Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության որոշմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում ՀՀ տարբեր ազգային փոքրամասնությունների նկատմամբ

Փետրվար 23,2015 18:28

2015 թ. փետրվարի 19ի ՀՀ կառավարության նիստին քննարկման է դրվել «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ազգային  փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին ՀՀ կառավարության նախագիծը, որով նախատեսվում է պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված 20 մլն դրամ հատկացումը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով բաշխել ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին՝  համաձայն որոշման հավելվածի:

Որոշման հավելվածով իր հերթին ներկայացված են ՀՀ Նախագահի օգնականին կից գործող ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ հանդիսացող 11 համայնքները, որոնց միջև հավասարապես բաշխվել է հատկացվելիք գումարը` 9 մլ. դրամը: 10 մլ. ՀՀ դրամը, իր հերթին, Խորհրդի որոշմամբ տրամադրվել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին` Խորհրդի որոշմամբ հաստատվող ազգային փոքրամասնությունների տարբեր հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ Խորհրդի անդամ չհանդիսացողների) առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար: Նշված որոշման ընդունումը, ըստ նախագծի հիմնավորման, բխում է «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, ՀՀ 2015թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1515-Ն որոշման պահանջներից: Վերը նշված որոշման 28-րդ կետի համաձայն` ՀՀ կառավարություն  պետք է ներկայացվել առաջարկություն ՀՀ 2015 թ. պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների վերաբերյալ` ըստ առանձին ստացողների բաշխման:

Կառավարության կողմից ազգային փոքրամասնություններին ֆինանսական աջակցության ցուցաբերումը  կարելի է գնահատել որպես դրական քայլ, ուղղված ազգային և էթնիկ փոքրամասնությունների ներուժի զարգացմանը, ինքնության պահպանմանը, իրենց վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Ինչը իր հերթին նաև հանդիսանում է այս խմբերի հանդեպ կառուցողական գործողություն, ուղղված համայնքի և համայնքի ներկայացուցիչների հանդեպ խտրականության վերացմանը: Միևնույն ժամանակ այս որոշումը պարունակում է մի շարք անորոշ, և նույնիսկ հստակ խտրական դրույթներ: Այսպես, պարզ չէ, թե ինչպես է որոշվել այս գումարները բաշխել միայն նշված Խորհրդի անդամ հանդիսացող կազմակերպությունների միջև և ինչ կարգով պետք է տրամադրվի ՀԿ-ներին «Հարմոնիա» ՀԿ-ին տրամադրված լրացուցիչ 10 մլն. դրամը: Բացի այդ պարզ չէ, թե ինչպես է ընտրվել նշված կազմակերպությունների միջև գումարների հավասար բաշման սկզբունքը, այն դեպքում, երբ նշված համայնքների անդամների թիվը ՀՀ-ում խիստ տարբեր է: Այսպես, ՀՀ-ում եզդիական համայնքի անդամների թիվը կազմում է 35 308 հազար անձ, իսկ հունական և վրացական համայնքների անդամներ թիվը` 900 և 617 անդամ, համապատասխանաբար, սակայն նրանց տրամադրվում է միևնույն չափի գումար:

Նման մոտեցման արդյունքում այս համայնքների կողմից նշված միջոցներով իրականացվող միջոցառումների ազդեցությունը կարող է խիստ անհամաչափ լինել: ՀՀ կառավարության կողմից տարբեր համայնքների հանդեպ ֆորմալ (ձևական) հավասար մոտեցում ցուցաբերելու արդյունքում, խախտվում է իրական բովանդակային հավասարության սկզբունքը: Ինչի արդյունքում մի համայնք` մյուս համայնքի համեմատ դրվում է առավել անբարենպաստ վիճակում: Նման մոտեցման որևէ իրավաչափ հիմնավորում ՀՀ կառավարության որոշման նախագծի Տեղեկանք-հիմնավորմամբ  փաստաթղթում չի ներկայացվել:  ՀՀ կառավարության որոշման նախագիծը այսպիսով խտրական կարգավորումներ է պարունակում, տարբեր քանակի անդամներ ունեցող համայնքներին միևնույն չափի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728