Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամբողջ կյանքում ոչ մեկին չեմ դավաճանել». «Իրատես de facto»

Փետրվար 24,2015 12:40

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում փետրվարի 12-ից հետո։

– Բոլոր գործընթացները մինչև փետրվարի 12-ը, անկախ իրենց կոշտության, փոխադարձ մեղադրանքների մակարդակից, լրիվ ՀՀ Սահմանադրության և օրենքների համատեքստում էին։ Հատկապես փետրվարի 5-ի համաժողովը, որի ժամանակ հնչել են տարբեր տեսակետներ, առաջարկներ, բայց վերջնական փաստաթուղթը բավականին հավասարակշռված էր, ու արձանագրում էր՝ եթե իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, իրենք բոլոր օրինական միջոցներով պայքարելու են, որ սահմանադրական փոփոխությունները տեղի չունենան։

– Ինչո՞ւ քաղաքական դաշտում առանձնացվեց հենց այս խնդիրը։

– Որովհետև այս փուլում գնալ սահմանադրական փոփոխությունների առանց մեծ քաղաքական կոնսոլիդացիայի, նշանակում է՝ իշխանությունները հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ ապահովել իրենց իշխանության երկարաձգումը։ Իհարկե, եղել են խորհրդաժողովում նաև կոշտ ելույթներ, բայց չեմ կարծում, թե դա կարող էր առիթ տալ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի նման ելույթի։

– Ձեզ չի՞ թվում, որ քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյան ասելիս՝ հաճախ է ընկալվում Ռոբերտ Քոչարյան, և այս գործընթացներում Գագիկ Ծառուկյանը նոմինալ ֆիգուր էր, իրական պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ Էր։

– Ես ափսոսում եմ, որ բոլորը ցանկացած երևույթի հետևում ուզում են այլ մարդու տեսնել։

– Եթե բոլորն են ուզում, ուրեմն պատճառ կա։

– Ես պատճառ չեմ տեսնում։ Ասեկոսեների, փողոցային խոսակցությունների մակարդակով որևէ մեկն իրավունք չունի առաջնորդվել։ 12-ին, ցավոք, ՀՀ նախագահը իր կուսակցական ժողովում հանձնարարականներ տվեց և բարձրաձայնեց մտքեր, որոնք օրենքներից ու սահմանադրական դաշտից դուրս դրեցին ամեն ինչ։ Փողոցային ասեկոսեների հիման վրա ԱԽ նիստ հրավիրելը և այդ խոսակցությունները քննարկման առարկա դարձնելը չեն բխում ոչ որևէ օրենքից, ոչ Սահմանադրությունից, ոչ էլ նախագահի լիազորություններից։ Եթե ինքն ուզում էր ԱԽ նիստ հրավիրել նույն նպատակով, կարելի էր փակ նիստ անել, ոչ թե դարձնել հանրության սեփականություն։ Գործադիր իշխանությանը հստակ ցուցումով հանձնարարականները նույնպես Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների մեջ չեն։ Որտե՞ղ է իշխանությունների տարանջատման սկզբունքը, երբ հանձնարարականներ են տրվում օրենսդիր մարմնին։ Վերջապես՝ նախագահին վայել չէ անվանարկել մարդուն՝ ով էլ ուզում է լինի։ Շարքային քաղաքացին և նախագահը իրարից ինչո՞վ են տարբերվում։ Աշխարհում դեռ նախադեպ չէր եղել, որ որևէ երկրի նախագահ որոշի ո՞վ է համապատասխանում քաղաքական գործչի չափանիշներին, ո՞վ՝ ոչ։ Դա որոշում է ժողովուրդը ընտրությունների միջոցով։ ՀՀԿ-ի ԳՄ նիստում ՀՀ իշխանությունները իրենց դուրս դրեցին Հայաստանի քաղաքական դաշտից։ Ավելին՝ փետրվարի 20-ի հանրահավաքը քաղաքապետարանը մերժեց՝ օրենքի խախտումով։

– Ո՞ր օրենքն էր խախտվել՝ որքանո՞վ էր հանրահավաքը շտապ։

– Շտապ հանրահավաք հրավիրելը քաղաքական կուսակցության իրավունքն է, ի՞նչ հիմքով է քաղաքապետարանը որոշել՝ շտապ է, շտապ չէ։ Երկիրը խառնված է իրար ու շտապ չէ՞։ Օրենքը հարցը կարգավորում է։

– Խորհրդաժողովին մասնակցել եք ու գիտեք ավելին, քան ՀՀ շարքային քաղաքացիները, ասենք՝ հանրահավաքը լինում էր՝ ի՞նչ էր ասվելու, որ արգելվեր։

– Այս պայմաններում, երբ իշխանություններն իրենց օրենքից դուրս դրեցին, իսկ սպասվում էր առնվազն 200-300 հազար մարդու ներկայություն, ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հասկանալով, որ եթե հանրահավաքն արգելված է, հնարավոր է ցանկացած սադրանք, շատ ճիշտ արեցին՝ չեղյալ հայտարարելով հանրահավաքը։

– Ինչո՞ւ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» չմիացան ԲՀԿ-ին և հայտարարությունը եռյակի անունից չէր։

– Եռյակ չի նշանակում, որ ցանկացած հարցի նկատմամբ երեքն էլ պիտի նույն դիրքորոշումն ունենան:

– Ո՞ր օրենքով է թույլատրված, որ ԱԺ պատգամավորը չմասնակցի ԱԺ նիստերին ու քվեարկություններին։

– Դրանք բոլորը հարգելի բացականեր են, դա պետք է հարցնել ԱԺ նախագահին, դա նախագահի գործը չէ։ ԱԺ նախագահը պարտավոր է տեղյակ պահել, որ պատգամավորների բացակայությունը հասել է անթույլատրելի սահմանի, որևէ մեկը տեղյակ պահե՞լ է։

– Իրականությունը մնում է իրականություն, Գագիկ Ծառուկյանը ոչ նախորդ, ոչ ներկա գումարման նիստերին չի մասնակցել, դա հարգելի է, թե անհարգելի է, ԱԺ կանոնակարգի խնդիրն է։ Եթե մինչև հիմա նրա բացակայությունները համարվել են հարգելի, սխալ է եղել։

– Դո՞ւք եք որոշում այդ հարցը։

– Այո՝ իմանալով կանոնակարգը։

– Ես բերում եմ փաստաթուղթ, որ երկար ժամանակ չեմ կարող փակ տարածքում գտնվել, դա օրինական փաստաթուղթ է, որ տվել է բժիշկը։

– Կլաուստրաֆոբիայի բժշկի տված փաստաթուղթը չի արդարացնում քվեարկություններին ներկա չլինելը, դրանք ժամեր չեն տևում, և Դուք հիանալի գիտեք։

– Ես հանդիպում եմ իմ ընտրողների հետ, ես իբրև ԱԺ պատգամավոր գործուղման մեջ եմ, եթե ներկայացված է փաստաթուղթ, որը համարվում է հարգելի, ոչ ոք իրավունք չունի այլևս մեկնաբանել։ Այդպես չէ՞, դատարան դիմեք։ Թող Սահմանադրական դատարանը պարզաբանում տա։ Ես եղել եմ 1990-1995 թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ պատգամավոր է եղել նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ մի նիստի չի մասնակցել։ Ինչո՞ւ հիմա անձնավորված նկատեցին Գագիկ Ծառուկյանի բացակայությունը, երբ ԱԺ նիստերին չեն մասնակցել բազմաթիվ պատգամավորներ։ Երբ նա կոալիցիայի անդամ էր, չէին նկատում, եթե համաձայներ, որ սահմանադրական փոփոխությունները պետք են, չէին նկատի, ինչո՞ւ:

– «Սրտի պարտքն» ո՞ւմ խնդիրն է, ԲՀԿ-ի ներսում «խառնակիչներ» կա՞ն։

– Ես համաձայն չեմ, որ ԲՀԿ-ի ներսում խառնակիչների խմբակ է եղել կամ կա։ Ես չեմ համարում, որ որևէ կուսակցության մեջ խմբակներ կան, մարդիկ աշխատում են, գործ են անում, ինչ խմբակներ։ Ես առնչվում եմ տարբեր կուսակցությունների հետ՝ հանրապետականների հետ էլ, ջերմ ու լավ հարաբերություններ ունեմ շատերի հետ, նույնը ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի մեջ համարում եմ, որ բոլորն իմ շատ լավ ընկերներն են։ Բոլորի հետ էլ հանդիպում եմ, բայց շատ հարցերում իրենց հետ համաձայն չեմ, դա չի նշանակում, որ իրենք այդ հարցերի մասին խոսելու իրավունք չունեն։ Ես հանրահավաքները շարունակելու մասին էլ եմ խոսել՝ ես այն կարծիքին էի, որ պետք է որոշակի ժամանակ տալ, որ շտաբներ ձևավորվեն, մարդկանց նախապատրաստեն։ Ես ԲՀԿ-ում բոլորի հետ շփվում եմ և երբեք չեմ տեսել, որ խմբակային շահեր առաջ տանեն։ Կա առաջնորդ, որ բոլորին հրավիրում է քննարկումներին, և բոլորն էլ ազատ իրենց տեսակետներն են հայտնում։ Ես չեմ տառապում մութ սենյակում սև կատու փնտրելու սինդրոմով ու չեմ ընդունում դավադրությունների տեսությունը։ Եթե ես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ունեցել եմ ամենաընդդիմադիր կեցվածք, այս փուլում, երբ եռյակն աշխատում էր, իմ կողմից անցյալի որևէ հիշատակում չի եղել։ Գիտեմ, որ ՀԱԿ-ի ներսում իմ նկատմամբ բավականին բացասական վերաբերմունք կա, դա իրենց գործն է, ես ազնիվ եմ եղել։

– Այսինքն՝ Դուք դավաճա՞ն եք։

– Ես ամբողջ կյանքում ոչ մեկին չեմ դավաճանել, ոչ էլ որևէ մեկի մեջ դավաճան եմ որոնում։ Բայց դա իրենց տեսակետն է, դա ինձ չի խանգարում աջակցել իրենց շարժմանը, հանդիպել, զրուցել, եթե հաց կիսելու առաջարկ էլ արվի, հաց էլ կիսել։ Ես որևէ հայի մեջ թշնամի չեմ տեսնում։ Խմբակներ կազմելու ունակություն էլ չունեմ ու չեմ ընդունում։ Մարդու ճակատին ասա ասելիքդ, ասեկոսեները չեմ ընդունում։ Ես չեմ կարող դավաճանել իմ՝՝ընկերներին, որոնց հետ 88-ից սկսած ճանապարհ եմ անցել:

Զրույցը՝ Անահիտ  ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728