Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ ՄԶԳ-ի հետ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է արդյունավետ համագործակցություն»

Փետրվար 24,2015 18:43

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի պաշտոնակատար տիկին Սյուզան Ֆրիցին և  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն տիկին Կարեն Հիլիարդին:

Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել երկարատև և արդյունավետ համագործակցության համար: Այնուհետև նախարարը հիմնական ուղղություններով ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում  վերջին տարիներին իրականացված բարեփոխումները:
Արտեմ Ասատրյանը կարևորել է ԱՄՆ  ՄԶԳ շարունակական աջակցությունը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ՝ շեշտելով միասնական ընդունարանի և սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է  կատարվել նաև  երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումներին: Տիկին Ֆրիցին չհետաքրքրվել է, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացվում  հաստատությունները «բեռնաթափելու» ուղղությամբ:

«Մեր նպատակը մեկն է՝ երեխան պետք է ապրի ընտանիքում և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ, երեխային որդեգրման կամ խնամատար ընտանիքներ ուղղորդելուն զուգահեռ, պետք է ստեղծվեն այլընտրանքային ծառայություններ՝ վերականգնողական, ցերեկային խնամքի կենտրոններ: Պետք է խորքային կարիքների գնահատում իրականացվի, պարզելու երեխայի՝ հաստատություն հայտնվելու պատճառները: Միայն կարիքի խորքային գնահատումն ու  դրա հիման վրա կատարված կանխարգելիչ աշխատանքները թույլ կտան խնդրին տալ համակարգային լուծում»,-իր խոսքում կարևորել է նախարարը:

Քննարկվել է նաև սոցիալական պաշտպանության ոլորտում IBM-ի հետ ստորագրված համագործակցության հուշագրի դրույթների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս համատեքստում ԱՄՆ ՄԶԳ-ի հնարավոր ներգրավումը:

Հանդիպման  ավարտին Սյուզան Ֆրիցը շնորհակալություն  է հայտնել նախարարին սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրված արդյունավետ ջանքերի  և արձանագրված հաջողությունների համար: Նախարարն էլ իր հերթին  նշել է, որ ոլորտում կատարվող բոլոր աշխատանքները իրականացվում են միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում և հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ունեցած  սերտ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728