Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացված 186 հեռախոսազանգերով բարձրացված հարցերից լուծում է տրվել կամ պատասխանվել 152-ին, իսկ մնացած 34-ը կատարման ընթացքում են: Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Պատասխանատուներին հանձնարարվել է քաղաքացիներին տրամադրվող պատասխաններում հիմք ընդունել Երևանի քաղաքապետարանի տարեկան և քառամյա զարգացման ծրագրային դրույթները: Քաղաքացիների ընդունելությունների հետ կապված էլ քաղաքապետը հանձնարարել է վարչությունների պետերի կողմից քաղաքապետարանում անցկացվող ընդունելությունների ցանկում ներառել նաև իրավաբանական վարչությունը և հանրությանը իրազեկել ընդունելության օրերի ու ժամերի մասին:
«Քաղաքացիների ընդունելությունների համար կազմված ժամանակացույցում պետք է ընդգկված լինեն բոլոր այն ստորաբաժանումները, որոնց աշխատանքը կապված է մեր համաքաղաքացիների հետ: Կազմեք նոր ժամանակացույց, որում ընդգրկված կլինի նաև իրավաբանական վարչությունը, և հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացրեք բնակչությանը: Բացի այդ, խստորեն հետևեք ընդունելությունների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Բոլորդ գիտեք, որ ժամանակ առ ժամանակ անձամբ եմ այցելում վարչական շրջաններում կազմակերպվող ամենշաբաթյա ընդունելություններին, և այսուհետ նույն սկզբունքով կփորձեմ նաև մասնակցել քաղաքապետարանում կազմակերպվող ընդունելություններին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների կատարած աշխատանքը գնահատման և վերլուծության համակարգում ներառելու վերաբերյալ քաղաքապետը հանձնարարել է առավել ակտիվացնել չափորոշիչների հաստատման գործընթացը՝ արդեն մարտից դրանք գործարկելու նպատակով:
Երևան քաղաքի առարկայական օլիմպիադաների ընթացքի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ տարածքային փուլն ավարտվել է: 16 առարկայի օլիմպիադաներին, որից 6-ն անցկացվել են առցանց, միասնական թեստերով, մասնակցել է շուրջ 4000 աշակերտ: Առջևում քաղաքային փուլն է:
Կարդացեք նաև
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ստեղծել մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն կտա բացառել կրկնակի հերթագրումները և հստակ տիրապետել հերթագրված երեխաների թվաքանակին:
Երևանի քաղաքապետարան