Լրահոս
Օրվա լրահոսը

Եղունգները հուշում են հիվանդությունների մասին

Փետրվար 25,2015 11:00

Գեղեցիկ, առողջ եղունգները վկայում են, որ օրգանիզմն էլ առողջ է, իսկ նրանց կրած չնչին փոփոխությունները հուշում են, որ մեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Եղունգների հիմնական հիվանդություններն են` փխրունությունը, շերտավորվելը, տարօրինակ հետքերի առկայությունը։ Կարող եք նայել ձեր եղունգներին եւ որոշել` առողջ եք, թե ոչ: Հին տիբեթական բժշկությունը մարդու ամեն մատն առանձին օրգանի հետ է կապել. բութ մատը` ուղեղի ու գանգի, ցուցամատը` թոքերի, միջնամատը` բարակ աղիների, մատնեմատը` երիկամների, իսկ ճկույթը` սրտի հետ։ Եղունգների դանդաղ աճը վահանաձեւ գեղձի հիվանդություններ ունենալու նշան է, իսկ եղունգների վրա երկայնական բծերը վկայում են մարսողական համակարգի խաթարման մասին։ Լայնական բծերը սնուցման խանգարման կամ անուշադրության մատնված հիվանդության ախտանիշ են, իսկ երբ եղունգը գոգավոր է, հնարավոր է, որ օրգանիզմում երկաթի պակաս կա: Սպիտակ բծերը խոսում են այն մասին, որ օրգանիզմում ցինկի կամ կալցիումի պակաս կա։

Գունատությունը` սակավարյունության, կարմիր երանգ ունենալը` արյան կարմիր բշտիկների ավելցուկի, իսկ դեղնավուն եղունգները` երիկամների թուլության կամ դեղնախտի նշան են։ Կապտավուն եղունգները սրտի կամ թոքերի հիվանդության, կանաչավունը` մարսողության խաթարման, իսկ անգույն եղունգները սթրեսի կամ ալերգիայի, նաեւ` մրսածության ցուցիչ են։ Մասնագետներն ասում են, եթե եղունգների հիմնամասը կապտագույն է, ուրեմն պետք է ուշադրություն դարձնել երիկամների առողջությանը, իսկ կարմիր հիմնամասի դեպքում` սրտային անբավարարություն է այն ենթադրում։ Եղունգների շերտավորվածությունը` մկնատամի, փսորիազի, էկզեմայի, օջախային ճաղատության ախտանիշ է։

Կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ առողջ եղունգը լինում է հարթ, ողորկ, վարդագույն, փայլուն երանգավորմամբ։ Եղունգը շաբաթական 0.5-1 մմ է աճում ու ամբողջովին փոփոխվում է 3-6 ամսվա ընթացքում։ Կնոջ եղունգներն աճում են ավելի արագ, քան տղամարդունը: Մասնագետներն ասում են, որ աշխատող ձեռքի եղունգները եւս ավելի արագ են աճում, իսկ ձմռանը դրանց աճը դանդաղում է։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728