Հարցազրույց Սոսո Պավլիաշվիլիի քրոջ՝ Սակա Պավլիաշվիլիի հետ
– Պատմեք, թե ինչպիսի եղբայր է եղել և կա Սոսոն։ Պարզ է, որ չեք հայտնի նրա քիչ թե շատ բացասական կողմերի մասին, բայց խնդրում եմ՝ լինեք հնարավորինս անկեղծ։
– Գիտեք, վերջերս, երբ մենք հյուրընկալել էինք Անդրեյ Մալախովի հաղորդմանը, նա ևս այդ հարցն ուղղեց։ Եվ ես նստած տաղավարում՝ բավականին երկար փորձում էի հիշել, թե ի՞նչ չարություններ է արել նա իմ հանդեպ։ Պարզվեց՝ ոչ մի։ Ես ոչ մի թեթև քերծվածք անգամ չունեմ նրա կողմից ստացած։ Ավելին, Սոսոն սիրում էր երկար, տանջելու աստիճան երկար համբուրել ինձ։
– Սոսոն չորս տարի մեծ է Ձեզանից։ Սովորաբար մեծերը տուժում են, քանի որ մինչև որոշակի տարիք՝ ծնողները շարունակ կրկնում են. «Դու մեծ ես՝ զիջի՛ր, հասկացի՛ր, ների՛ր, բացատրի՛ր…»։ Այլ կերպ ասած, մեծ երեխայի «քթերից» են բերում նրա առաջնեկ լինելու հանգամանքը։
Կարդացեք նաև
– Մեր պարագայում այլ է եղել իրավիճակը։ Նա շատ զգայուն և էմոցիոնալ էր դեռ մանկուց։ Սիրել է կարդալ, երգեր հորինել։ Ես եմ միշտ նրան պաշտպանել։ Մենք այն քույր և եղբայրներից ենք եղել, ովքեր առանց իրար ապրել չեն կարող։ Իսկ հիմա, երբ ժամանակի ու տարածության պատճառով այդքան հաճախ չենք տեսնում իրար, որքան կցանկանայինք, է՛լ ավելի ենք սիրում իրար, զգում մեկս մյուսի կարիքը։ Եթե Սոսոն օրվա ընթացքում 4-5 անգամ ինձ հետ հեռախոսով չխոսի, չի հանգստանա։ Նա իրո՛ք հանգստանում է, երբ ինձ հետ խոսում է։ Դա կարող է լինել անգամ գիշերը ժամը 3-ին։
– Կարո՞ղ եք մի քանի դրվագ հիշել Ձեր մանկությունից։
– Երաժշտական դպրոցից տունդարձի ճանապարհին, նա, տեսնելով բակում ֆուտբոլ խաղացող տղաներին, իմ գիրկն էր տալիս իր ծանր ջութակն ու տուն ուղարկում։ Եվ ես ամեն անգամ կես ճանապարհից, քարշ էի տալիս մեր երկուսի ջութակները։ Մի ջութակով գնում էի, երկուսով ետ գալիս տուն:
– Ինչո՞ւ Վրաստանում չեն սիրում հայերին։
– Իսկ ո՞վ է ասել, որ չեն սիրում։ Ես անկեղծորեն զարմացած եմ, քանի որ ինձ էլի են ուղղել այդ հարցը։ Չեմ կարողանում հասկանալ, թե որտեղի՞ց է նման կարծիք ձևավորվել։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են հենց ինձ ուղղում այդ հարցը։
– Միայն նրա համար, որ Դուք վրացուհի եք։
– Հասկանում եմ, սակայն ես ինձ անչափ վատ և, ինչ-որ առումով, վիրավորված եմ զգում այդ հարցից։ Դուք ինչպե՞ս Ձեզ կզգաք, եթե հարցնեմ, թե ինչո՞ւ հայերը չեն սիրում վրացիներին։
– Կարծում եմ՝ բոլոր ազգերն էլ կարող են բարեկամներ լինել, եթե քաղաքականությունն իր քիթն ամենուր չմտցնի։
– Լիովին համամիտ եմ։ Ասեմ ավելին, նույն վրացիների մեջ ևս կան մարդիկ, ավելի շուտ՝ մարդկային տեսակ, որոնց ես ատելով ատում եմ։
Եթե մարդը ոչնչություն է, դա ազգության հետ ոչ մի կապ չունի:
Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում