Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար կամ «Համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն»

Փետրվար 24,2015 12:03

«Ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի՝ ՀՀ-ում ընդհանուր իրավիճակը լճացման է»,-այսօր «ՆՅՈՒԹ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ-ում կոռուպցիայի հետ կապված իրավիճակին, այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա, այլ գործում է «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն» մոտեցումը: Նրա խոսքով՝ իրավիճակը ՀՀ-ում չի վատանում, բայց եւ չի լավանում, կայուն կերպով մնում է այն մակարդակի վրա, որը բնորոշ է կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներին:

Դառնալով Հայաստանի՝ կոռուպցիայի համաթվերի ցուցանիշներին՝ պարոն Հոկտանյանն ասաց. «0-100 սանդղակում  ՀՀ-ի համաթիվը 36-ն է: 50-ից ցածր ցուցանշի դեպքում կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է հանդիսանում տվյալ երկրում»: Ըստ Վարուժան Հոկտանյանի՝  իրավիճակը Հայաստանում շատ ավելի վատ է, քան Վրաստանում եւ Թուրքիայում, բայց ավելի բարվոք վիճակում ենք, քան Ադրբեջանն ու Իրանը: Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է նաև ԵՏՄ անդամ երկրներից: Հայաստանում առկա են կոռուպցիոն այնպիսի երևույթներ, ինչպիսիք են պետության զավթումը, մանավանդ, որ այդ տեսանկյունից 22 նախկին կոմունիստական երկրների մեջ տասնյոթերորդ տեղում է: ՀՀ-ում առկա է նաև բյուջեի մսխումը, հովանավորչությունը, բյուջետային միջոցների վատնումը, պաշտոնական դիրքի չարաշահումը:

Aravot.am-ի հարցին՝ ՀՀ կառավարության՝ փետրվարի 19-ի որոշմամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ու դատելով կազմից՝ արդյոք կարո՞ղ ենք ասել, որ այդ խորհրդի գործունեությունը կլինի արդյունավետ. օրինակ՝ խորհրդի կազմում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում և ու մերձավորների բիզնեսների մասին բազմիցս է գրվել, կամ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ում բիզնեսների շրջանակները վաղուց են հատել ՀՀ սահմանները, ՀՀ արդարադատության նախարարը, մինչդեռ տարբեր հարցումների ցուցանիշներով՝ հենց արդարադատության համակարգն է այս գլխավոր չարիքի հարուցիչներից մեկը,  պարոն Հոկտանյանը պատասխանեց. «Խնդիրն ավելի բարդ է այն իմաստով, որ կա խնդիր՝ որքանո՞վ այդ խորհուրդը ի վիճակի կլինի պայքարել կոռուպցիայի դեմ և որքանով արդյունավետ կաշխատի, նույնիսկ եթե այլ անձինք լինեն այնտեղ: Սա որոշում ընդունող մարմին չէ, այլ խորհրդակցական, և այն պիտի խորհուրդներ տա կառավարությանը: Իմ կարծիքով՝ ներկա քաղաքական իրավիճակի և որոշ անձանց ներկայությունը հաշվի առնելով խորհրդում՝ ընդդիմությունը ըստ հավանականության կբոյկոտի»:

Հիմնվելով կոռուպցիայի այս մակարդակն ունեցող այլ երկրների՝ կոռուպցիայի դեմ պայքարի փորձի վրա՝ պարոն Հոկտանյանն ասաց. «Կոռուպցիան նվազեցնելու համար տարբերակներից մեկը իշխանափոխությունն է, այն էլ ոչ պարտադիր է, երբ համեմատում ենք այլ երկրների հետ, որտեղ իրականացվել են երկու գունավոր հեղափոխություններ: Ուկրաինայում իշխանափոխությունը հակառակ ազդեցությունն ունեցավ: Եթե չկա իշխանափոխություն, ապա պիտի լինի քաղաքական կամքի դրսևորում, այն էլ բարձրագույն քաղաքական ղեկավարության կամքի արտահայտություն, որի դասագրքային օրինակը Սինգապուրն է»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728