Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ հավանության համար նիստում քննարկման դնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, մեկ միասնական ակտի միջոցով վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև ծագող հարաբերությունների կանոնակարգմամբ և այլ հանգամանքներով: Օրինագծի ընդունման արդյունքում վարչական բոլոր մարմինների գործունեության համար օրենսդրորեն կամրագրվեն միասնական սկզբունքներ ու կանոններ, կսահմանվեն վարչարարության հիմունքները, կկարգավորվեն վարչական ակտեր ընդունելու, այդ ակտերն ու վարչական մարմինների գործողությունն ու անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:
Նիստում հավանության է արժանացել «ԼՂՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել դատավորների գործունեության գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ չափանիշներ և ընթացակարգեր, դատավորների ինքնակառավարման առավել արդյունավետ մոդել, բարեփոխել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը և հիմքերը, իրականացնել Գերագույն դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ և այլն: ԼՂՀ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում առաջարկվող լրացումներով նախատեսվում է ներմուծել ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգ և էլեկտրոնային գրանցամատյան:
Գործադիր մարմինն առաջարկում է նաև փոփոխություններ կատարել «ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում` համակարգն առավել դինամիկ դարձնելու և կադրային սերնդափոխության գործունեությունն առավել սահուն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Կառավարությունը հաստատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների 3-րդ և 4-րդ ցուցակները, որոնցում կընդգրկվեն տրանսպորտի, ատոմային էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների պաշտոններ:
Կարդացեք նաև
Գործադիրը հավանություն է տվել «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» ստեղծելու մասին որոշման նախագծին: Հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն է, որի պետական կառավարման լիազոր մարմինը հանդիսանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է իրականացվի հիմնադրամի պետական գրանցումը, որից հետո եռամսյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացվի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Նիստում հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը, որով կկարգավորվի կառույցի գործունեությունը: Վարչապետի խոսքով` հիմնադրամը ստեղծվել է պետական ֆինանսական աջակցությամբ սոցիալական ծրագրեր իրականացնելու, մասնավորապես, արտոնյալ պայմաններով առանձին խմբերի անձանց բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու համար:
Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդի միջոցներից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 62 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Արցախյան մեծ հարսանիքի 19 զույգերին` 19 երեխայի հաշվով միանվագ գումարներ տրամադրելու նպատակով:
Գործադիր մարմնի հավանությանն է արժանացել 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը: 11 մշակութային և 9 երիտասարդական միջոցառումներ իրագործելու համար կհատկացվի մոտ 138 մլն դրամ:
Հաստատվել է գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը: Նոր կարգի համաձայն՝ սահմանվում են չնախատեսված աշխատանքների հաշվարկման համար տոկոսադրույքներ, տրանսպորտային ծախսերի գործակիցներ, վերադիր և այլ ծախսեր: Կարգով սահմանվել է նաև շուկայական աշխատավարձի կիրառման մեթոդաբանությունը: Նիստում առաջարկվել է առանձնացնել պատմության և մշակույթի, անշարժ հուշարձանների հեղինակային հսկողության ծառայության ծախսերն արտադրական նշանակության և բնակարանաշինական օբյեկտների հեղինակային հսկողության ծախսերից:
Կառավարության որոշմամբ՝ անվանափոխվել են ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 26 համայնքների աշխարհագրական օբյեկտների անվանումները` օտարահունչ և ոչ բարեհունչ անուններից ձերբազատվելու և պատմական անվանումները վերականգնելու պահանջից ելնելով:
Կառավարության հավանությանն արժանացած՝ կենդանական աշխարհի պահպանության և վերարտադրության միջոցառումների այս տարվա ծրագրի իրագործման համար պետական բյուջեից կհատկացվի 6 մլն դրամ: Հիմնականում աշխատանքներ կտարվեն Մատաղիսի և Սարսանգի ջրամբարներում հատուկ ձկնատեսակի բազմացման ուղղությամբ:
ԼՂՀ բնության հուշարձանների անձնագրերի կազմման աշխատանքների համար պետբյուջեից կտրամադրվի 2 մլն դրամ: Արդյունքում ակնկալվում է սահմանել հանրապետության բնության հուշարձանների չափերը, քարտեզ-հատակագծերը և հուշարձանների ու դրանց պահպանման գոտու սահմանների նկարագիրը, ունենալ բնության հուշարձանների մշակված անձնագրերը և ստեղծել ԼՂՀ բնության հուշարձանների երկրատեղեկատվական բազա:
Հանրապետությունում գիշատիչների գլխաքանակի կարգավորման միջոցառումների ծրագրով իրականացվելիք միջոցառումների համար 5 մլն դրամ է նախատեսված, իսկ պետական անտառային ֆոնդում անտառային միջոցառումների ծրագրի ապահովման համար` մոտ 9 մլն 800 հազար դրամ: Ծրագրի նպատակն է պետական անտառային ֆոնդի տարածքներում իրականացնել անտառի բնական վերականգնման օժանդակման միջոցառումներ:
Գործադիր մարմնի կողմից հաստատված՝ 2015 թվականի ընդերքի ուսումնասիրության ծրագրով նախատեսվում է իրականացնել երկրաբանական վերստուգիչ, երկրաքիմիական որոնողական, ինչպես նաև դաշտային, փորձարարական, անալիտիկ և կամերալ աշխատանքներ, գնահատել շինարարության մեջ մարմարացված կրաքարի կիրառելու հնարավորությունը և Խաչենի պղնձի ռեսուրսները: Այս աշխատանքների համար պետական միջոցներից հատկացվելու է 150մլն դրամ գումար:
Կառավարության հաստատմանն է արժանացել անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը:
ԼՂՀ-ում 2015 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով այդ աշխատանքներում ներգրավվել են պետական կառավարման որոշ մարմիններ: Կառավարության որոշմամբ՝հաստատվել են համապետական, Ստեփանակերտ քաղաքի և շրջանային հանձնաժողովների կազմերը: Մեկ այլ որոշմամբ՝ կստեղծվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարության միջոցառումների կազմակերպման և աշխատանքների համակարգման կառավարական հանձնաժողով:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին