Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլիի անցյալն ու Ռուսաստանի վախերը. վրաց փորձագետի վերլուծությունը

Փետրվար 23,2015 20:30

«Եթե հաշվի առնենք Սաակաշվիլիի անցյալը և իր աշխարհայացքը, ապա ստացվում է, որ նա նոեպահպանողականների գաղափարների լավագույն լոբբիստը կարող է լինել  Ուկրաինայի կառավարությունում»,-«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հրատապ երկխոսություններ Հայաստանի ինտեգրացիոն նոր օրակարգի մասին» (Актуальные диалоги о новой интеграционной повестке Армении) ծրագրի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսին Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, թե համակարգելու է արեւմտյան երկրներից Ուկրաինա զենքի մատակարարման հարցերը,  այսպես պատասխանեց Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից, Թբիլիսիի քաղաքային խորհրդի (Սակրեբուլո) անդամ, քաղաքագետ Բեկա Նացվլիշվիլին: Ասուլիսն անցկացվեց սկայպի միջոցով, որի ընթացքում հայ լրագրողները հնարավորություն ունեցան վրացի գործչին հղել իրենց հարցերը՝ «Վրաստանը ԵՄ Ասոցացման անդամության պայմանագիրը ստորագրելուց հետո» թեմայի շրջանակներում:

Այնուհետև փորձագետը հիշեցրեց, թե ինչի հանգեցրին Սահակաշվիլին բարեփոխումները. «Իր ղեկավարման վերջին շրջանում ականատես եղանք տնտեսական անհավասարության բարձր աստիճանի, գյուղատնտեսության քայքայմանը: Քաղաքականացված իրավապահ մարմինների գործունեության պատճառով բազմաթիվ անմեղ մարդիկ զոհվեցին: Չնայած որոշ ոլորտներում, ինչպիսիք են սպասարկման ոլորտը, միջին և ցածր մակարդակներում կոռուպցիայի հաղթահարումը, Սահակաշվիլին բարեփոխումները, ընդհանուր առմամբ այն ցանկալի արդյունքները չգրանցեցին, և մենք արդյունքում ունեցանք բավականին արդյունավետ ավտորիտար ռեժիմ, որտեղ տնտեսական և քաղաքական իշխանությունը մարդկանց նեղ շրջանակի ձեռքում էր կենտրոնացած»: Ըստ վրացի փորձագետի՝ այս մասին հայտնի է ոչ միայն  Ուկրաինայում, այլև բոլոր երկրներում:

Ուստի նա նկատում է. «Քիչ հավանական է, որ Սաակաշվիլին այնտեղ է քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար: Սաակաշվիլիին սատարում են հատկապես նեոպահպանողական շրջանակները, որոնք երբեք էլ չեն թաքցրել իրենց՝ գունավոր հեղափոխությունների աջակցությունը և հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունները: Եվ նեոպահպանողական ուժերի գաղափարներից է նաև Ուկրաինայի զինումը արևմուտքի կողմից»:

Փորձագետը նշեց, որ Ուկրաինայի զինումը կարող է հանգեցնել ավելի մեծ թվով զոհերի, ինչը կարող է ճակատագրական լինել և’ տարածաշրջանի, և’ ողջ աշխարհի համար: Իսկ դա ձեռնտու կլինի միայն նեոպահպանողական որոշ խմբավորումների համար, հատկապես Ամերիկայում:

Դառնալով ԵՄ ասոցացման դրական և բացասական կողմերին՝ փորձագետը նշեց, որ դրանցում դրականը գերակշռում է: Անդրադառնալով Մոսկվա-Թբիլիսի հարաբերություններին՝ վրացի փորձագետը նկատեց. «Վրաստանի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է հարաբերությունները բարելավել պաշտոնական Մոսկվայի հետ՝ երկխոսության ռեժիմը վերականգնելով: Հակառակ ճանապարհը առճակատումն է, որը երկու կողմերին էլ ձեռնտու չէ»:

Հարցին՝ արդյոք Վրաստանը և Հայաստանը կարո՞ղ են կապող օղակ դառնալ Եվրասիական միության և Եվրամիության միջև, պարոն Նացվլիշվիլին պատասխանեց. «Իհարկե, դա հնարավոր է: Բայց չպետք է մոռանանք ռուսական գործոնը: Չէ որ ճնշումները ՀՀ-ի նկատմամբ՝ անդամակցել Եվրասիական միությանն այն պատճառով էին, որ Հայաստանին՝ որպես տնտեսական գործընկեր Ռուսաստանը չկորցնի և, ամենակարևորը, Կովկասի՝ որպես մեկ միավորի կայացմանը խոչընդոտելը: Մյուս վտանգը ՌԴ-ի համար ՀՀ-ում տեղակայված ռուսական բազան կորցնելն էր»: Անդրադառանալով աբխազական երկաթուղու վերագործարկման հարցին`վրացի փորձագետը նշեց, որ դա ավելի շատ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման հետ է կապված, քան հայ-վրացական հարաբերությունների հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728