«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի գնահատմամբ, քաղաքական դաշտում նոր պայքար է սկսվել երկու հիմնական ուժ ձեւավորելու նպատակով:
«Քաղաքական դաշտից ԲՀԿ-ն դուրս եկավ, չեմ կարծում՝ եթե կուսակցության ներսում փոփոխություններ լինեն այդ կուսակցությունը նույն քաշն ու հնարավորությունները ունենա, որովհետեւ այդ կուսակցությունում կար Գագիկ Ծառուկյան: Իսկ եթե նա չլինի, չեմ կարծում, որ այդ կուսակցությունում ինչ-որ բան կմնա: Այն ռեսուրսային բազայի վրա ստեղծված կուսակցություն էր, հիմա իրավիճակ է փոխվել: Քաղաքական դաշտում կա պայքար երկու հիմնական ուժեր ձեւավորելու: Այդպիսի մոտեցում է նկատվում եւ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով եւ իշխանության մոտ: Պայքարը նախկինում էլ կար, բայց հիմա ՀԱԿ-ը կփորձի դառնալ քաղաքական դաշտի երկրորդ կուսակցությունը: Այդպիսի բան, եթե տեղի ունենա, ապա իշխանության հետ համաձայնության արդյունքում կլինի»,- ասաց Սոս Գիմիշյանը:
Նա չբացառեց, որ հենց Սերժ Սարգսյանի հետ երկրորդ ուժը լինելու հարցում բանակցելու պատճառով է, որ ՀԱԿ-ն այսօր չսատարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախաձեռնություն էր այսօր ԱԺ ներկայացրել, ինչը քվեարկությամբ չանցավ:
Կարդացեք նաև
Սոս Գիմիշյանը չցանկացավ գնահատականներ տալ ՀԱԿ-ի չսատարելու որոշմանը, բայց ասաց, որ այդ կուսակցության գործի ու խոսքի մեջ հակասություններ է տեսնում. «Իհարկե, մակերեսի վրա հակասություն երեւում է: Ընդդիմադիր ուժը, որը պայքարում էր, ամեն ինչ անում, որ այսօրվա իշխանություններից ազատվի, չաջակցելու քայլ է անում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ