ԱԺ-ում դեռ շարունակվում է եռյակի հրավիրած արտահերթ քննարկումը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության թեմայով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախագծի քննարկման ժամանակ խոսեց ընդհանուր առմամբ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի մասին, Գյումրիի դեպքերի, ֆինանսատնտեսական խնդիրների մասին:
Պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Էդմոն Մարուքյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցրին, որ չգիտեն, թե ինչի համար են քվեարկելու, ոչ մի բան պարզ չէ, հասկանալի չէ: Խոսրով Հարությունյանը խնդրեց սահմանել, թե որն է ճգնաժամը, քանի որ, ըստ նրա, հնարավոր է այլ բաների մասին են խոսում եւ իրար չեն հասկանում: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ճգնաժամը մի վիճակ է, որը բերում է աղետալի փլուզման, վտանգում է օրգանիզմի բնականոն գործունեությունը»:
Նա վստահեցրեց, որ լավ էլ հասկանում են, թե որն է ճգնաժամը. «Ինչ ես ասացի, բոլորը հենց ճգնաժամի դրսեւորում է, եւ ճգնաժամի ապացույց է: Կարմիր գծին ենք արդեն հասել, պետք են արմատական փոփոխություններ: Դա այնպիսի բան է, որը դուք չեք կարողանալու անել, որովհետեւ ժողովուրդը ձեզ չի հավատում, չի վստահում արդեն»:
Խոսելով կոռուպցիայի մասին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իշխանությունները թվում է, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց մեկ-երկու ուսուցիչ են բռնում ու վերջ: Իրական կոռուպցիայի հեղինակները չեն պատժվում. «Բերանս բացե՞մ, ասեմ, թե ինչեր են պատմում, ոնց են կաբինետներում դարսում փողերը: Չեմ կարող անուններ տալ, ասել, թե ովքեր են պատմում, զարմացած են, թե ինչ մարդիկ են կանգնած երկրի ղեկավարությանը: Այդ մարդկանց անունները չեմ կարող տալ, որովհետեւ անմիջապես նրանց տեռորի կենթարկեք, ինչպես ԲՀԿ-ին»:
Կարդացեք նաև
Հետո Լեւոն Զուրաբյանը, դիմելով Խոսրով Հարությունյանին՝ նետեց. «Մի կոռուպցիոներ էլ դուք եք, դուք չգիտե՞ք, որ Սահմանադրությունն արգելում է պատգամավորին բիզնեսով զբաղվել: Կարող ա՞ դուք գիտեք՝ Երեւանում մարդ կա, որ չգիտի Խոսրով Հարությունյանի բիզնեսները: Այդպիսի մարդ կա՞»:
Խոսրով Հարությունյանը հարց էր ուղղել՝ «ասում եք, որ քաղաքական համակարգը հիվանդ է, քաղաքական համակարգի մաս է նաեւ ընդդիմությունը, նշանակում է, դուք էլ եք հիվանդ»:
Լեւոն Զուրաբյանը պատասխանեց նրան. «Լսեք, թող ընդդիմությունը հիվանդ լինի: Ես հիմա ձեզ չեմ բացատրելու, որ մենք շատ էլ առողջ ենք: Բայց, ասենք, հիվանդ է ընդդիմությունը, ամբողջ երկրի ղեկը ձեր ձեռքում է: Հիվանդը դուք եք ու ձեր իշխանությունն է: Երկրում ընտրակաշառքով ընտրություն է կազմակերպվում, իշխանությունը վերարտադրվում է՝ ճգնաժամից հետո: Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի ամենամեծ անկումը, ամենամեծ պրոբլեմները: Ձեզ էլ ի՞նչ է պետք ճգնաժամի համար, ե՞րբ պիտի հասկանաք»:
Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Ես ձեզ խորհուրդ կտամ այս ամբիոնն օգտագործեք ավելի կոռեկտ ձեր քաղաքական մտքերը շարադրելու համար: Իմ կենսափորձը եւ այստեղ շատերի կենսափորձը բավարար է, ոչ միայն ձեզ հասկացնելու, այլ մի ամբողջ քաղաքական ուժին հասկացնելու համար: Ասեմ՝ իմանաք: Ես պնդում եմ եւ Դուք էլ հաստատեցիք, որ ընդդիմությունը հիվանդ է, այսինքն, քաղաքական համակարգը հայտնվել է հիվանդ ընդդիմությունից ձերբազատվելու քաղաքական անհրաժեշտության առջեւ: Դա՞ եք դուք համարում ճգնաժամը»:
Խոսրով Հարությունյանն անպատասխան չթողեց նաեւ իր բիզնեսների մասին Լեւոն Զուրաբյանի քննադատությունը. «Ինչ վերաբերում է ինձ, բարեկա՛մս, նայեք դուք ինչ եք հագնում, ես ինչ եմ հագնում: Ձեր հագուկապը հեչ չի խոսում այն մասին, որ դուք բիզնես չունեք: Իսկ եթե բիզնես չունեք, ուրեմն կոռուպցիոներ եք, այլ կերպ եք ձեր ապրուստն ապահովում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ