Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ ԲՀԿ-ՀՀԿ խնդիրների մասին. «Եթե չարիքն եք ուզում վերացնել, չարիքը ծնողին գտեք»

Փետրվար 24,2015 17:47

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բերձորի դեպքերին: Նրա խոսքերով՝ «Հունվարի 31-ին Բերձորի մոտակայքում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ Հիմնադիր խորհրդարանի անդամները դաժան ծեծի ենթարկվեցին՝ ծանրագույն հարված էր ԼՂՀ պետականությանը: Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Ստեփանակերտ՝ քննարկելու այդ հարցը: Իմ դիրքորոշումը եղել է միանշանակ՝ ծեծի ենթարկած անձինք ԼՂՀ օրենսդրությամբ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, դրան պետք է հետեւեն բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ: Բայց մինչ օրս փաստի առիթով նույնիսկ քրգործ չի հարուցվել: Ես կրկնում եմ այնտեղ իմ ասածը՝ խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, անփութություն դրսեւորած պաշտոնյաները պետք է պաշտոնանկ արվեն օր առաջ: Եթե մենք չանենք դա, Բերձորի միջադեպը դառնալու է ԼՂՀ պետականությունը, նրա հեղինակությունը վարկաբեկող գործոն»:

Նա կոչ արեց պետություն-ախպերությունից ընտրություն կատարել հօգուտ պետության:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ խոսեց ԲՀԿ-ՀՀԿ խնդիրներից: Նրա խոսքերով՝ վերջին օրերի լարվածությունը անձնական վիրավորանքների դաշտ էր մտել. «Ի պատիվ գլխավոր դերակատարների, պետք է ասել, որ նրանք կարողացան ճիշտ գնահատել իրավիճակը: Վատագույնից առայժմ խուսափել են, բայց հարցերը մնում են չլուծված: Պետք չէ պարտվող եւ հաղթող գտնել»:

Նա հորդորեց անկեղծ քննարկումներ կազմակերպել եւ գտնել խնդիրների լուծման ճանապարհը, որը կլինի քաղաքական զինադադարին հաջորդած լավագույն քայլը. «Եթե չարիքն եք ուզում վերացնել, չարիքը ծնողին գտեք: Չարիք է համակարգը: Ով համակարգի մեջ է՝ պաշտպանված է եւ ապահով, ով ոչ՝ հայտնվում է նրա մամլիչի տակ: Այս դրվածքը փոխելը հրամայական է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728