Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
Հայտարարությանս անհրաժեշտությունը, թերևս, չէր լինի, եթե 2 օր շարունակ իբրև կառավարման ճգնաժամի ցայտուն օրինակ անհեթեթորեն և բացարձակ անհիմն չշահարկվեր այսպես կոչված «աննախադեպ իրադարձությունը», այն է՝ առաջին անգամ 1991 թվականից ի վեր մենք ունենք միջազգային փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը ամրագրվում է իբրև Ադրբեջանի տարածք: Խոսքն, իհարկե ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված զեկույցի նախագծի վերնագրի մասին է: Ոմանց կարծիքով, պոպուլիստական այս արտահայտությունները հրամցնելը ժողովրդին իբրև բացարձակ ճշմարտություն երևի թե կավելացնի վարկանիշը և կշիռ կհաղորդի այն անկշիռ մեղադրանքներին, որ երկու օր է հնչում են:
Գործընկերոջս հիշողությունը թարմացնելու համար կարելի է նշել մի քանի միջազգային փաստաթուղթ՝ 2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 62-րդ նստաշրջանում ընդունված հայտնի բանաձևը՝ իր «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում՛՛ վերնագրով, 2005 թվականի հունվարի 25-ին նույն ԵԽԽՎ-ում ընդունված 1416 բանաձևը՝ իր “ԵԱՀԿ Մինսկի համաժողովի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը» վերնագրով, որտեղ կոնֆլիկտը ներկայացվում է իբրև տարածքային վեճ, և այլն:
Կարդացեք նաև
Օրինակները, ցավոք, բազում են, և հենց 1990-ականներից ի վեր: Սակայն ես կխուսափեի գործընկերոջս օրինակով հրճվանք ապրել նրանց գոյության փաստից, քանզի կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց կան հարցեր, որոնցում մենք պետք է լինենք միակարծիք, և այդ առաջնահերթ հարցերից մեկն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծումը: Եվ ես հրաժարվում եմ հավատալ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կտպավորվեն այս ոգևորությունից, որ հենց իշխանություններն են, որ ձախողել են ԵԽԽՎ-ում աշխատանքները:
Հայաստանի հասարակությունը համաեվրոպական կառույցների աշխատակարգերին քիչ է ծանոթ, և շատ հեշտ է այնտեղ կատարվածը ներկայացնել իբրև աննախադեպ ձախողում, պարտություն, վատ աշխատանք, և այլն: Սակայն կան փաստեր, որ ակներև են: ԵԽԽՎ պատվիրակության 8 անդամներից միայն 3-ն են իշխանության ներկայացուցիչներ, և պատվիրակությունը որոշումներն ընդունում է քննարկումների արդյունքում:
Իսկ գործընկերոջս կողմից այսօրվա հնչեցրած մեղադրանքին՝ թե իբր քաղաքական հանձնաժողովը մեր դեմ է տրամադրված, հարց եմ ուզում հնչեցնել՝ հարգելի գործընկեր, ձեր քաղաքական խմբի՝ լիբերալ-դեմոկրատների քվեարկությունը ինչու՞ էր ադրբեջանամետ: Արդյո՞ք Դուք բավարար աշխատանք էիք տարել լիբերալների քաղաքական ALDE խմբում… Մեկնաբանություններն ավելորդ են:
ԵԽԽՎ աշխատակարգը թույլ է տալիս ունենալով հանդերձ ամենահայանպաստ զեկույցի նախագիծ, վերնագիր, զեկուցող ընդունման օրը փոփոխություններով և քվեարկություններով ունենալ լիովին այլ՝ հակաբևեռ պատկեր: Պատվիրակության ընտրած զեկույցի բոյկոտի ճանապարհը այն դարձնում է միակողմ և թույլ: Սա էլ որպես հեռահար նպատակ:
Ինչևէ, չեմ ուզում շատ երկար ծավալվել, և ևս մեկ անգամ հնչեցնել, որ պատվիրակության որոշ անդամների աշխատանքը հաճախ Ստրասբուրգում և հայաստանյան խոսափողների մոտ խիստ տարբեր է լինում, կցանկանայի մեկ հորդոր հնչեցնել՝ ազնիվ եղեք ժողովրդի հետ: Ինչպես Բուլգակովն է ասել. «Ճշմարտությունն ասելը հեշտ է և դյուրին»: