Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուժակը հարվածել էր զինծառայողին

Փետրվար 25,2015 15:30

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի
անցյալ տարվա դատավճռի դեմ բերված բողոքի քննությունը նշանակվել է
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում՝ մարտի 12-ին:

Հերթական արագացված դատական քննությամբ լսվել էր Արամայիս Գրիգորյանի գործը, հերթական արագացված դատական քննության ժամանակ ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել:

Սակայն բողոք է բերվել:

ՊԲ թիվ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի պետ-բուժակ, կոչումով ենթասպային մեղադրանք էր առաջադրվել 2014 թվականի մայիսի 13-ի հետ կապված: Այդ օրը, ժամը 20:00-ի սահմաններում, նույն գումարտակի հրամանատարական դիտակետում, իր կարգադրությունը պատշաճ կարգով չկատարելու կապակցությամբ, նա վիճել էր նույն գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մերուժան Մարալովյանի հետ: Պետ-բուժակը բռնություն էր գործադրել զինվորի նկատմամբ, հարվածել էր նրա ձախ ականջին՝ վերջինի առողջությանը պատճառելով միջին վնաս՝ առողջության տեւական քայքայումով:

Ըստ դատարանի իրավական վերլուծությունների՝  դատարանը, ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, մասնավորապես՝ բնութագրերը, ԼՂՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի 2014թ. նոյեմբերի 1-ի թիվ 6-6/11530 գրությունը, ամուսնության թիվ ԱԲ051159 վկայականի պատճենը, թվով 2 մեդալների վկայականների եւ 2 պատվոգրերի պատճենները, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 2-ին տրված թիվ 221 տեղեկանքը, եկավ հետեւյալ եզրահանգման. «Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել եւ կատարածի համար զղջացել: Արամայիս Գրիգորյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է տուժող Մերուժան Մարալովյանի վարքագծի հակաօրինականությունը՝ պետի նկատմամբ ոչ վայել պահվածք դրսեւորելը, որով պայմանավորվել է կատարված հանցագործությունը»:

Դատարանը գտնում է, որ Արամայիս Գրիգորյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է դիտել նաեւ նախկինում արատավորված՝ դատապարտված չլինելը եւ դրականորեն բնութագրվելը:

Դատարանն արձանագրել էր, որ Արամայիս Գրիգորյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Կատարած արարքի համար ամբաստանյալ Արամայիս Գրիգորյանը ենթակա է քրեական պատասխանատվության եւ պատժի:

Սակայն դատարանը, հաշվի առնելով Արամայիս Գրիգորյանի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը եւ բնույթը, այդ թվում՝ նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը, հանգել էր նրան, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձեւով:

Դատարանը հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային մի որոշման՝ 2007 թվականի հունիսի 12-ի թիվ ՎԲ-124/07 որոշմանը, համաձայն որի՝ «վկայակոչված հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որեւէ սահմանափակման չի ենթարկվում եւ դրա կիրառումը սահմանափակված չէ նաեւ հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաեւ անձանց շրջանակով, որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել»: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է. «Նշյալ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավոր անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարեւորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է՝ առանց նշանակված պատիժը կրելու»:

ՀՀ վճռաբեկ դատարանը իր 2008 թվականի փետրվարի 1-ի թիվ ՎԲ-01/08 որոշմամբ էլ նշել էր, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաեւ պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման եւ պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը: Սոցիալական արդարությունը վերականգնելու եւ պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո հանցավորի դրսեւորած վարքագիծը, մասնավորապես՝ տուժողին պատճառած վնասը հարթելը կամ այն հարթելուն ուղղված ողջամիտ միջոցներ ձեռնարկելը:

Ըստ դատարանի՝ ամբաստանյալը, չլինելով կալանավորված, չի խուսափել քննությունից ու դատից եւ չի կատարել այլ հանցավոր արարքներ, հետեւաբար հանգել էր այն հետեւության, որ ամբաստանյալ Արամայիս Գրիգորյանի ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձեւով նշանակված պատիժը կրելու, մանավանդ տուժող Մերուժան Մարալովյանը հայտնել էր, որ հանցագործությամբ իրեն անմիջականորեն պատճառված ու չվերականգնված վնաս առկա չէ, հաշտվել է ամբաստանյալ Արամայիս Գրիգորյանի հետ եւ նրանից որեւէ պահանջ չունի, որպիսի պայմաններում պատժի նպատակներից մեկը՝ սոցիալական արդարության վերականգնումը, այդ մասով իրացված է:
Դատարանը Արամայիս Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Իսկ Արամայիս Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով եւ պատիժ նշանակել ազատազրկում չորս տարի ժամկետով: Ա. Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց եւ սահմանեց փորձաշրջան՝ չորս տարի ժամկետով:

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728