Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուրանդոտը» ճանապարհ հարթեց սոպրանոյի համար

Փետրվար 25,2015 14:00

Սիրանուշ Գասպարյանին առաջիկայում
կտեսնենք Ազգային օպերային թատրոնի բեմում

Հայտնի բրենդները, որպես գովազդային դեմք, ընտրում են հայտնի արտիստների: Քաղաքակիրթ երկրներում արվեստագետների նման գործունեությունն ընկալվում է ստեղծագործական կյանքի անբաժան մաս:

Մեր արտիստներն այդ ոլորտում առաջին քայլերն են անում: Վերջին շրջանում Anna Avakian jewelry-ի դեմքն է սոպրանո Սիրանուշ Գասպարյանը (լուսանկարում): Երեւանյան եւ արտերկրյա օպերային թատրոններում դեռեւս հանդես չեկած այս երգչուհուն մեր մասնագետներն ու օպերային արվեստի սիրահարները կարծես «հայտնաբերեցին» 2012թ.՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարումից հետո: «Առավոտին» հասած տեղեկություններով՝ Սիրանուշ Գասպարյանը ընթացիկ տարվա սկզբից դերերգեր է պատրաստում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մեզ հետ զրույցում սոպրանոն ասաց, որ մոտ ժամանակներս հնարավոր է իրեն տեսնեն Լեոնորայի դերերգով՝ Վերդիի «Տրուբադուր» օպերայում: «2014թ. մասնակցեցի ազգային օպերային թատրոնի կողմից հայտարարված մեներգիչների մրցույթին, իսկ 2015թ. հունվարին, դարձյալ մեր թատրոնում, մասնակցեցի վարպետության դասընթացների, որը վարում էր հանրահայտ Լարիսա Գերգիեւան: Հաճելի էր լսել, երբ նա ասաց, թե հուսով է, որ շուտով ինձ կտեսնի մեծ բեմերում… Իհարկե, այս ամենում իր անգնահատելի դերակատարումն ունի թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Siranush_Gasparyan

Իմիջիայլոց, ինչ վերաբերում է «Տուրանդոտ» օպերային, Էդուարդ Թոփչյանը շեշտել էր, որ վերջապես գտել է Տուրանդոտին՝ լսելով Սիրանուշ Գասպարյանի հյութեղ սոպրանոն: Ըստ դիրիժորի, այս դերերգը «դժոխային բարդ է սոպրանոյի համար՝ ընդհուպ այն աստիճան, որ կատարողը կարող է անգամ կորցնել ձայնը»:

Սիրանուշ Գասպարյանը 2009թ. մասնակցելով Մյունխենում կայացած ARD International Music Competition հեղինակավոր միջոցառմանը, իտալացի եւ գերմանացի մենեջերների կողմից պարբերաբար ստանում է մենահամերգների հրավերներ: Հայ երգչուհուն նկատել է նաեւ Ռախմանինովի անվան լեգենդար կվարտետի գլխավոր մենեջեր Սերգեյ Ցեդրիկը, որի հրավերով սոպրանոն համերգներ է ունեցել նաեւ Ռուսաստանի քաղաքներում: Հետաքրքրությանը՝ նույն արտերկրյա մենեջերները ինչո՞ւ չեն հրավիրում օպերային ներկայացումների, արվեստագետը պատասխանեց. «Բազմիցս հրավիրել են, բայց դրանք բոլորը, չգիտես ինչու, եղել են համաշխարհային օպերային գրականության նմուշների փորձարարական բեմադրություններ՝ ինձ համար անընդունելի ժամանակակից ռեժիսուրայով»:

Անդրադառնալով երգչուհու «գովազդային» գործունեությանը, նշենք, որ մեր հանդիսատեսը մանրամասներ չիմանալով հանդերձ, վաղուց նկատել է, որ նա բեմ է դուրս գալիս շքեղ ու հավանաբար թանկարժեք ոսկյա զարդերով: Այս առիթով մեր զրուցակիցը բազմաթիվ օրինակներ բերեց, այդ թվում՝ Սոֆի Լորենի կողմից իտալական հանրահայտ Damiani jewelry-ի զարդերի կրելը, բնականաբար՝ գովազդային «աստառով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728