Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռվեցին, հետո՝ դե լավ, արի քեզ ներեմ». Նիկոլայ Ծատուրյանը՝ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների մասին

Փետրվար 23,2015 17:31

Որ ինձ մեկ-մեկ ասում են՝ թատրոնը մեռնում է, ասում եմ՝ մեռնում է, թող մեռնի. էնքա՜ն թատրոն կա կյանքում. բա կնունքը թատրոն չի՞, հարսանիքը, թաղումը, բա մեր պառլամենտը թատրոն չի՞: Ամեն ինչն է թատրոն, աշխարհի ողջ անցուդարձը»,- ասում է թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը։

Արվեստագետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ իրեն մտահոգող որոշ հարցերի՝ նախապես նկատելով, որ իր հայացքները ոչ թե հոռետեսական են, այլ իրատեսական. «Երբ մենք նոր էինք անկախացել, ես կարծում էի, որ թե´ Ադրբեջանից, թե´ Վրաստանից շատ ավելի լավ վիճակում ենք, բայց, ցավոք, դա այդպես չէ. մենք բավականին հետ ենք մնում: Հայաստանն աղքատ է: Շատ-շատերը չարախնդում են դրա վրա: Ես չեմ կարող, որովհետև դա նույնն է, որ քո մոր վրա չարախնդաս: Հայաստանն իմ երկիրն է, իմ հայրենիքն է, և ես ցավ եմ զգում: Նույնիսկ եթե ինչ-որ հարցերում շատ կտրուկ եմ արտահայտվում, մեկ է, դրա տակ ցավն է»,- նշեց Ն. Ծատուրյանը՝ ընդգծելով, որ իրեն, մասնավորապես, շատ է հուզում այն հսկայական արտագաղթը, որ կա. «Մի անգամ գրախանութում տեսա, որ Ղուրան են վաճառում, ասացի՝ վերցնեմ կարդամ, տեսնեմ՝ ինչ է սրանց հավատքը: Գնեցի, տարա տուն, կինս տեսավ, զարմացավ՝ գժվե՞լ ես, սրանք ինչո՞ւ ես առել, ասացի. «Շուտով մենակ ես ու դու ենք մնալու Հայաստանում: Թուրքերը որ վրա տան, սա ցույց կտանք, որ մեզ չսպանեն»: Այստեղ և´ հումոր կա, և´ ցավ»,- նկատեց պարոն Ծատուրյանը:

Խոսելով Հայաստանի ներքաղաքական կյանքի, մասնավորապես, ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների մասին՝ Ն. Ծատուրյանն ասաց. «Ուղղակի մանկապարտեզ էր, ոչ մի լուրջ բան չկար: Կռվեցին, հետո՝ դե լավ, արի քեզ ներեմ… Ի՞նչը ներես: Ամեն մեկն իր կարծիքն ունի, իր սկզբունքները: Եթե դու դավաճանում ես դրանց կամ փոխում, չեմ հասկանում՝ ինչի՞ համար ես ապրում: Շատ հնարավոր է, որ սա խաղ է, բայց դու հավատարիմ մնա քո դիրքորոշմանը…

Խոսքի ազատությունը մեզանում սկսեց կաղալ. մեկին բռնում են, մյուսին՝ ծեծում… Միակ առավելությունը, որ ունեինք մեր «բարեկամ» Ադրբեջանի նկատմամբ, խոսքի ազատությունն էր, բայց հիմա սկսում ենք դա էլ կորցնել, ինչը կարող է շատ տխուր հետևանքների հանգեցնել»:

Անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ պատահած դեպքին՝ Ն. Ծատուրյանը նշեց, որ թեև երևանցի է, բայց շատ է կապված այդ քաղաքին, որովհետև շուրջ 15 տարի այնտեղ է աշխատում. «Հասարակության կրքերը մարեցին, մարդիկ հիասթափվեցին, երբ հասկացան, որ Պերմյակովին չեն հանձնելու հայկական կողմին: Պերմյակովի խոստովանությունը հորինված պատմություն է, իրականում հանցագործության հիմքերը շատ խորն են: Կարծում եմ՝ Պերմյակովը կապ էլ չունի»,- ասաց Ն. Ծատուրյանը՝ ընդգծելով, որ գյումրեցիներին ոչինչ չի կարող խեղճացնել. «Նրանք բավականին պինդ մարդիկ են, հումորն էլ է նրանց պնդացնում, նույնիսկ երկրաշարժի ժամանակ էին հումոր անում: Անգամ երկրի վիճակը ժպիտով բնութագրում են «կայուն անհուսալի»: Գիտե՞ք, ամենատխուր մարդը հումոր չունեցող մարդն է: Իսկ մեր պատգամավորները շա՜տ լուրջ են, շատ-շատ լուրջ են՝ «գործ ենք անում, չէ՞»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728