ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Մարտի 1-ի գործին եւ ուշագրավ է, որ այդ գործի շրջանակներում ՀԱԿ-ը նորից սկսեց շոշափել Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հարցը:
Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ Մարտի 1-ի ոճրագործության 7-րդ տարին է լրանում, բայց ոչ մարդասպաններն են պատժված, ոչ այդ սպանդի կազմակերպիչները: ՀՔԾ պետն է փոխվել, ոստիկանապետն է փոխվել այս ընթացքում, քննչական խմբի ղեկավարը, բայց ունենք այն, ինչ ունենք. «Միակ նորությունը գլխավոր դատախազի՝ սպանությունների գործերը մայր գործից առանձնացնելու եւ առանձին վարույթներով քննելու հանձնարարականն էր: Եթե վերհիշենք, թե ինչպես 7 տարի առաջ հետընտրական գործընթացների հետ որեւէ առնչություն ու կապ ունեցող, յուրաքանչյուր շինծու հաղորդում ու նյութ, քրգործում մեղադրանք ինչ օպերատիվությամբ էր պահանջում ու միացվում Մարտի 1-ի մայր գործին, հանձնվում գլխավոր դատախազի անմիջական հսկողության տակ գործող քննչական խմբի վարույթ: Քրեական իրավունքից ու դատավարությունից քաջատեղյակների համար պարզ ու հասկանալի նպատակով էր արվում՝ հանկարծ որեւէ դատախազի ու քննիչի մտքով չանցնի իրադարձություններին տրված իշխանական մեկնաբանություններին ու գնահատականներին հակասող որեւէ քայլ ձեռնարկել ու Աստված չանի որոշում կայացներ: Արդյունքում՝ գործը շուռ տվեցին գլխիվայր, եղան կամայական, անգրագետ ու սխալ գնահատականներ: Պատճառները ներկայացվեցին որպես հետեւանք, հանցագործները դարձան տուժողներ, տուժողները՝ մեղադրյալներ ու դատապարտյալներ: Իրավապահ ու դատական բոլոր մարմինները այլասերեցին իշխանության հրահանգով արդարադատությունը»:
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, հետո պարզվեց, որ Մարտի 1-ի գործի նախաքննությունն ավարտվել է ու այդպես էլ քննության առարկա չեն դարձել Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հակասահմանադրական հրամանագիրը, զինված ուժերի ապօրինի գործադրումը, Մարտի 1-ի սպանդին ավազակախմբերի մասնակցության եւ շատ հարցեր»:
Գագիկ Ջհանգիրյանը եզրակացրեց, որ ժամանակ են ձգում՝ կամ էշը կսատկի, կամ էշատերը տրամաբանությամբ. «Մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ