Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Հայաստանը տարածաշրջանում մնացած միակ կամուրջն է, որի հետ լուրջ հույսեր են կապում Արեւմուտքն ու Արեւելքը»

Փետրվար 24,2015 18:13

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

Ճգնաժամի հարցը դարձրինք քննարկման թեմա եւ քննարկումը նախաձեռնողները հայտնվեցին ճգնաժամի մեջ, ցավոք, երբ խոսում ես ինչ-որ հարցերի շուրջ եւ կանխավ մտածում ես թե դու անսխալական ես, ինքդ ես ընկնում ծուղակը,վերամբարձ եւ պաթետիկ տոնայնությունը երբեք ճիշտ լինելու երաշխիք չի տվել: Այստեղ նշվեց, որ Հայաստանը որպես պետություն դուրս է մնում աշխարհաքաղաքական զարգացումներից: Ո՞ր զարգացումներից է դուրս մնացել: ԵՏՄ  տնտեսական տարածքին ինտեգրվելու՞: Դուք էլ դրան դե՞մ եք եղել: Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի՞ց է դուրս մղվել: Բա ինչու՞ է Տրայան Հրիստեան հայտարարում, որ Եվրամիությունը եղել է, կա ու լինելու է Հայաստանում, որ Հայաստանը իրենց համար կարեւոր գործընկեր է, ինչու՞ են մեր երկրի նախագահին Ռիգայի գագաթաժողով  հրավիրում:

Ինչու՞ են ԱՄՆ Պետդեպարտամենտի ու Միջազգային զարգացման գործակալության պաշտոնյաները գալիս Հայաստան: Լսեք, թե ինչ է ասում Իրանը, որի համար Հայաստանը հուսալի ու ցանկալի գործընկեր է, ինչպես Հայաստանի համար Իրանը: Վրաստանի խորհրդարանի նախագահն էր մի քանի օր առաջ այս շենքում, եկել էր մեզ մեկուսացնե՞ր: Ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի: Երբ տեսավ ու լսեց, կհասկանա, որ Հայաստանը  տարածաշրջանում մնացած միակ կամուրջն է, որի հետ լուրջ հույսեր են կապում Արեւմուտքն ու Արեւելքը:

Ճգնաժամ, այո, կա, եւ, ցավոք, մեր ներքին կյանքում է, քանի որ ընդդիմություն ունենալու հաճույքը մեզ տրված չէ,  ընդդիմությունից ամեն մեկը  հայտնի առակի եռյակ կենդանիների պես  իր կողմը քաշեց այնքան, որ քաշվեց  եռյակով ու եռակի, եւ կարիք չկա այս  իրողության մեջ մեղավոր համարել այլոց: Նայեք ձեր ներքին խոհանոցից ներս, տեսեք, թե ով է այնքան աղ լցրել, որ այդ ճաշն ուտելու բան չէ: Պարզապես՝ ոչ Ձեր  խոհարարն է խոհարար, ոչ էլ  բաղադրությունն է բաղադրություն:

Այո, մենք խնդիրներ ունենք, լիքը, բազմազան, բայց  ունենք նաև  ցանկություն եւ ուժ, այդ խնդիրները լուծելու եւ լուծում ենք, իսկ ոմանք ոչ ոտքի տակ հող ունեն, ոչ ծրագիր եւ ոչ էլ՝ կամք, մեկը իմպիչմենտի գործընթաց է սկսում, տապալվում է, մեկը ճգնաժամի մասին հարց է ներկայացնում, երբ ինքն է ճգնաժամի մեջ, մեկը հետին թվով ճշմարտություններ է բացահայտում, լացում ու  լացացնում, մյուսները իրենց  փորձառու են համարում, ուզում են իբր հաշտության հարթակ դառնալ, երբ մի կարգին կռվող ու կռիվ էլ չկա…

Ու եթե կուզեք, ինձ համար էս ամեն ինչից շատ ավելի կարևոր էր, որ կիրակի օրը թուրքական մի թերթ հայտարարեց, որ Գալիպոլիի տոնակատարությունը չի կայանալու, մեկն էլ, թե՝ կայանալու է, նշանակում է՝ մինչև մենք էստեղ քննարկում ենք Հայաստանում կառավարման համակարգի ճգնաժամն ու չճգնաժամը, աշխարհում մեզ համար շատ ավելի կարևոր գործեր են արվում ու մենք պատրաստ պիտի լինենք:

Ու վերջում ասեմ՝ առաջ նայեք, տիկնայք ու պարոնայք, առաջ նայեք, եթե նույնիսկ վախենում եք, որ այնտեղ ձեզ չեք տեսնի, առաջ նայեք, որ ձեզ նայող մնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728