PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով փետրվարի 20-ին Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում կայացած խառնաշփոթին, որին նախորդել էր 1000 դրամանոց էլեկտրատեխնիկա գնելու մասին գովազդը, նշեց. «Հայաստանում կրկես, որպես էդպիսին, չունենք, եւ Ազգային ժողովի կամ նման իրադարձությունների միջոցով փորձ է արվում այդ բացը լրացնել: Բայց ցավոք սրտի, եթե Ազգային ժողովի պարագայում կարելի է նման բան թույլ տալ, ապա չունեւոր մարդկանց, էժան գնով իրեր ձեռք բերելու ցանկություն ունեցող անվճարունակ մարդկանց պարագայում, դա ճիշտ չէ:
Եթե կհիշեք, Աբովյանում եկեղեցու բացման ժամանակ եւս նման մի բան տեսանք, թե ինչպես էին մարդիկ սեղաններից ուտելիք վերցնում: Նաեւ մի ժամանակ ասում էին, թե մարտի 1-ին օպերայում վրանների տակ ինչքան բոմժ կար՝ գալիս էր պիցա ուտելու, բայց որեւէ մեկը չէր հարցնում՝ կներեք, իսկ ինչո՞ւ այսքան բոմժ կա այս երկրում, որ գալիս է պիցա ուտելու, եւ արդյոք բոմժը մարդ չէ՞, որ այս պահին սոցիալական նման վիճակում է գտնվում, չունի այն եկամուտը, որ գնի ուտելիք, տեխնիկան կամ պիցա: Սեփական ժողովրդի վրա լծակներ օգտագործելով նման ռեյտինգ, դիվիդենդ հավաքելն ուղղակի անընդունելի է:
Ինչքան մենք Հայաստանում տխրեցինք դրանից, երեք այդքան ուրախացան մեր որոշ հարեւաններ՝ այդ տեսանյութերը տեսնելով: Իրենց լրատվական ալիքներով դա հաստատ հեռարձակվել է՝ որպես մեր երկրի նկարագիր»:
Իսկ արդյո՞ք PR էր անում էր այդ հողի վրա տվյալ ընկերությունը, այս հարցի առնչությամբ էլ Հայկ Կիրակոսյանը նշեց. «Ես ավելի քան համոզված էի, որ անում էր, որովհետեւ հեռարձակվում էր մեկնաբանությունը, որը տվել է իրենց աշխատակիցը, այդ ֆոնին երեւում էր իրենց ընկերության լոգոն եւ այլն եւ այլն: Մենք, փաստորեն, ունենք անբարեխիղճ գովազդի մասին օրենք , որի խնդիրն է կարգավորել օրենքը, ակցիաները, զեղչերը: Որքան հիշում եմ՝ էլեկտրատեխնիկայի խանութներից մեկին մի քանի անգամ տույժերի ենթարկեցին,որովհետեւ ինքը զեղչեր էր հայտարարել, բայց դրանք չէին կիրառվում: Հիմա այս պարագայում մարդիկ են ոտքի տակ ընկել, ծեծուջարդ է եղել, ապրանք է կոտրվել, ու այս ամենը, իմ կարծիքով պետք է նաեւ իրավական դաշտում դիտարկվեր՝ էդ ի՞նչ եք արել, որ այդպիսի բան է եղել: Սակայն, դրանով հետաքրքրված չեն:
Կարդացեք նաև
Դա իշխանություններին ուղղված միտինգ չէ, որ վերահսկեն ու այնքան մարդ ուղարկեն, որքան ցուցարարների թիվն է, այս պարագայում շահերն այլ էին, դրա համար դա տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Նաեւ ասեմ, որ սա լավագույն PR-ը չէր այդ ընկերության համար, որովհետեւ PR-ում չգրված օրենք կա՝ էթիկական կանոններին դեմ չգնալ: Իմիջիայլոց, երբ երեւանյան «սեւ ուրբաթը» տեսա, առաջին ասոցիացիան Բուլգակովի հանրահայտ «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի այն դրվագի հետ էր, երբ Վոլանդը ներկայացում է կազմակերպում ու այնտեղ անվճար հագուստ բաժանում՝ կանայք բարձրանում են բեմի վրա, իրենց հագուստը թողնում այնտեղ, ստանում ժամանակակից ֆրանսիական հագուստ, աքսեսուարներ, վերջում էլ հանդիսատեսի գլխին գումար է թափվում, բայց հաջորդ օրը պարզվում է, որ ամբողջ քաղաքը մնացել է առանց հագուստի, իսկ փողերը վերածվել են թղթի կտորների: Այսինքն այսօր էլ այդ հարցը դեռ արդիական է՝ մարդիկ պատրաստ են «մերկանալ» 1000 դրամանոց հեռուստացույցի համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պահ տեսաք, ամենազարգացած եվրոպական երկրներում էլ է նույնը: