Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի ճակատագիրը. ում սցենարը կգործի

Փետրվար 23,2015 17:56

«Չեմ կարծում, որ այսօր Սերժ Սարգսյանն ունի խնդիրներ Ծառուկյանի հետ. երևի ունեցել է, բայց այսօր չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանի հայտարարությունը, իրենց հանդիպումը և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ցույց են տալիս, որ արդեն խնդիրը լուծված է: Մեր այն դիտարկմանը` այսօր ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ քառօրյան, սա չի՞ վկայում այն մասին, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Թե հիմա ԲՀԿ-ն կբոյկոտի, թե` ոչ, դա կլինի մինչև այն պահը, երբ Սերժ Սարգսյանը կորոշի, թե այս բոյկոտը խանգարում է իրեն ինչ-ինչ ծրագրերում, թե ոչ: Եթե Սերժ Սարգսյանը համարի, որ խանգարում է, կկանչի Գագիկ Ծառուկյանին ու կասի` մի բոյկոտեք: Ես գիտեմ, որ ԲՀԿ-ից մի քանի պատգամավոր դուրս են եկել, իսկ նրանք բոյկոտո՞ւմ են»:

Հիմա, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները հստակեցված են, հարց է առաջանում, թե ո՞ր դաշտում է խաղալու, ԲՀԿ-ն, իր սեփական գաղափարախոսական սցենարով, Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի սցենարով է շարունակելու քաղաքական պայքարը, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, թե Դուք ուր եք տանում, հասկանում եմ, որ Դուք ուզում եք, որ ես ասեմ, թե ինչ է անելու Ռոբերտ Քոչարյանն այս իրավիճակում. նա իր վերադարձը չի կապում ԲՀԿ-ի հետ: Եթե ինքը որոշեց, որ պետք է ինչ-որ կերպ տեղավորվի ՀՀ իշխանական դաշտում, ինքը այդ բանակցությունները պիտի տանի Սերժ Սարգսյանի հետ: Իսկ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ վերահսկում է ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր դաշտը. ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև այլ քաղաքական ուժերն էլ են իրեն մեծարգո-ով դիմում, նաև նամակներով` բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, որը ևս պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպել և որոշ հարցեր քննարկել: Սերժ Սարգսյանը ցույց տվեց, եթե հարցեր ունեք քննարկելու, եկեք մոտս»: Մեր հստակեցմանը` ի՞նչ կլինի ԲՀԿ-ի ճակատագիրը, պարոն Իգիթյանն այսպես արձագանքեց. «ԲՀԿ-ն երևի կվերադառնա այն գործունեությանը, որը սկսել է մինչև 2008-ը: Այսինքն `լինել այլընտրանքային ուժ. դա նշանակում է լինել իշխանության հետ, բայց մի քիչ այլընտրանքային»:

Արդեն ԲՀԿ նոր նախագահի հարց է քննարկվում: Տարբեր թեկնածություններ են շրջանառվում. Ստեփան Մարգարյան, Նաիրա Զոհրաբյան, Իշխան Զաքարյան: Սակայն ըստ Հովհաննես Իգիթյանի` դեռ հստակ չէ այն հարցը, արդյոք Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ նման պայմանավորվածություն է ձեռք բերե՞լ է, որ թողնելու է ԲՀԿ նախագահի պաշտոնը: Այս առիթով նա ասաց. «Որոշ տեղեկություններ մենք ունենք Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյան հանդիպումից, բայց ոչ ամբողջը: Մենք չգիտենք` Սերժ Սարգսյանը կոնկրետ պայման Գագիկ Ծառուկյանի դիմաց դրել է, թե ոչ, որ ինքը դուրս գա: Եթե չի դրել, ուրեմն կշարունակի: ԲՀԿ-ն անձի կուսակցություն է. Գագիկ Ծառուկյանն է այն ֆինանսավորում, ինքն էր խարիզմատիկ լիդերը, մարդիկ այդ կուսակցությանն անդամակցում էին Գագիկ Ծառուկյանի պատճառով: Ինքը որ դուրս գա, ԲՀԿ-ն կվերանա լինել այն ԲՀԿ-ն: Այսինքն` այստեղ հարցն այն է, թե Սերժ Սարգսյանը արդյոք իրենց հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի առաջ դրել է մանդատից և ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու հացը, թե ոչ: Եթե մինչև այս պահը դա տեղի չի ունեցել, ուրեմն տեղի չի ունենա:

Իսկ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները հարգելի են, թե ոչ դրանք արդեն երկրորդական հարցեր են»: Պարոն Իգիթյանը տեղին չի համարում նաև Գագիկ Ծառուկյան-Խաչատուր Սուքիասյան համեմատությունը: Այս առիթով նա ասաց. «Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն համաձայնի, որ որևէ մեկը այդ զուգահեռը տանի. նրանք տարբեր են և տարբեր պատճառներով են խնդիրներ ունեցել, տարբեր ժամանակաշրջանում: Երևի միայն Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է ընդհանուր բան տեսնել: Եթե ինքը շարունակում է պնդել, թե իրականացնում է բուրժուադեմոկրատական հեղափոխություն, կարող է ասել, թե երկուսին էլ պոկել է բուգից: Ես չեմ համարում, որ այդ երկու բիզնեսմենները բուրգում նույն կարգավիճակում էին, կամ Խաչատուր Սուքիասյանը եղել է բուրգում, թե`ոչ»: Մեր հստակեցմանը` Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին պոկե՞լ է բուրգից, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին պոկեց բուրգից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728