե՞ս կբնութագրեք կամ կմեկնաբանեք անցած քաղաքական իրադարձությունները: Գագիկ Ծառուկյանը սխալ քայլերի՞ էր գնացել:

– Չեմ քննադատում: Դա իրենց գործն է: Գոյություն ունի քաղաքական բլոկ, քաղաքական որոշումներ, իրենք կարող են ասել: Ես ինչո՞ւ պիտի գնահատականներ տամ: Չեմ ուզում գնահատականներ տալ:

– Իսկ նախագահի կեցվածքն ընդունելի՞ էր: Շատ քննադատվեց, որ նախագահն անձամբ հայտարարեց «քաղաքական հաշվեհարդարի» մասին:

– Չեմ կարող ասել, որովհետեւ տողատակերը չգիտեմ: Բայց ակնկալում եմ, որ կստեղծվի այնպիսի մի իրավիճակ, երբ բոլորը կհասկանան` ընդդիմությունն էլ է մերը, եւ բոլոր այդ հարաբերությունները պիտի կարգավորվեն միմիայն Սահմանադրության սահմաններում: Ամեն մեկն ունի իր տեսակետը, դիրքորոշումը, քաղաքական տեսանկյունը, բայց թշնամական հարաբերություններ պետք չէ ստեղծել:

Անկեղծ եմ ասում` չեմ տիրապետում ոչ մի սիտուացիայի: Մենք ամբողջ օրը զբաղված ենք այն հիմնախնդիրներով, որը կոչվում է` պատմական հայրենիք:

– Ձեզ հետաքրքիր չէ՞, թե ինչով է հանգուցալուծվելու Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վեճը:

– Իրենք ավելի լավ կիմանան:

Զրույցը`
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Մենք ամբողջ օրը զբաղված ենք այն հիմնախնդիրներով, որը կոչվում է` պատմական հայրենիք:
    Խեղճ պատմական հայրենիք`Արագոն է զբաղված քո խնդիրները լուծելով: Գաջ քսելն ու “ստյաժկա” անելը թարկել`մեր երկիրն է փրկում: Էլ ողբալն էլ չի օգնի`արդեն վերջն եկել է: Ենթադրենք Գագոն սրան տարել էր հետը, դարձրել դեպուտատ`մտավոր ընդունակությունները նույն կարգի են: Հիմա, րոպեն մեկ սրանից ինտերվյու եք վեցնում`որ ի՞նչ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728