Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովություն ըստ Սերժ Սարգսյանի. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 24,2015 12:51

Հայաստանի ներքաղաքական կյանքում իսկապես կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ընդամենը մի տասը օր առաջ հարցն այսպես էր դրված՝ կամ Սերժ Սարգսյանն ինքնակամ լրջագույն փոփոխություններ է իրականացնում եւ հրաժարվում Հայաստանը որպես սեփական բոստան ընկալելու «ավանդույթից», կամ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց եւ իշխանափոխություն իրականացնում։

Հիմա հարցն այլ կերպ է դրված՝ կամ Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարվում է վերոհիշյալ ավանդույթից, կամ չի հրաժարվում։ Այսինքն՝ ինքն է որոշում, ինչ ուզի՝ կանի։ Ո՞վ պիտի խանգարի։ Ու հենց այստեղ է, որ հարց է առաջանում. ո՞րն է Հայաստանի ապագայի՝ Սերժ Սարգսյանի «տեսլականը»: Պարզ ասած՝ ներքաղաքական պայքարում հաղթել է, որ ի՞նչ անի։

Մեծ հաշվով՝ Սերժ Սարգսյանի «տեսլականը» հայտնի է։ Դա մոտավորապես «Հայաստանը խորհրդային եղբայրական ժողովուրդների համերաշխ ընտանիք վերադարձնելն» է (հասկանալի է՝ ժամանակակից իրողությունները հաշվի առնելով): Հայաստանն, ըստ այդմ, տնտեսական առումով պիտի դառնա մոտավորապես «Կալինինգրադի մարզ», քաղաքական առումով՝ ունենա շատ լայն ինքնավարություն (նույնիսկ ավելի լայն, քան տալիս էր խորհրդային հանրապետության կարգավիճակը): Եվ այս ուղղությամբ հիմնական քայլերն արդեն արված են, ու նպատակը, կարելի է ասել, շատ մոտ է։ Հայ-թուրքական սահմանը հսկում է ռուսական զորքը (ինչպես խորհրդային տարիներին), Հայաստանը ԵՏՄ անդամ է, ընդդիմություն փաստացի չկա (ինչպես չկար խորհրդային տարիներին) եւ այլն։ Ըստ երեւույթին հենց սա էլ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ հնչեցնում էր «դեպի ապահով Հայաստան» կարգախոսը։ Ավելին՝ անձամբ իր համար հիմա ավելի լավ է, քան խորհրդային տարիների կենտկոմի առաջին քարտուղարների համար։ Այն ժամանակ Մոսկվան կարող էր պաշտոնանկ անել Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարին, հիմա՝ չի կարող, այն ժամանակ Հայաստանի կուսնոմենկլատուրան ստիպված էր թաքուն վայելել թալանածը, հիմա՝ դրա կարիքը չկա եւ այլն։ Մնում է տնտեսական համակարգը նույնպես հարմարեցնել այդ տեսլականին, եւ վերջ։ Այսինքն՝ այնպես անել, որ լուրջ բիզնեսներով միայն իրենք զբաղվեն, իսկ մյուսներն            աշխատեն խորհրդային տարիների «ցեխավիկների» նման, այսինքն՝ նալոգ տան «ռայկոմի քարտուղարներին», միլպետներին, դատախազներին եւ այլն։ Դա էլ ըստ էության լուծված հարց է։

Թվում է՝ կատարյալ մոդել է։ Արտաքին անվտանգությունը Ռուսաստանն է ապահովում, ներքին անվտանգությունն էլ երաշխավորված է ընդդիմության բացակայությամբ։ Մնում է ընդամենը վերահսկել ՀՀԿ-ական «պոլիտբյուրոն» եւ վայելել ցմահ իշխանությունը։ Բայց մնում է կարեւորագույն մի հարց՝ բնակչության սոցիալական ապահովությունը։ Խորհրդային տարիներին այդ հարցն ինչ-որ ձեւով լուծված էր՝ բոլորը լավից-վատից աշխատում էին։ Ճիշտ է, առանձնապես մի բան չէին արտադրում, բայց իրենց 150-200 ռուբլին ստանում էին ու սոված չէին։ Հիմա, ահա, Սերժ Սարգսյանն «ապահով Հայաստանի» իր մոդելն ավարտուն տեսքի բերելու համար պիտի փորձի լուծել այս հարցը։ Բայց ինչպե՞ս։ Եթե «տեսլականը» ենթադրում է, որ Ռուսաստանն այստեղ պիտի գործարաններ բացի, իսկ հայ ցեխավիկները՝ իրենց «աբրանքը» արտահանեն Ռուսաստան, նշանակում է՝ երկաթուղին պիտի բացվի։ Իսկ խորհրդային տարիներին, հիշեցնենք, երկաթուղին բաց էր, Ղարաբաղն էլ ինքնավարություն էր Ադրբեջանի կազմում։ Հիմա, ի դեպ, Ադրբեջանը հենց դա է պնդում՝ համաձայնվեք, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում ինքնավարության ամենաբարձր կարգավիճակով, մենք իսկույն բացենք երկաթուղին:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Սովետական տարիներին լրատվամիջոցների ղեկավարներն էլ վատ չեին ապրում,հիմա էլ վատ չեն,պատվերներ միշտ էլ ունենում են…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728