Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության վերականգնողական կենտրոնի լիցենզիան կասեցվե՞լ է

Փետրվար 24,2015 16:49

 Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից այս տարվա հունվարի 16-ին հարուցվել էր վարչական վարույթ՝ «Ռ եւ Պ ՍԿԷՆԱՌ առողջության վերականգնողական կենտրոն» ՍՊ ընկերության դեմ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը, դիմելով առողջապահության նախարարությանը, հայտնել էր, որ տվյալ ընկերության կողմից խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման եւ 2008թ. մարտի 27-ի N276-Ն որոշման պահանջների կատարումը: Առողջապահության նախարարությունը պարզել է, որ այս տարվա հունվարի 16-ից մինչեւ 27-ը առողջության վերականգնողական կենտրոնը գործել է 3 հասցեներում:

Մուրադ Ասրյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առողջապահության նախարարությունը զննումների արդյունքում պարզել է, որ տվյալ վերականգնողական կենտրոնը բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ընթացքում օգտագործում է «ՍԿԷՆԱՌ» սարքավորումը, որը նախատեսված չէ բժշկական ընդհանուր պրակտիկա իրականացնող կաբինետի սարքավորումների եւ բժշկական գործիքների պարտադիր պահանջի մեջ: Ի դեպ, վերականգնողական կենտրոնի տնօրենից պահանջվել էր կենտրոնի բժիշկների համապատասխան հետդիպլոմային կրթության եւ վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու մասին փաստաթղթերը, ինչպես նաեւ միջին եւ կրտսեր բուժաշխատողների տվյալները: Առողջապահության նախարարությունը փաստել էր. «Ինչպես բազմաթիվ անգամ տնօրենը ներկայացրել է ինքն իրեն, նա կրթությամբ վիրաբույժ է, աշխատել է առողջապահության կազմակերպիչ՝ խախտելով ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման հավելվածի 1-ին-ի 1.1-ի պահանջը»:

ՍՊԸ տնօրենը առողջապահության նախարարությունից 2004թ. ապրիլի 13-ին ստացել է արտահիվանդանոցային բժշկական ընդհանուր պրակտիկա ախտորոշիչ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակով զբաղվելու անժամկետ լիցենզիա, սակայն ըստ ԱՆ-ի՝ «նա իրականացնում է մասնագիտացված, նեղ մասնագիտացված, ինչպես նաեւ նեղ մասնագիտացված մանկական՝ քիթ-կոկորդ-ականջաբանական, օրթոպեդիական բժշկական օգնություն՝ խախտելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջները»:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արամ Պետրոսյանի պաշտոնական գրությամբ փաստաբան Մուրադ Ասրյանին  2015թ. փետրվարի 12-ին տեղեկացվել է՝ «հիմք ընդունելով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169-րդ հոդվածի պահանջները, արտահիվանդանոցային բժշկական ընդհանուր պրակտիկա, ախտորոշիչ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակով զբաղվելու» համար կասեցնել ընկերության գործունեությունը, իսկ ֆինանսների նախարարությանն էլ ուղարկվել է գրություն՝ տնօրեն Ռուբեն Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու համար»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728