Գորիսի պետական համալսարանում նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնած բուհի խորհրդի նիստը տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը զանգահարել էր Գորիսի ԵՊՀ-ի ղեկավարությանը եւ հայտնել, որ համալսարանի խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այլեւս խորհրդի նախագահ չէ, այլ խորհրդի նախագահը ինքն է եւ վաղը նիստ է հրավիրում:
Համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը Aravot.am-ին ասաց, որ մարզպետի նախաձեռնած նիստը տեղի չի ունեցել, քանի որ խորհրդի կազմի փոփոխության մասին կառավարությունից համապատասխան փաստաթուղթ կամ ծանուցում չեն ստացել. «Խորհրդի անդամների փոփոխությունը հաստատվում է կառավարության որոշմամբ: Այսօրվա դրությամբ Վահե Հակոբյանը խորհրդի նախագահն է»: Ռեկտորի խոսքով, մինչեւ խորհրդի անդամների փոփոխության մասին կառավարության որոշումը չստանա, ինքը մարզպետին խորհրդի նիստ անցկացնելու թույլտվություն չի տա. «Խորհրդի նիստը եղել է հունվարի 30-ին, ես էլ հաշվետվություն եմ ներկայացրել: Նիստերը տարեկան մեկ, առավելագույնը երկու անգամ է լինում, իսկ այսքան շուտ նորից նիստ հաստատ չի հրավիրվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ