Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը Լեւոն Զուրաբյանին «թուլամորթ» անվանեց 

Փետրվար 24,2015 15:59

Ազգային ժողովում կառավարման ճգնաժամի վերաբերյալ եռյակի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի  և Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած քննադատություններին, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթին: Լևոն Զուրաբյանն իր ելույթում Հերմինե Նաղդալյանին մեղադրեց ԵԽԽՎ-ում Հայաստանի ձախողման համար: «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով ԵԽԽՎ զեկույցին անդրադառնալով՝ Զուրաբյանն ասաց, որ դրա պատասխանատուն ու մեղավորը Նաղդալյանն է: «Ձեր անհեթեթ ու անքաղաքակիրթ ելույթով անգամ Հայաստանի դաշնակիցներին տրամադրեցիք մեր դեմ, Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակ տարավ»,- ասաց Զուրաբյանը: Հերմինե Նաղդալյանի պատասխանը չուշացավ: Նա պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանին մեղադրեց անհեռատես ու կարճամիտ լինելու մեջ. «Պարոն, Զուրաբյան, ձեզ նման անհեռատես և կարճամիտ քայլեր անեի՞, պատվիրակությունը քննարկեց բոլոր կարծիքները, ձեր առաջարկն անհեռատես համարվեց: Ես ինքս այդ կարծիքի կրողն եմ եղել, որ չի կարելի պահի խնդիրներ դնել և ձեր նման անդրադարձ կատարել մի այնպիսի երևույթի, ինչպիսին զեկույցի վերնագիրն էր: Իմ ելույթը դա պայքար էր, մարտ էր, ես այն ընդունել եմ, մինչև վերջ պայքարել եմ որպես զինվոր, ոչ թե ձեր պես թուլամորթի նման դուրս եմ եկել՝ մտածելով որ կարող է վատ լինի: Թեկուզև վատ ստացվեր, ես մարտիկ եմ, մինչև վերջ պայքարել եմ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Արձագանքելով իր հասցեին Լեւոն Զուրաբյանի հնչեցրած վիրավորանքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուրբաթ օրը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իր առաջարկի մասին Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարեցին: Դա ապացուցեց, որ ՀԱԿ-ՀՀԿ միասնական դիրքորոշումն առաջացել է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի խողովակներով ձեռք բերված շփման ժամանակ, որի մասին խոսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: «Սերժ Սարգսյանին աղերսագրեր գրող գործիչներն իմ համար անցյալի գաղջ հիշողություն են»,- ասաց Փաշինյանը:

«Իսկ ինձ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ խորհրդարանում երեկ տեղի ունեցավ Հանրապետական խմբակցության հովանու ներքո մի նոր քաղաքական դաշինքի պրեզենտացիա: Այդ դաշինքում դիրիժորի դեր ստանձնած Շարմազանովի հետ միասին, նախկին իշխանությունների քննադատության վրա մասնագիտացած և հենց այդ նպատակով Հանրապետական խմբակցություն բերված որոշ գործիչներ, մեկը՝ իբր անկախ պատգամավոր (նկատի ունի Էդմոն Մարուքյանին-խմբ.) և մեկ-երկու ՝ իբր ընդդիմադիր պատգամավոր (Նիկոլ Փաշինյան-խմբ.): Այս իշխանավոր-անկախ-ընդդիմադիր դաշինքը երեկ, ուս ուսի տալով, և փոխադարձ ջան ու ղուրբանով պրեզենտացվեց խորհրդարանին»,- ասել էր Լևոն Զուրաբյանը:

Էդմոն Մարուքյանի արձագանքն ավելի մեղմ էր: Նա ասաց, որ երեկ կասկած էր հայտնել, բայց այսօր էլ համոզվեց `ոչ մի կերպ չեք տարբերվում գործող իշխանությունից, որին քննադատում եք, մի բան էլ վատն եք:

Լեւոն Զուրաբյանը նաեւ տարակուսանք էր հայտնել, որ տարբեր ճամբարներում գտնվող Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Էդուարդ Շարմազանովը նույն բանն էին ասում`դասեր տալով ՀԱԿ-ին:

«Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր քաղաքականության մեջ անելիք ու ասելիք չունեն»,- Լեւոն Զուրաբյանին դիմեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նրա ելույթն այսպես որակելով. «Սա ՀԱԿ-ի կարապի ելույթն է»: «Հարգելի պարո՛ն, ես ցավում եմ, որ հայ տղամարդը պահ է գտնում, ու եթե տիկին Նաղդալյանը ձեզ դիտողություն չաներ…պահի տակ ֆռացիք, ու ասում եք՝ Նիկոլի թվին էլ սա է եղել, եթե տենց ա եղել, բա այն ժամանակ ասեիք: Դա հայ քաղաքական գործչին, հայ տղամարդուն հարիր բան չէ: Եթե ուզում եք հիշեցնեմ՝ մեր սիրելի, միգուցե նաև ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ինչով է տարբերվում անասունից, հիշողությամբ: Բոլորս հիշում ենք ձեր շեֆի 1992 թվականի մարտի հինգի «Կոմսոմոլսկայա պրավդայի» հոդվածը, բացեք, նայեք»,- ընդդիմադիր գործընկերոջը խորհուրդ տվեց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728