Երեկ ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ամփոփելով Բելառուս կատարած պաշտոնական այցի արդյունքները, անդրադարձավ նաեւ նախարարության՝ իրականացվող աշխատանքներին եւ ապագայի ծրագրերին: Մասնավորապես, նախարարը օրերս պլանային ծրագրով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում նախարարության կատարած աշխատանքների հաշվետվությունը: «Առավոտի» հարցին, թե նախագահն ինչպե՞ս է գնահատել նախարարության աշխատանքը, Գաբրիել Ղազարյանը պատասխանեց. «Նախարարությունը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մի քանի ծրագրեր է մշակել, որոնց պարոն Սերժ Սարգսյանը հավանություն տվեց: Այդ ծրագրերից են հաշմանդամային սպորտը, համալիր գիտական խմբերի բացումը, որոնք մեր հավաքական թիմերի հետ արդեն հաջորդ ամսից աշխատելու են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին նախապատրաստական փուլում»:
Լրագրողների առաջարկով Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց սպորտային հոգեբանության խնդիրների ուղղությամբ կատարվող աշխատանքները, որտեղ մասնագետների խիստ պակաս է զգացվում: «Բելառուսում գտնվելու օրերին հետաքրքրվեցի նաեւ այդ հարցով: Այնտեղ ֆիզկուլտուրայի համալսարանում գործում է սպորտային հոգեբանության ֆակուլտետ: Մյուս բուհերից, որտեղ դասավանդվում է խորացված ընդհանուր հոգեբանություն, շրջանավարտները այնուհետեւ երկու տարի մագիստրատուրան անցնում են ֆիզկուլտուրայի համալսարանում: Մենք բանակցել ենք մանկավարժական համալսարանի հետ՝ այնտեղ սպորտային մանկավարժության դասընթացներ անցկացնելու հարցով», – ասաց նախարարը եւ ներկայացրեց մի քանի այլ ծրագրեր եւս:
Գաբրիել Ղազարյանը անչափ կարեւորեց մոռացության մատնված ՊԱՊ համալիրի վերակենդանացումը, որը նախատեսվում է սկսել հանրակրթական դպրոցներից եւ բուհերից: Եվ եթե սկիզբը հաջող ստացվեց, հետագայում կներառվի նաեւ բանակը: Գաբրիել Ղազարյանը այս խնդրի շուրջ մտադիր է քննարկումներ անցկացնել մոտ ժամանակներս Մոսկվայում ՌԴ սպորտի նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Հաջորդ առաջնային խնդիրը, որ նախարարությունը դրել է իր առջեւ, հաշմանդամային սպորտն է: «Շարժողական խնդիրներ ունեցող անձինք մեր հասարակության լիարժեք եւ լիիրավ անդամ են ու հաշմանդամային սպորտը սովորականից տարանջատել ոչ մի դեպքում չի կարելի: Դրա համար ունենք ծրագրեր, որոնք կիրականացնենք նաեւ սպարտակիադայի տեսքով: ՀՀ նախագահը նաեւ մի շատ ճիշտ նախաձեռնություն է հանդես բերել. մարզական աշխարհում նախագահի թոշակ ստացողների մեջ ընդգրկել նաեւ հաշմանդամային սպորտի տիտղոսակիր ներկայացուցիչներին», – տեղեկացրեց նախարարը՝ հիշեցնելով նաեւ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որի ծրագրում վերջին մեկնարկի եզրափակիչ փուլում հանդես եկան նաեւ հանրապետության տարբեր մարզերի հաշմանդամ ունեցող ընտանիքները: Ու նաեւ հավելեց, որ հանրապետության ամենամասսայական այդ մարզական միջոցառման ծրագիրը ոչ միայն շարունակական է լինելու, այլեւ մշտապես համալրվելու է նոր միջոցառումներով:
«Առավոտը» խնդրեց անդրադառնալ եւս երկու խնդրի. մարզական ոլորտում, թերեւս, ամենացավոտ լողավազաններին եւ թե ինչո՞ւ անցած տարի չանցկացվեց պետական գերատեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը: «Մի ծրագիր ունենք հանրապետության ամբողջ տարածքում ջրային մարզաձեւերի համար: Մոնիտորինգ է անցկացվելու, որի շրջանակներում պիտի հաշվվեն այն լողավազանները, որոնք չեն գործում: Երբ ընդհանուր պատկերը կունենանք, կմտածենք դրանց վերանորոգման մասին: Բայց սրանք դեռ գաղափարներ են: Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այն բարձրացվել է վարչապետի մոտ եւ եկել ենք նախնական հայտարարի, որ մրցումներն անցկացվեն այլ մարզաձեւերից: Ասենք, տրիատլոնից: Ճիշտ է, ֆուտբոլը սիրված խաղային մարզաձեւ է, բայց ավելի հետաքրքիր չի՞ լինի, եթե գերատեսչությունների աշխատողները միաժամանակ մրցեն լողից, վազքից եւ հեծանվից:
Կարդացեք նաև
Դրա համար անգամ տեղն էր ընտրվել, բայց եղանակային պայմանները խանգարեցին: Այս տարի անպայման անցկացվելու է»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.02.2015