Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ գերագնահատել Ռուսաստանի ազդեցությունը ղարաբաղյան հակամարտությունում. «168 ժամ»

Փետրվար 24,2015 11:54

Մեր զրուցակիցն է Կովկասի հարցերով փորձագետ, գրող Անդրեյ Եպիֆանցեւը

– Պարոն Եպիֆանցև, օրերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ասել էր, որ Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում ոչ միայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով, այլև՝ երկկողմ կապերի։ Սակայն մենք տեսնում ենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում շարունակում է լարվել, ինչո՞ւ։

– Չէի փորձի գերագնահատել այն ազդեցությունը, որը կարող է ունենալ Ռուսաստանը  կամ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված մեկ այլ երկիր՝ հակամարտության կողմերի նկատմամբ։ Փորձը ցույց է տալիս,  որ  առկա ձևաչափը՝  ԵԱՀԿ Մինսկի խումբը, արդյունավետ  չէ,  երկու կողմերին ձեռնտու  կարգավորման  հասնելը բանակցային այս ձևաչափի շրջանակում հնարավոր չէ, քանի որ Բաքվի և Երևանի դիրքորոշումները չափազանց հակադրվող են, ոչ մի կողմ չի գնում կոմպրոմիսի։ Վերջին 20 տարիների  ընթացքում դիտարկվել են կոմպրոմիսային որոշման բոլոր հնարավոր  տարբերակները,  այդ թվում՝  ամենաֆանտաստիկ՝  տարածքների վերադարձ, միասնական պետության ձևավորում, փոխանակումներ, և այլն, և այլն։ Ոչ մի սցենար ձեռնտու չի եղել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին։ Կողմերը կանգնած են այնպիսի դիրքերի, որտեղ բանակցություններով ինչ-որ բանի հասնել հնարավոր չէ։ Դա ակնհայտ է դարձել ամենաքիչը մի քանի տարի առաջ։ Ու էլի առաջանում է հետևյալ հարցը՝ ի՞նչ անել։

Այլ ձևաչափ գոյություն չունի, այս ձևաչափից հրաժարվելը կամ այլընտրանք փնտրել նշանակում է՝ բանակցային գործընթացից դուրս գալ, իսկ դա իր հերթին՝ նշանակում է՝ պատերազմի վերսկսում։ Սա այն իրավիճակն է, երբ հակամարտությունը կարգավորված չէ, և այս պահին որևէ կողմ չի կարող առաջարկել կարգավորում, որն ամենաքիչը կլինի փոխընդունելի։

Վերջին տարվա ընթացքում մենք հակամարտության ակնհայտ սրման ականատեսն ենք դարձել, այսինքն՝ լարվածությունը հասել է ամենաբարձր կետին, բայց պատերազմ չի սկսվում։ Ակնհայտ է, որ Բաքուն ցանկանում է «ճոճել նավակը», որպեսզի ակտուալացնի հակամարտությունը։ Ողջ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է այլ տարածաշրջանների վրա՝ Ուկրաինա, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, իսկ ԼՂ հակամարտությունը հեռացել է կարծես։ Ադրբեջանի համար դա ձեռնտու չէ, քանի որ Ադրբեջանին պետք է անընդհատ ակտուալացնել հակամարտությունը, միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Ղարաբաղում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իսկ դա հնարավոր է անել՝ «ճոճելով նավակը»։ Համապատասխանաբար սկսվում են ռազմական բախումներ, միջադեպեր սահմանին և շփման գծում։ Ի դեպ, սա անխուսափելի է։

Այս տարի մենք նույն լարվածության ականատեսն ենք լինելու։ Սա Ադրբեջանի ռազմավարությունն է, ու սա նրա համար «անպարտելի» տարբերակ է։ Օրինակ՝ Ադրբեջանը ռազմական սադրանքի է գնում, եթե Հայաստանը պատասխանում է, Ադրբեջանը դա որակում է այսպես, որ հայերը կրակում են վիճելի տարածքից՝ ՀՀ-ին ներկայացնելով ռազմական հանցագործ, իսկ եթե Հայաստանը չի կրակում, Ադրբեջանը դա օգտագործում է հասարակության ներսում ռազմական տրամադրությունների հրահրման նպատակով և ասում՝ տեսեք, մենք այնքան ուժեղ ենք դարձել, որ մեզնից վախենում են։ Այսինքն՝ այս տակտիկայի միջոցով Ադրբեջանը լարում է իրավիճակը, երբ այն անվերահսկելի է դառնում, համաձայնում է հանդիպումների ՄԽ ձևաչափի շրջանակում։ Սա կարճաժամկետ ապագայի համար անմրցունակ տակտիկա է, երկարաժամկետ ապագայում այս տակտիկան չի աշխատի, քանի որ հնարավոր չէ անվերջ հրահրել հասարակության շրջանում նման տրամադրություններ, անհնար է շարունակաբար մսխել ռազմական բյուջեն, անհնար է հասարակությանն անընդհատ ասել, որ, եթե հայերը չեն վերադարձնում տարածքները, պատերազմ կսկսեն, քանի որ ինչ-որ մի փուլում հասարակությունն Ալիևին կհարցնի, թե ինչո՞ւ դա չի արվում, եթե 20 տարի է՝ խոստումներ են տրվում այդ մասին:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728