Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականից պատասխան չստանալով՝ նաիրիտցիները նորից ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) 

Փետրվար 24,2015 15:13

«Նաիրիտ» գործարանի հարցերով զբաղվող հանձնաժողովը որոշում է կայացրել եւս մի քանի օր ժամանակ տալ կառավարությանը՝ աշխատավարձերի պարտքերի մարման ժամանակացույցը քննարկելու համար: Այս տեղեկությունն այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց անող նաիրիտցիներին հայտնեց «Նաիրիտի» արհմիութենական կազմակերպությունների նախագահ Հրաչ Թադեւոսյանը:

Հրաչ Թադեւոսյանը արդեն 7-րդ օրն անընդմեջ բողոքի ցույցեր անցկացնող նաիրիտցիներին տեղեկացրեց, որ իրենց տնօրենին խնդրել են կապ հաստատել վարչապետի հետ , որպեսզի մինչեւ այս շաբաթվա վերջ վարչապետը ընդունի գործարանի ներկայացուցիչներին՝ քննարկելու աշխատավարձերի մարման ժամանակացույցը. «Եկել ենք այն եզրակացության, որ մինչեւ երեքշաբթի օրը՝ մարտի 3-ը, բողոքի ակցիա չենք անելու: Իսկ եթե մինչեւ այդ օրը մեզ չընդունեն, երեքշաբթի օրը կհավաքվենք կառավարության շենքի դիմաց»:

Nairit_1

Հրաչ Թադեւոսյանը նշում է, որ իրենք չունեն ոչ ոքու սատարման կարիքը եւ հատկապես «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարիքը, որը երեկ միացել էր նաիրիտցիներին եւ որի ելույթը նաիրիտցիների մի մասին դուր չէր եկել՝ ասելով, որ նա քաղաքական կոչեր էր անում . «Մենք Արամ Հարությունյանի սատարման կարիքը չունենք, ինչի՞ էր եկել այստեղ: Նա այստեղ դաշտ էր գտել, խոսափողը վերցրել էր… մի հատ կուսակցություն ունի, որի անդամները երեւի միայն իր տան անդամներն են: Մի քանի միամիտ էլ ասում են, որ նա խելոք-խելոք խոսում է»:

Հրաչ Թադեւոսյանը նաեւ անդրադարձավ «Նաիրիտի» նախկին նախագահ Գագիկ Ներսիսյանի վերջերս հայտնած այն տեսակետին, թե «Հիմա պոմիդորի քոլերի տակից երեխա են ման գալիս, որ համոզեն՝ քիմիական ֆակուլտետում սովորեն»: Ըստ նրա՝ Գագիկ Ներսիսյանը ձեռք առնելու իրավունք չունի:

Մանրամասն՝ տեսանյութում

«Նաիրիտի» արհմիութենական կազմակերպությունների նախագահը հորդորեց ավելի զգույշ շփվել լրագրողների հետ: Ըստ նրա՝ որոշ լրատվամիջոցներում գրել էին, որ նաիրիտցիները քաղաքացիական անհնազանդությունների են դիմելու, սակայն ըստ նրա, անհնազանդությունը քանդելը եւ ավիրելն է, իսկ նաիրիտցիները օրենքից դուրս քայլեր չեն կատարելու. «Մեզ պրովոկացիայի են ենթարկում»:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի մարման վերաբերյալ ժամանակացույցին, ապա ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ին, «Նաիրիտի» աշխատակիցները նամակ էին ներկայացրել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների եւ դիմումների եւ բողոքների բաժնի պետ Աիդա Ասատրյանին եւ մինչ օրս էլ պատասխան չեն ստացել: Նամակում ներկայացրել էին, որ պարտքերի մարման ժամանակացույցը պետք է լինի 6 ամիս:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» աշխատակիցներից մի քանիսն այն կարծիքը հայտնեցին, որ 6 ամիսը պարտքերի մարման համար շատ է, պետք է 2 ամիս պահանջել. «Եթե մենք պահանջեցինք 6 ամիս, իրենք այդ 6 ամիսը կսարքեն մի տարի: Իսկ երկու ամսվա դեպքում ստիպված պետք է ընդառաջ գնան ժողովրդի պահանջին»:

Տեսանյութ

Նաիրիտցիները հույս ունեն, որ իրենց կընդունեն, բայց հետեւյալ ձեւակերպումն են տալիս. «Կընդունեն, որ ինչ-որ մի սուտ ասեն»:

Մանրամասն՝ տեսանյութերում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728