ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության քննարկման ժամանակ իր ելույթում մտահոգություն հայտնեց: Նա սրտնեղել էր, որ խորհրդարանի տղամարդիկ իր գործընկերուհու՝ Զարուհի Փոստանջյանի խոսելու ժամանակ տեղից անտեղի ռեպլիկներ են արել: Նա պատգամավորներին բարության կոչ արեց. «Կոչ եմ անում չարությունը հանել մեջներիցդ, չարությամբ չլցվել: Սա անընդունելի է, ձեզանից յուրաքանչյուրի շուրջ հավաքված է ընտրազանգված: Հանգիստ թողենք միմյանց, ավելորդ պիտակներ չկպցնենք: Դատարկ աթոռների մասին մտածեք, ժողովրդի հետ չի կարելի այդպես վարվել: Սա ամեն ինչի ճգնաժամ է»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ԱԺ մեծամասնությանն ասաց. «Չեք ուզում համակերպվել նրա հետ, որ վիճակը վատ է, կա ճգնաժամ: Մեզանից ուզում եք լուծումներ: Իհարկե, լուծումներ կան: Եթե չեք ուզում գնահատել, որ վիճակը վատ է, ինչի՞ եք լուծումներ ուզում: Եթե ճիշտ դիագնոզ չտաք, չեք կարող հիվանդությունը բուժել: Պրոբլեմը չնկատելով կամ նկատելու չտալով՝ խնդիրը չի լուծվի: Եթե դուք խուսափում եք խնդիրներից, ձեր նկատմամբ անվստահությունը խորանում է: 100 հատ փաստ ենք ներկայացրել, նաեւ առաջընթացներն ենք նշել: Առաջընթաց կա քաղաքացիական զարգացման գործընթացում, բայց 95-ում կա բացասական գործընթաց»:
Արամ Մանուկյանը հրապարակեց Հարավային Կովկասում անցկացված հարցման արդյունքները, ըստ որոնց, հայաստանցիները թիվ մեկ խնդիր են համարում գործազրկությունը՝ 45 տոկոս. «Կա՞ այդ խնդիրը, թե՞ չէ: Արտագաղթը կարեւոր խնդիր է համարում բնակչության 80 տոկոսը: Հարցին՝ ճի՞շտ ուղղությամբ է զարգանում ձեր երկիրը, «այո» է պատասխանել հայերի 9 տոկոսը, Ադրբեջանում՝ 45 տոկոսը: Հարցվածների միայն 13 տոկոսն է համարում, որ դատարանները անկախ են, 71 տոկոսը համարում են, որ անկախ չեն: Հայաստանում 79 տոկոսը համարում են, որ ընտրությունները անարդար են անցկացվել: Խոսքը վերջին ընտրությունների մասին է: Սա է իրականությունը,սրա հետ հաշվի՞ նստենք, թե՞ մերժենք: Մեր բնակչության 30 տոկոսն ընդհանրապես եկամուտ չունի, 51 տոկոսն ունի մինչեւ 100 հազար դրամ եկամուտ: Պարտք ունեն բնակիչների 51 տոկոսը: 60 տոկոսը արտագաղթելու նպատակ ունեն: Սա է ապահովությունը մեր երկրում»:
Նրա խոսքերով՝ խոսում են ընդդիմության կաղ լինուց. «Իշխանությունը բարոյական հիվանդությամբ է տառապում: Չի ուզում տեսնել այն խնդիրները, ինչ կան: Դուք ստեղծում եք կոռուպցիայի հանձնաժողով, որտեղ դնում եք մարդ, որը ղեկավարում է հարկային, մաքսային համակարգը, բյուջե մուտքերն ու ելքերը: Կարո՞ղ է այդ մարդը կոռուպցիայի դեմ պայքարել: Կոռուպցիայի 6 հանձնաժողով է ստեղծվել, դրանից կոռուպցիան պակասե՞լ է: Վարկաբեկված մարդկանցով ուզում եք մարտահրավերներին դիմակայե՞լ, չի լինի: Դուք շատ կոպիտ սխալներ եք անում՝ մարդկային ռեսուրսի առումով: Դուք ձեր քաղաքականությամբ ազատ մարդուն կաշկանդող եք: Դուք ձեր կրծքանշաններով, վզկապներով ժողով անելով՝ մարդկային արժանապատվությունն եք ոչնչացնում: Սա կոչվում է բոլշեւիզմի ռեւանշ: Մարդու ազատությունն եք ոչնչացնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ