Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Ինչքան Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այնքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը»

Փետրվար 24,2015 18:25

«Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, փաստորեն, կապիտուլյացիայի ենթարկվեց, դեռեւս չսկսված»,- փետրվարի 24-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքերով՝ դեռեւս 2011 թվականին բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարի ճարտարապետ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսեց կազմաքանդել 2008 թվականից սկսած հզոր համաժողովրդական շարժումը: Իսկ բուրժուադեմոկրատական կառույցի ողնաշարը միս ու արյուն ստացավ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ. «Հայ ազգային կոնգրես դաշինքը ընտրարշավը տանում էր շատ հոգնած, անհետաքրքիր, զուգահեռ դրան Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ ակտիվ մասնակցում էր ընդհանուր ընդդիմադիր շտաբի աշխատանքներին: Իրականում ուղղակի կամ անուղղակի Հայ ազգային կոնգրեսի ղեկավարների կողմից հաղորդագրություն ուղարկվեց համաժողովրդական շարժման համակիրներին, ընտրազանգվածին, որ ԲՀԿ-ն եւս ընդդիմություն է, եւ ընտրազանգվածի մեծ մասը՝ առանց խղճի խայթի 10-15 հազար դրամով գնացին եւ իրենց ձայնը տվեցին ԲՀԿ-ին՝ որպես ընդդիմադիր ուժի»:

Պարոն Մակեյանը հավելեց՝ 2012 թվականից հետո կազմաքանդվեց համաժողովրդական շարժումը եւ սկսվեցին կառուցվել բուրժուադեմոկրատական հեղափոխության հենասյուները. «Իրականում, մենք այն ժամանակ էլ էինք քննադատում, որ հնարավոր չէ օլիգարխը՝ Հայաստանի իշխանությունների պարագայում դուրս գա իշխանությունների դեմ: Եվ ՀԱԿ-ի երիտասարդները մեզ համարում էին իշխանության մարդիկ: 2014 թվականի աշնանը գործընթացները կարծես թե գնում էին իրենց շահեկան ուղղությամբ: 2014 թվականի այն երկու հանրահավաքից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց համաժողովրդական շարժում, դա բլեֆ էր. Չի կարող երկու հանրահավաքից հետո ձեւավորվել համաժողովրդական շարժում»:

Պետրոս Մակեյանի կարծիքով՝ երկու հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանի հրամանով հանրահավաքները դադարեցին: Նա համարում է, որ ՀԱԿ-ն այդ ժամանակ դժգոհ մնաց ԲՀԿ-ից, իսկ նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց Սերժ Սարգսյանը: «Ե՛վ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը ուներ հաղթելու հնարավորությունը, բայց իրականում այստեղ աշխատելու էր նա, ով ավելի ակտիվ էր գործելու: 2013 թվականից հետո, երբ եռյակը որեւէ քայլ չկատարեց, արդեն մեզ համար պարզ էր, որ իշխանությունը առավելություններ է ունենում այս մրցակցության մեջ»:

Ըստ նրա՝ եռյակը պետք է հաշվարկեր, որ իշխանությունը շատ արագ է գործելու, եւ գործողություններ ձեռնարկեր 2014-ին եւ 2015-ին: Իսկ Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին մեղադրանքները, նրա համոզմամբ, ե՛ւ հիմնավոր էին, ե՛ւ անհիմն. «Ինչքան Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այնքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչ-որ չափով նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը խորթ եղբոր կարգավիճակ ունի: Այս առումով համարում եմ, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը չսկսված տապալվեց առաջնորդների պատճառով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728