Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան, Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն հասցրել են ծանոթանալ քրեական գործի իրենց հասանելի հատվածին, փորձաքննություններին, առկա եզրակացություններին, նաեւ առաջադրված մեղադրանքներին: Այլ փաստաթղթերի իրենց թույլ չեն տվել ծանոթանալ:
Նա ասաց, որ քննչական մարմնի գործողությունների հետ կապված որոշակի հարցադրումներ կան, որոնք ուղղել են նախաքննությունը իրականացնող մարմնին, սակայն դեռեւս իրենց հարցադրումների պատասխանը չեն ստացել. «Հարցադրել ենք սահմանը հատելու հետ կապված արդյոք առկա՞ է քրեական գործ, թե՞ ոչ: Երբ մենք նյութերի հետ ծանոթացանք առաջադրված մեղադրանքով Պերմյակովը մեղադրվում էր միայն 104-րդ հոդվածով, այլ հոդվածներով մեղադրանք առաջադրված չէր, որից հետո մենք 15 հարցից բաղկացած գրություն ներկայացրեցինք նախաքննություն իրականացնող մարմնին, որի պատասխանը մենք դեռ չենք ստացել»:
Արայիկ Զայլյանն հավելեց, որ արդեն հանդիպել են տուժողի իրավահաջորդների մյուս ներկայացուցիչներին եւ մի շարք հարցեր են քննարկել. «Մեզ կոնկրետ հետաքրքրում է այդ սահմանը հատելու հետ կապված հարուցվա՞ծ է, թե՞ ոչ, նախապատրաստվո՞ւմ է, թե՞ ոչ, որպեսզի դրանից հետո մենք գործողություն իրականացնենք՝ փաստաթղթեր ներկայացնենք, միջնորդություններով հանդես գանք»:
Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ է ներգրավել նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, իսկ ավելի վաղ՝ փաստաբան Երեմ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ