Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ազգային պահանջը ներկայացնող հոլովակներ՝ սոցցանցերում

Փետրվար 24,2015 13:54

Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) երիտասարդները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, յուրաքանչյուր ամսվա 24-ին տարբեր միջոցառումներ (բանախոսություններ, քննարկումներ և այլն) են իրականացնում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Թեմի երիտասարդներն այսպիսի ինը միջոցառում են կազմակերպել արդեն, իսկ 10-րդի մեկնարկը կտրվի այսօր:

Փետրվարի 24-ին ԱՀԹ երիտասարդական կառույցները հանդես կգան «Չորս» անունը կրող նախագծով, որը սոցցանցերում կտարածվի #4demand պիտակով:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, այս նախագծի շրջանակներում կնկարահանվեն հոլովակներ, որոնց միջոցով կներկայացվեն չորս սերունդների՝ պատանիների, երիտասարդների, հասուն և ծեր մարդկանց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ:

«Այդ հոլովակներով յուրաքանչյուր հայ սեփական հոլովակը նկարելու (ցանկացած տեսանկարահանող սարքով) և այն սոցցանցերում տարածելու միջոցով պիտի ներկայացնի մեր ազգային պահանջը: Տեսագրվող պահանջի տևողությունը չպետք է գերազանցի մեկ րոպեն: Ի դեպ, հոլովակներ կարող են նկարահանվել նաև այլ լեզուներով»,- տեղեկացրեց քահանան:

«4 սերունդը հավիտենության խորհուրդն է,- հստակեցրեց «Ազգային առաջնորդության ինստիտուտ» ՀԿ-ի ֆիլմերի ծրագրերի պատասխանատու Նինա Խաչատրյանը,- նախագծով երիտասարդները նպատակ ունեն աշխարհի 4 կողմերում տարվա 4 եղանակին բարձրաձայնել 4 սերնդի 4 հիմնական պահանջը՝ հիշել, ճանաչել, դատապարտել և հատուցել: Հոլովակների միջոցով հայերը պիտի աշխարհին հիշեցնեն, որ պայքարը չի դադարելու մինչև պահանջին համապատասխան լուծում չգտնվի»:

ԱՀԹ երիտասարդական միությունների ատենապետ Վահան Մարդյանի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի հնարավորինս շատ հնչեցնելու «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:

«Մենք այսօր կտեղադրենք չորս հոլովակներ և հույս ունենք, որ դրանք տարածում կգտնեն: Մեզ կարող են միանալ բոլոր ցանկացողները: Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր մարդու մասնակից դարձնենք Ցեղասպանության պահանջին»,- հավելեց նա:

Տեղեկացնենք, որ նախագծի մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում: Այնուհետև հոլովակները հասանելի կդառնան համացանցում (Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքում, Ազգային առաջնորդության ինստիտուտի կայքում, թեմի ու երիտասարդների ֆեյսբուքյան էջերում):

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728