Արվեստագետ Կարեն Անդրեասյանի դիտարկումները
«Առավոտն» անդրադարձել է որոշ արվեստագետների այն մտահոգությանը, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի մշակույթի նախարարությունը Վենետիկի բիենալեի իր տաղավարը տրամադրի հատկապես սփյուռքի 18 նկարիչներին, եւ ինչո՞ւ պետք է դա կապվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ:
Արվեստագետ Կարեն Անդրեասյանը (լուսանկարում) փաստում է, որ Բիենալեի ձեւաչափի մեջ երկու կարեւոր բան կա՝ ազգային տաղավարներն ու ընդհանուր ցուցահանդեսը, եւ սա միակ միջոցառումն է, որտեղ ազգային պետությունները կարող են ժամանակակից արվեստի համատեքստում ինչ-որ բան ներկայացնել: Նրա խոսքով. «Էդտեղ հակասություն կա, որովհետեւ ժամանակակից արվեստը դուրս է էդ բաներից, շիզոանալիտիկ հասկացություն է, ազգային արվեստը ունիվերսալ խոսակցություն է… Խնդիրն այն է, թե ինչ շրջանառություն ունի ժամանակակից արվեստը… Կարող է այնպես լինել, որ Վենետիկի բիենալեի տաղավարում ոչ մի հայաստանցի էլ չլինել, կարող է եւ թեկուզ չինացի լինել, դա՛ չէ խնդիրը: Տվյալ պարագայում արվեստագետը այդքան Հայաստանը չի ներկայացնում, որքան ժամանակակից արվեստը՝ Հայաստանի կողմից:
Պետք է կարողանալ տարանջատել գաղափարախոսությունը ժամանակակից արվեստից: Համակարգային իմաստով ժամանակակից արվեստն իր տրամաբանությունն ունի, որը դիմադրում է պետական գաղափարախոսությանը, մշակութային ձեւաչափերին: Երբ անընդհատ խոսում ենք փորձագիտական խորհրդի մասին, նկատի ունենք այն, որ ինքը կարեւոր ֆակտոր է՝ չթողնելու համար, որ բյուրոկրատներն «իրենցով անեն» այդ միջոցառումը՝ Բիենալեն: Ժամանակին Բիենալեն դուրս էր հսկողությունից, ու չինովնիկները չգիտեին՝ ինչն ինչոց է, հետո հասկացան, որ դա ներկայացուցչական փաստ է, սկսեցին խառնվել այդ գործերին… Ու հենց այստեղ է կարեւորվում փորձագիտական խորհրդի դերակատարությունը՝ այն պետք է անընդհատ դիմադրի մշակույթի նախարարությանը, մինչդեռ նման բան չկա: Խորհուրդը միայն անցյալ տարի է աշխատել, այն էլ ոչ լիարժեք»:
Կարդացեք նաև
Կարեն Անդրեասյանի ձեւակերպմամբ, ժամանակակից արվեստը մեր հասարակության մոտ սովորություն չի դարձել. «Այդքան շատ տեղեր չունենք, որ մարդիկ գնային, նայեին, ավելի հանգիստ վերաբերվեին ժամանակակից արվեստին: Ցավոք, այժմ ժամանակակից արվեստն ավելի շատ ընկալվում է արտառոց մի բան, որը ներվայնացնում է»:
Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակը Վենետիկի բիենալեի հետ կապելուն, մեր զրուցակիցը նշում է, որ ժամանակակից արվեստն իր տրամաբանության մեջ կարող էր դրան ընդհանրապես չվերաբերել:
«Ժամանակակից արվեստը գործ ունի «հիմա»-ի հետ, պարադոքսի հետ, էդ պարադոքսի շրջանառությունն է սկսում ապահովել փորձագիտական խորհուրդը, որ ոչ թե ասեն՝ «այս ի՞նչ «անկապություն» են դուրս տալիս», այլ այդ «անկապության» իրավունքը լեգիտիմացվի»,- հավելում է արվեստագետը: Նրա ասելով. «Ցեղասպանության հարյուրամյակը կապ չունի ժամանակակից արվեստի տրամաբանության հետ, եւ խնդիրն այն չէ, թե ով է ներկայացնում: Այս տարվա կուրատորը՝ Ադելինա Չուբերյանը, հայտնի կուրատոր է, բայց ինքն էլ է ստիպված ընկնել պատվերի տակ՝ դուրս գալով ժամանակակից արվեստի տրամաբանությունից: Նա միջազգային համադրող է, բայց չինովնիկները սխալ ձեւով են օգտագործում նրա ռեսուրսը, որը փաստորեն փոշիանում է: Մենք պետք է հասկանանք, որ արվեստը գործընթաց է, իսկ մեզ մոտ անընդհատ ներկայացուցչական բան է կատարվում, ինչ-որ իրադարձության հետ են կապում, «ափալ-թափալ» ինչ-որ բաներ են անում, ընդ որում, մեր ամբողջ քաղաքականությունն է այդ վիճակում»:
Իսկ մրցունա՞կ է Հայաստանում ծնված ժամանակակից արվեստը: Կարեն Անդրեասյանը կարծում է, որ արվեստը մրցում չէ եւ մրցունակության խնդիր չկա. «Պետք է հարցն այլ տեսանկյունից դիտարկել՝ հնարավո՞ր է նախագծեր լինեն, դրսից հղումներ լինեն այդ նախագծերի վրա: Այ դա՜ է արժեքը, ոչ թե իր մրցունակ լինելը: Հիմա Բիենալեի ազգային տաղավարը շատ լավ հարթակ է, հնարավորություն է՝ ցույց տալ, թե ինչքանով չես մնում լոկալ վիճակի մեջ: Ինչ վերաբերում է գումարային մասին, դա էլ կախված է նախագծից, հնարավոր է ոչ մի կոպեկ պետք չլինի, կամ շատ փող լինի, չկարողանան ծախսել»:
Արվեստագետը արձանագրում է՝ ամեն ինչ հանգում է նրան, որ այս տարվա Բիենալեն ընդամենը «գալոչկա» է լինելու Ադելինայի ու 18 հեղինակների կենսագրականի մեջ, ու այդպես էլ չենք կարողանալու ազատվել տեղայնացվածության բարդույթից, սրան զուգահեռ՝ լինելու են բողոքողներ, որոնք, ըստ էության, առանց 18 հեղինակների գործերով հետաքրքրվելու, ասելու են՝ «վա՛յ, մեր իրավունքը տվեցինք սփյուռքին»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.02.2015