Այն, որ Հայաստանում առկա է կառավարման ճգնաժամ, արդեն իսկ ակնհայտ էր բոլորին: Սակայն հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը առավել քան ամրապնդեց մեր համոզմունքը, որ երկրում առկա է խորը համակարգային ճգնաժամ, և այն անհրաժեշտ է հաղթահարել քաղաքական կամքի դրսևորմամբ և սահմանադրական ճանապարհով:
Խորհրդարանական մեծամասնությունը կարծես թե գտավ այն աստեղային պահը, երբ իր համար այլևս անվտանգ է քննարկման դնել «կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ որոշման նախագիծը: Միգուցե ակնկալում եք նաև շնորհավորանքնե՞ր, բայց թույլ տվեք պնդել, որ ձեր ամենազորության պատրանքը ընդամենը կարճաժամկետ հեռանկար ունի:
Մոլորություն է, եթե ձեզ թվում է թշնամու տարածքում գրավել եք կարևոր բարձունք և այժմ անթաքույց բերկրանքի մեջ եք: Բայց մի մոռացեք, որ նույն երկրում ենք ապրում, որտեղ ձեր տարածքը գնալով փոքրանում է: Գործող ընդդիմությունն էլ ունի իր կայուն տարածքը, որտեղ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, և նրա նկատմամբ ձեր կարծեցյալ հաղթանակը հավասար է ժողովրդին պարտության մատնելուն: Հիշեցնեմ ձեզ, որ ժողովուրդը չի կարող վերջնական պարտություն կրել:
Անկախ նրանից, թե ինչ ընթացք կստանա այսօրվա քննարկումը, դուք չեք կարող հիմնավոր փաստարկներով հերքել երկրում կառավարման ճգնաժամի առկայությունը: Իսկ հանրապետական կուսակցության չակերտավոր ինտելեկտուալ հավաքից հետո ճգնաժամի առկայությունն այլևս հնարավոր չէ քողարկել:
Կարդացեք նաև
Որպեսզի պնդումս անհիմն չհնչի, ներկայացնեմ այս պահին առկա իրավիճակի նկարագրությունը, այն հիմնված է բացառապես փաստերի վրա: Դրանք օբյեկտիվորեն գոյություն ունեն, ոչ մի տեղ չեն կորչելու, ու եթե ոչ այսօր, ապա առաջիկայում պատուհաս են դառնալու իշխող մեծամասնության համար:
– Այսպես, ուրեմն, փաստ առաջին՝
վերը նշված ժողովի ժամանակ առաջին անգամ բաց տեքստով երկրի գործող նախագահի կողմից եղավ քաղաքական հետապնդումներ իրականացնելու ուղղակի հրահանգ: Ընդ որում, առանց տողատակերի ասվեց, որ մինչև հիմա աչք է փակվել իբր ինչ-ինչ իրավախախտումների վրա, սակայն այս պահից սկսած դրանք պետք է բացահայտվեն:
Ի՞նչ փաստացի հետևություն է բխում Սերժ Սարգսյանի խոսքերից: Ստացվում է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը, տեղյակ լինելով թույլ տրվող իրավախախտումներին, գիտակցաբար լռել է: Այսինքն, մարդը փաստացի արձանագրեց, որ ինքը և գործող համակարգը հանցակից է եղել այդ իրավախախտումներին: Այլապես ինչու՞ էին մինչև հիմա լռում: Այս փաստի արձանագրումը ոչ այլ ինչ է, քան երկրում օրենքի կիրառման բացակայության ուղղակի խոստովանություն:
– Փաստ երկրորդ՝
Սերժ Սարգսյանը նույնիսկ առանց քաղաքական պատշաճության կանոնները պահպանելու արձանագրեց, որ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ կիրառվելիք բռնաճնշումների պատճառն այն է, որ նրանք համարձակվել են համակարծիք չլինել սահմանադրական փոփոխությունների սարգսյանական ծրագրին և հանդես են գալիս որպես ընդդիմախոս, որի արդյունքում ձախողվում է սահմանադրական փոփոխությունների շուրջ ձևավորելիք քաղաքական կոնսոլիդացիայի գաղափարը:
Անձնական բնույթի անպարկեշտ վիրավորանքները, անպատասխանատու որակումները վկայում են այն մասին, որ գործող համակարգը ոչ մի աղերս չունի իրական քաղաքականության հետ: Մարդուն ընտրում է ժողովուրդը և միայն ժողովուրդը կարող է իր քվեով ամրագրել քաղաքական գործչի կշիռն ու հեղինակությունը: Ընտրակեղծիքների այն ծավալը, որով հանրապետականը ապահովում է իր վարչակարգի վերարտադրության համար, ուղիղ ապացույց է ձեր նկատմամբ ժողովրդի ունեցած անվստահության և երկիրը կառավարելու ձեր անկարողության մասին:
– Երրորդ.
նշված ժողովի ընթացքում, ըստ էության արձանագրվեց նաև, որ ցանկացած քայլ, որը միտված է օրինական ճանապարհով իշխանությունը փոխելուն, հանդիպելու է բռնի ուժի կիրառման:
Թվում է, թե այս հանգամանքը պիտի խոսեր համակարգի ուժեղ լինելու մասին: Երկարաժամկետ հեռանկարում իրականությունը ճիշտ հակառակն է: Ինքնավստահ, ուժեղ քաղաքական միավորն իրեն թույլ չի տա այնքան իջնել, որ անձնավորված մոտեցում դրսևորի հակառակորդ քաղաքական ուժերի նկատմամբ և անթաքույց սպառնա իրականացնել քաղաքական հաշվեհարդար: Սա ակնհայտ թուլության, անվստահության նշան է: Գործող նախագահը մինչև վերջ բացեց իր բոլոր խաղաքարտերը: Պարզվեց, որ շատ պարզունակ բռնության և կոմպրոմատի մեխանիզմից զատ վերջինիս զինանոցում այլ միջոց չկա:
Ակնհայտ է, որ քաղաքականությունից խոսող անձիք, բացի վարչական և ուժային մեխանիզմներից այլ պայքարի միջոց չունեն: Պարզվեց ևս մեկ բան՝ որ ժողովրդի համախմբումը այն հզոր ուժն է, որն իրական վտանգ և սպառնալիք է գործող համակարգին:
– Չորրորդ.
Հանրապետական խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մեծ պաթոսով խոսում էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունից՝ փաստարկելով որ դա շատ կարևոր է մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանության, մեր զավակների լուսավոր ապագայի համար:
Այս ամենի ամբողջ ցինիզմը կայանում է նրանում, որ սահմանադրությունից խոսելուն զուգահեռ Սերժ Սարգսյանը, դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, պետական մարմիններին ուղղված անմիջական հրահանգ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսելու քաղաքական հետապնդումներ:
Սա էլ ուղղակի վկայություն այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները որևէ աղերս չունեն օրինականության ամրապնդման կամ մարդու իրավունքների պաշտպանության հետ: Չէ՞ որ ներկայիս Սահմանադրությունը արդեն իսկ նախատեսում է իշխանությունների տարանջատման մեխանիզմ, որտեղ ամրագրված է նախագահի լիազորությունների սպառիչ ցանկը:
Գործող Սահմանադրությունը նախագահին իրավունք չի վերապահում ուղղակի հրահանգներ իջեցնել և կոպտորեն միջամտել իշխանության այլ ճյուղերի գործառույթներին: Իր այս քայլով Սարգսյանն ու հանրապետական «ինտելեկտուալ» վերնախավը ցույց տվեցին, որ Սահմանադրությունն իրենց համար ընդամենը թղթի կտոր է, որ փոփոխված սահմանադրությունն էլ լինելու է մեկ այլ թղթի կտոր, որն ընդամենը գործող վարչակարգին լրացուցիչ հնարավորություն է ընձեռնելու Հայաստանը դարձնել Ադրբեջանական մոդելի ժառանգական սուլթանություն:
Ամփոփելով ելույթս՝ նշեմ, որ առկա խնդիրները՝ համատարած աղքատությունն ու զանգվածային արտագաղթը չեն դադարել: Տնտեսական անկման դեմ որևէ հակաքայլ այս իշխանությունը չունի ու չի կարող ունենալ՝ տարատեսակ հակակոռուպցիոն հանձնաժողովներ ստեղծելու միջոցով, քանզի կոռուպցիան համակարգվում է հենց վերևից:
Որքան էլ համարեք, որ այս պահի քաղաքական խնդիրը լուծված է և հիմա ձեր իշխանությանը վտանգ չի սպառնում, ուզում եմ հիշեցնել, որ երկիրը կանգնած է վառոդի տակառի վրա, որն ամեն պահ կարող է պայթել: Հիշեք, ձեր իշխանությունը ժողովրդից կողոպտել է մոտ 20 միլիարդ դոլար՝ ստվերում պահելով երկրի տնտեսության երկու երրորդը, որի պատճառած վնասը կազմում է տարեկան ավելի քան 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ունեք 300 հազար արտագաղթած քաղաքացիներ, 37 տոկոս աղքատություն: Սրանք են ձեր հաղթանակի դափնիները: Վստահ եղեք, որ բռնաճնշումների՝ ձեր փորձարկած մեթոդներն ու կոմպրոմատային պրիմիտիվ գործելաոճը չեն կարող վիճակ փոխել՝ հատկապես որ ձեր բոլոր խաղաքարերը բացված են:
Ասեմ նաև, որ կարող եք հույսներդ չդնել ժողովրդի հիասթափության վրա, քանի որ ժողովուրդը հիասթափվելու խորքային պատճառներ չունի: Ընդդիմությունը ընդամենը ժամանակավորապես տեղի է տվել բռնաճնշումներին: Իսկ դա հիմք չէ հիասթափության: Այնպես որ, այս պահին մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն՝ վայելեք պահի հաճույքը, ապրեք կարճաժամկետ պատրանքներով, մինչև կառավարման ճգնաժամի իրողությունը նորից կստանա իր հուժկու դրսևորումը: