Այսօր կայացած Վանաձորի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը ավագանուն առաջարկեց ավագանու 4-5 անդամներից կազմել հանձնաժողով, ամեն ամիս կազմակերպվող բնակիչների ընդունելությանը մասնակցելու և նրանց խնդիրներով քաղաքապետարանի հետ միասին զբաղվելու համար: Առաջարկն արժանացավ նաև ավագանու անդամների հավանությանը: Քաղաքապետը հանձնարարեց հանձնաժողովը ստեղծել առաջիկա տասն օրեր ընթացքում:
Նիստի օրակարգ մտցված էր 14 հարց, որոնց մասին ընդունվեցին որոշումներ: Իսկ որպես տասնհինգերորդ հարց նշված էր «Այլ հարցեր»: Այլ հարցերի մասով չկային որոշումների նախագծեր: Հարց քննարկվեց Վանաձորի պատմությանը նվիրված գիրք հրատարակելու համար գրքի հեղինակին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին: Խոսքը գնում էր մոտ մեկ միլիոն դրամի մասին: Քաղաքապետի առաջարկությամբ ավագանին որոշեց հարցը քննարկել դռնփակ: Նիստը շարունակվեց դռնփակ`առանց նիստին ներկա բնակիչների և լրագրողների: Նիստի ավարտից հետո տեղեկացանք, որ նիստի օրակարգում նախագիծ չունեցող հարցի մասով որոշում է կայացվել և գրքի հեղինակին տրամադրվելու է հինգ հարյուր հազար դրամ:
Հենրիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ