Վահան Համազասպյանը ստեղծված ներքաղաքական իրավիճակում տեսնում է նաեւ ընդդիմության մեղքը:
«Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը փետրվարի 24-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ լարվածություն չառաջացնելու քայլը:
«Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրն այսօր Եղեռնի հարցն է, եւ 100-ամյակի նախօրյակին նման հարցեր բարձրացնել չի կարելի: Այստեղ ես չեմ մեղադրում ո՛չ Սարգսյանին, ո՛չ Ծառուկյանին: Ես այստեղ իշխանություններից բացի տեսնում եմ մեր ընդդիմության մեղքը. մեր ընդդիմությունում արդեն քսան տարի է՝ նույն մարդիկ են հանդես գալիս նույն կոչերով, միտինգներով, իշխանափոխության ձգտումներով, բայց մարդկանց դա չի հետաքրքրում, մարդկանց հետաքրքրում են աշխատատեղեր»,- ասաց նա:
Պարոն Համազասպյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում տեսնում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրը. «Բելգիայից շատ տգեղ էր նայել հակակառավարական ելույթները, որոնք կազմակերպված էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Եղեռնի 100-ամյակին ընդառաջ այդպիսի ցույցեր կազմակերպելը շատ տգեղ էր: Բայց կարծում եմ՝ սա պարոն Ծառուկյանի նախագիծը չէր: Այս նախագիծը շատ օգտակար էր Թուրքիայի համար, բայց այստեղ ամենաշատը տուժեց տնտեսությունը»:
Կարդացեք նաև
Վահան Համազասպյանը անդրադարձավ նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտնի հարցազրույցին. «Շատ տգեղ էր Աշոտյանի զազրախոսությունը հանրապետությունում հայտնի, սիրված տնտեսական գործչի՝ Ծառուկյանի մասին: Ըստ իս՝ մենք չունենք գիտության, առավել եւս կրթության նախարար, չի մտածո՞ւմ, որ իր ելույթները լսում են բոլորը: Ուսուցիչները, դպրոցականները, ուսանողները ի՞նչ սովորեցին այդ ելույթից, գիտության նախարարը պետք է հասկանա, որ ինքն այն պաշտոնում է, որի ենթակաները եղել են Օրբելին, Վիկտոր Համբարձումյանը, Մերգելյանը եւ այլք: Նա իրավունք չունի իրեն թույլ տալ այսպիսի բամբասանքներ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ