Ազգային ժողովում փետրվարի 23-ին քվեարկության էր դրվել Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախաձեռնությունը: ՀԱԿ խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց: Նախաձեռնությունը չընդունվեց՝ 4 կողմ, 68 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով:
Այս մասին Aravot.am-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանի հետ:
«Ժամանակները ցույց են տալիս, թե ում գործողություններն են գրագետ, ում գործողություններն են բերում արդյունքի՝ հստակ ծրագրավորված բաց հասարակության համար, իսկ ումը՝ խճճված: Հարցն այստեղ միայն իրավաբանական հարթության մեջ չէ, դա միանշանակ է»,- ասաց նա:
Անդրադառնալով քվեարկության արդյունքներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այսօր Հայաստանում կա ձեւավորված ընդդիմություն, դա Նիկոլ Փաշինյանն է եւ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը. «Մնացած բոլոր այն մարդիկ, այն կառույցները, որոնք ամիսներ շարունակ հրապարակ էին հրավիրում եւ բարձր ճառեր էին ասում եւ անպտուղ գործողություններով էին ավարտում իրենց բարձր ճառերը, այսօր ընդդիմության ընդդիմությունն են: Այսօր նրանք, ինչպես ասում է երկրի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրենք ընդդիմության ընդդիմություն են եւ Սերժ Սարգսյանին օգնող, սատարող, Սերժ Սարգսյանին իշխանության գլխին պահող կառույցներ են՝ իրենց անպտուղ գործողությունների պատճառով: Միգուցե այդտեղ միտումնավորություն չկա, բայց այսօր ստացվեց, որ ընդդիմության ընդդիմությունը իրենք են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ