Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինեն ուզում է հենակներից ազատվել եւ մյուս երեխաների նման բակում խաղալ

Փետրվար 25,2015 16:30

Հայաստանի սահմանները պաշտպանելու դուրս եկած Մխիթար Ալումյանը գիշեր-ցերեկ մի մտածմունք ունի. ինչպես անի, որ երեխային բուժի: Նրա դուստրը՝ 13-ամյա Կարինեն, մանկուց հաշմանդամություն ունի: Երկար ժամանակ նրա հիվանդությունից հայաստանյան բժիշկները գլուխ չէին հանում եւ միայն վերջերս կարողացան պարզել Կարինեի բուն հիվանդությունը: Ախտորոշել են հոդերի հիվանդություն՝ արտրիտ, գենետիկ հետազոտությունից հետո էլ երեխայի մոտ պարբերական (երեւանյան) հիվանդությունն է հայտնաբերվել: Մինչ այդ, ինչպես երեխայի մայրը՝ տիկին Շուշանիկն է պատմում, Կարինեն ցավերի մեջ գալարվել է, որովայնի շրջանում ժամանակ առ ժամանակ ահագնացող ցավերը երեխային դարձրել են ուժասպառ, մինչդեռ հիմա, երբ ախտորոշվել է հիվանդությունը, Կարինեն ամեն օր դեղ է ընդունում եւ համեմատաբար հանգիստ է: Սակայն Կարինեի առողջական խնդիրները այդ հիվանդությամբ չեն սահմանափակվում: Երեխան տեսողության հետ կապված էլ լուրջ խնդիր ունի: Մոր խոսքերով՝ օր օրի փոքրիկ Կարինեի առողջական վիճակը վատանում է, երեխայի ձեռքերն ուռչում են, չի կարողանում քայլել, հենակները բռնել: Շուշանիկ Նասիբովան այսօր դռնեդուռ ընկած՝ դստեր համար օգնություն է խնդրում Կարինեի աչքը վիրահատելու եւ հոդերի հիվանդությունը բուժելու համար:

Գերմանիայից մի հայ բժիշկ տեղեկացել է Կարինեի հիվանդության մասին եւ նրան հրավիրել՝ Կարինեին անվճար բուժօգնություն խոստանալով:

Ընտանիքը միայն մուտքի վիզայի եւ ավիատոմսի հարցը պետք է լուծի: Տիկին Շուշանիկն ասաց, որ պաշտպանության նախարարությունն իմանալով այդ մասին՝ վստահեցրել է, որ ավիատոմսի հարցը կհոգա, սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում Շուշանիկ Նասիբովան է ասում, 300 հազար դրամի ծախսեր էլ ունեն՝ փաստաթղթերը կազմելու, դեսպանատանը վճարումներ անելու համար: Գերմանիա պետք է մեկնեն Շուշանիկ Նասիբովան՝ 3 երեխաների հետ: Նրա խոսքերով. «Կարինեի աչքերը մեկ անգամ արդեն վիրահատել են, սակայն երեխայի տեսողությունը չի վերականգնվել: Լույսը մոտեցնում ենք, աղոտ տեսնում է, նայում է լույսի ուղղությամբ, բայց առողջական վիճակի վատթարացման պատճառով երեխայիս ձախ աչքի տեսողությունը լրիվ ընկել է»:

Karine-2

Երեխայի տեսողությունը սկսել է վատանալ սխալ բուժման հետեւանքով:
Կարինեի մայրը պատմում է, որ երեխան ոսկրային տուբերկուլյոզ էլ է ունեցել, սակայն բժիշկները վստահեցնում են, որ օջախը մարված է:

Գերմանիայում պետք է վիրահատեն Կարինեի ծունկը, արմունկը եւ աչքը, որպեսզի երեխան կարողանա ինքնուրույն տեղաշարժվել, այժմ փոքրիկը հենակների օգնությամբ է քայլում:

Ալումյանների ընտանիքը բնակվում է Հրազդանի Քաղսի գյուղում: Տիկին Նասիբովան 5 անչափահաս երեխա ունի: Ամիսներով տիկին Շուշանիկը՝ հիվանդ երեխան գրկին, այս հիվանդանոցից այն հիվանդանոց է գնում:

Շուշանիկ Նասիբովայի խոսքերով՝ երեխայի առողջական վիճակը հատկապես վատացավ այն բանից հետո, երբ երկու տարի առաջ օրերով, ամիսներով փոքրիկ Կարինեի հետ՝ ձմռան ցրտին, նախագահականի, ոստիկանության առաջ ամուսնու հետ միասին բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պետությունից ամուսնու՝ քրտինքով վաստակած արտաժամյա աշխատանքի գումարները ստանալու պահանջով: Ընտանիքն այդ գումարներով, որը կազմում էր մոտ 6.5 միլիոն դրամ, պետք է հոգար նաեւ Կարինեի բուժման հարցերը: Ընտանիքն այն աստիճան էր հուսահատված ու հիասթափված, որ Մխիթար Ալումյանը նույնիսկ ինքնահրկիզման փորձ արեց, որը ոստիկանները կանխեցին:

«Առավոտն» այս խնդրին 13.02.2013 թ.-ին անդրադարձել է: Մխիթար Ալումյանը 10 հազար ժամ աշխատել է պետական պահպանության վարչությունում, սակայն ոստիկանությունը հրաժարվում էր վճարել աշխատավարձը՝ պատճառաբանելով, որ գրանցամատյանները կորել են: Ալումյանի բազմաթիվ բողոքներից հետո հատուկ քննչական ծառայությունը պարզել էր, որ Ալումյանն իսկապես աշխատել է, եւ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ: Միայն այդպիսի ծայրահեղ քայլերի գնալուց հետո գումարի որոշ մասը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը որպես օգնություն տվեց:

Գերմանիա մեկնելու շանսը Ալումյանների ընտանիքի համար մի հույս է արթնացրել, որ փոքրիկ Կարինեն մյուս երեխաների նման կարող է քայլել, տեսնել ու բակում խաղալ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728