«Հապճեպ ավագանու նիստ հրավիրվեց ու հայտարարվեց, որ Նահատակ պոչամբարի ներքևի մասում նոր պոչամբար պիտի կառուցվի», – այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Հանքարդյունաբերությունն ու բնապահպանական խնդիրները. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցումը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Մեծ Այրումի գյուղապետարանում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանը: Նա հավաստիացրեց, որ որևէ քննարկում կամ համայնքի բնակիչների իրազեկման աշխատանքներ չեն կատարվել համայնքի բնակիչների շրջանում:
Այնուհետև խոսելով արդեն գործող պոչամբարի մասին, պարոն Դուրգարյանը նշեց. «Այդ պոչամբարը անհարմարություն է առաջացնում Այրումի բնակչների շրջանում: Նույնիսկ չեն պահպանվել պոչամբարի կառուցման անվտանգության նորմերը: Համայնքի ընտանի կենդանիները բազմիցս ընկել են այդ պոչամբարի մեջ: Այս իրավիճակն ունենալով` հիմա մենք` համայնքի բնակիչներս, կանգնեցինք փաստի առաջ, որ նոր պոչամբար պիտի կառուցվի»: Նշենք, որ նոր պոչամբարը պետք է կառուցվի Ախթալայի կոմբինատի համար: Մինչդեռ ըստ Օլեգ Դուրգարյանի` այրումցիները պնդում են, թե իրենց պոչամբար պետք չէ: Այնուհետև նա նշեց. «Եթե այդ պոչամբարը կարևոր է, ապա թող համայնքին ներկայացնեին, թե տվյալ պոչանքը ունենալու դեպքում տվյալ համայնքը ի՞նչ է ստանալու որպես փոխհատուցում»:
Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը նկատեց, թե երբ տեղում դիտարկում ենք անում, ակնհայտ է, որ պոչամբարը կառուցված է բազում անվտանգության և բնապահպանական նորմերի խախտումերով: Չի գործում ջրի շրջանառու համակարգը: Օրինակ, երբ հորդ անձրև տեղա, ապա դա պոչամբարի պատվարին լուրջ վտանգ կարող է սպառնալ: Անվտանգության տեսանկյունից որևէ ուսումնասիրություն այնտեղ ինձ թվում է չի կատարվել»: Մինչ մասնագետները պնդում են, թե նոր պոչամբարի կառուցումը բազմաթիվ բնապահպանական ռիսկեր է պարունակում, ՀՀ պատասխանատու մարմինները հայտարարում են, թե ուսումնասիրություններ են կատարվում:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը տեղեկացրեց, թե «հանել են հին պոչանքը, լցրել Ախթալայի հենց շրջունքին, նման բան չկա աշխարհում»: Այնուհետև նշեց. «Ռուսաստանում, եթե դու արդյունաբերական թափոնը լցնում ես հողի վրա, ապա 26 միլիոն դոլարի տուգանք է հասնում: Բայց մեզ մոտ ամեն համայնքային բյուջեին տարեկան ընդամենը քառասուն հազար դրամ է տրվում, այն դեպքում, երբ պոչամբարի տակ գնացած հողը հավատացեք, որ մեռած է, պոչանքն էլ դառնում է թունավոր»:
Կարդացեք նաև
Պարոն Գալստյանը մտահոգություն հայտնեց նաև, թե նշված տարածքներում մկնդեղի չափաքանակը գերազանցված է, իսկ մարդիկ այդտեղ խորովածի փառատոն են անում, երեխաները խաղում են, իսկ գյուղացիները ջրում դաշտերը և այլն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ