Վահան Համազասպյանն առաջարկում է Սպիտակի աղետի գոտում վերականգնել արդյունաբերությունը:
«Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ Ծառուկյանի մոտ սկսել ստուգումները, առիթ դարձավ, որ մեր գործարարը շատ պասիվանա»,- փետրվարի 24-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
Նա համարում է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգուտը կլինի այն, որ «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունները միասնականություն ցուցաբերեն եւ գործարարների հետ միասին մտածեն, թե ինչպես կարելի է կազմակերպել Հայաստանի արդյունաբերությունը, ինչպես դուրս գալ ճգնաժամային իրավիճակից: Սակայն, պարոն Համազասպյանը դժգոհ է նաեւ կառավարությունից, քանի որ, չունենալով կոնկրետ ծրագիր, 20 տարի մերժում է արեւային էներգիայի զարգացման հնարավորությունը Հայաստանում: Ըստ նրա՝ արեւի էներգիան այն ճյուղն է, որը կարող է ճգնաժամից դուրս բերել Հայաստանի տնտեսությունը:
«Շատերին թվում է, որ Հայաստանի վիճակը շատ վատ է, ես բարձր եմ գնահատում մեր արտաքին քաղաքականությունը՝ մեր նախագահի վարած քաղաքականությունը եւ համարում եմ, որ Հայաստանն այսօր Ամերիկա-Ռուսաստան հակամարտության պայմաններում կարող է շատ օգուտներ քաղել: Ճիշտ է, Հայաստանը շատ փոքր երկիր է, շախմատային լեզվով ասած՝ ընդամենը «պեշկա» է, բայց նա շատ պահանջված է ե՛ւ Ամերիկայի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Չինաստանի համար: Մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Վահան Համազասպյանը հանդես եկավ նաեւ առաջարկությամբ՝ նա առաջարկում է Սպիտակի աղետի գոտում վերականգնել արդյունաբերությունը եւ այնտեղ ստեղծել աշխատատեղեր. «Մենք այդ հնարավորությունը ունենք, մենք պետք է վստահ լինենք մեր ուժերի վրա, եւ այն ծրագիրը, որ մենք երկար տարիներ կրում ենք, նրա կիրառումը թույլ կտա լուծել աղետի գոտում աշխատատեղերի հարցը: Հետո այդ հնարավորությունը տեսնում ենք նաեւ սփյուռքում: Հայաստանը պետք է հրաժարվի միայն Հայաստանում արդյունաբերությունը զարգացնելու գաղափարից, մենք պետք է ունենանք սփյուռքի տնտեսություն, սփյուռքի արդյունաբերություն եւս»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ