Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը խրախուսում են ինստիտուցիոնալ համագործակցություն՝ վայրի կենդանատեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարում:
Փետրվարի 23-ին Երևանում մեկնարկեց «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES, 1973) դրույթների կիրառման վերաբերյալ ուսուցողական դասընթացը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող դասընթացի համակազմակերպիչներն են ՀՀ Բնապահպանության նախարարությունը և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը:
Դասընթացը հնգօրյա է, նպատակը՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի դրույթներին, վայրի բնության ապօրինի շահագործումը կանխելու քայլերին ծանոթացումն է ու համապատասխան մասնագետների վերապատրաստումը:
Կոնվենցիան կարգավորում է հազվագյուտ կենդանատեսակների և բուսատեսակների արտահանումը, վաճառքը կամ փոխանակումը երկրների միջև: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի անդամ է 2009թ. հունվարի 21-ից: Այնուամենայնիվ, CITES 2008-2013թթ. ուսումնասիրության մեջ Հայաստանը հիշատակվում է որպես վայրի կենդանատեսակների ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ երկիր:
Վայրի բնության ապօրինի առևտուրը թրաֆիքինգից, թմրամիջոցների վաճառքից և կեղծարարությունից հետո աշխարհում 4-րդ ապօրինի բիզնեսի տեսակն է, որը համակարգվում և ղեկավարվում է գերշահույթի ստացման նպատակով:
Դասընթացների առաջին օրվա մասնակիցներն էին՝ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, Շիրակ և Արարատ մաքսակետերի, Զվարթնոց օդանավակայանի, ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Վրաստանի բնապահպանության նախարարության, Երևանի կենդանաբանական այգու և FPWC հիմնադրամի աշխատակիցները:
Դասընթացը վարում են «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչները՝ Մոհամեդ Էլսայեդը (Մերձավոր Արևելք տարածաշրջանային տնօրեն), Մարիա Վորոնցովան (Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն), Վիվեկ Մենոնը (Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն) և Չարլզ Մաքեյը (ոլորտի փորձագետ, դասընթացավար):
Բացման խոսքում բանախոսները կարևորեցին վայրի բնության ապօրինի առք ու վաճառքի դեմ ինստիտուցիոնալ համակարգված պայքարը: Հետագա չորս օրերի ընթացքում գործնական և տեսական դասընթացներով համապատասխան մասնագետները կշարունակեն գիտելիքների և հմտությունների վերազինումն ու մասնագիտական վերապատրաստումը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ