ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դեղերի հիմնական ցանկում ներառված դեղորայքի գների կանոնակարգման հարցին:
Արմեն Մուրադյանը նշեց, որ ԵՏՄ անդամ պետությունների դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի գները կանոնակարգված են:
Օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններին նախարարն առաջարկեց ձեռնարկել քայլեր դեղերի հիմնական ցանկում ներառված, ինչպես նաև չներառված թանկարժեք դեղերի գների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի օտարերկրյա դեղագործական ընկերությունների համար հայաստանյան շուկան ևս հետաքրքրություն ներկայացնի:
«Անվտանգ և որակյալ դեղերը մեր բնակչության համար պետք է լինեն նաև մատչելի: Պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է, Արմեն Մուրադյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:
ՀՀ առողջապահության նախարարություն